Հային հայ պահող թատրոնի ուժը


Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի ներկայացման առաջնախաղը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը Մայր բեմում հանդիսատեսի դատին հանձնեց 2004-ին: Բեմադրական հարուստ ավանդույթներ արձանագրած, ներանձնական մարդկային փոխհարաբերությունների հոգեբանական խորքերը պեղելու հնարավորություն ընձեռող հանրածանոթ թատերգության Ռաֆիկ Գրիգորյանի (ԱՄՆ) նոր մեկնաբանությունը ուշագրավ էր մի քանի առումներով: Դերասանախմբում ներկայիս աճեմյանցիների հետ համախմբվել էին կենսական ինչ-ինչ հանգամանքների բերումով Գյումրիի թատրոնից հեռացած բեմադրիչն (Մաուրիսիո) ու արդի հայ թատրոնի Մեծ տիկինը` Վարդուհի Վարդերեսյանը (Տատիկ): Եվ ստեղծագործական դաշինք կազմած` զարգացնում էին մելոդրամատիկ սյուժեի հուզառատ ատաղձը: Անահիտ Քոչարյան (Մարթա)-Հովհաննես Հովաննիսյան (Դիրեկտոր) զուգախաղով ներգործուն համոզչականություն էր հաղորդվում անսպասելի բռնկված սիրային պատմությանը` լրացուցիչ լիցքերով նպաստելով Օլգա Գուլազյանի անգերազանցելի կատարման դասական հիշողությամբ ներծծված Վարդերեսյան -Տատիկի վերապրած անձնական դրամայի ամբողջացմանը: Տպավորիչ էին Ֆելիսիան (Ռ. Թումասովա) և Բալբուան (Պ. Սուքիասյան)` ներկայացման կոնտեքստում հարկավոր չափով կարևորված: Այդուհանդերձ, թատերասերների ուշադրության կենտրոնում, բեմում հայտնվելու առաջին իսկ պահից, Վարդերեսյան-Տատիկն էր` երախտամոռ թոռան սպասումով միայն կյանքի վերջին օրերն իմաստավորող, երջանկության երանելի խաբկանքին կարոտ, բայցև` անաչառ, անդրդվելի, կանացի հմայքը ծերության քողի տակից ի դերև հանող: Ներանձնավորման ինքնահատուկ վարպետությամբ արտիստուհին ավարտական տեսարանում աննկատ կիզակետին է հասցնում հանդիսատեսի ներքին զգայական լարվածությունը` ինքնաբուխ արցունքներ հարուցելով իր կանգուն ծառ Տատիկի հպարտ կործանման պատկերով: Օրերս նույն Կասոնայով, որ հաջողությամբ ցուցադրվում է (Մաուրիսիոյի դերում սկսնակ շնորհալի դերասան Խորեն Լևոնյանի հանդես գալը առանձնակի սրում է տաղանդաշատ պապի գենետիկ անդրադարձը նրանում փնտրող թատերասերի հետաքրքրաշարժությունը) Գյումրիում փոքր-ինչ փոփոխված կազմով, տեղի ունեցավ աճեմյանցիների նոր թատերական հանդիպումը մայրաքաղաքի հանդիսատեսի հետ` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նույն բեմում: Լավ է, որ թատրոնի մարդկանց կոլեկտիվ ստեղծագործությունը երկարակեցության հայտ է ներկայացնում` օտար ափերից հայրենիք վերադարձնելով Ռաֆիկ Գրիգորյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում հեռավոր ԱՄՆ-ում ևս հայ թատերարվեստի ապրեցնող կրակով ուրիշի հողում ապաստան գտած հայրենակիցներին թատրոնի մոգական ուժով համախմբելու, ազգային նկարագիրը պահպանելու համար: Ժամանակ առ ժամանակ էլ բեմադրական աշխատանք է ծավալում նաև հայաստանյան տարբեր թատրոննե րում` այդպիսով ամրապնդելով կապը իրեն ծնած ու սնող մայր արմատների հետ, հագեցնելով կարոտի պապակը: Այս պարագայում այնքան էլ չես կարևորում բեմադրական աշխատանքի ինչ-ինչ անհարթությունների մասնագիտական մանրակրկիտ ու խստահայաց վերլուծությունը: Եվ Գրիգորյանի թատերական գործունեությունն արժեքավորում ես ամենից առաջ հայրենանվեր նկրտումների տեսանկյունից. ցանկալի պտուղները նրա տքնանքի ակնհայտ են` ուրիշի դրոշի տակ ապրող ու ստեղծագործող արվեստագետը հաստատում է հային հայ պահող թատրոնի անփոխարինելի, հզոր ուժը: Նունե ԱՍԱՏՐՅԱՆ Հուշամատյան. Պարույր Սևակ