Խոսք շնորհանդեսային ԵՐԲ ՎԻՍՈՑԿԻՆ է ԽՈՍՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ


«... Բայց մեկ է. Վոլոդյա, ես ու դու անպայման հանդիպելու ենք», իր գրքի հուզիչ վերջաբանում, սիմվոլիկ դիմելով Վլադիմիր Վիսոցկուն (իմա` Բարձունքին), մի տեսակ տխուր հավատով, ասում է հայ բանաստեղծը և, փա°ռք Աստծո, որ նրա ակնարկած այդ տխուր երկնային հանդիպումը, կայացավ արդեն երկրի վրա, նրա բանաստեղծությունների հայերենացման ուրախ առիթով, որի այսօրվա շնորհանդեսի մասնակիցներս, եկել ենք այստեղ` ջերմորեն սեղմելու մեր րնկերոջ ձեռքը, որի զրնգուն Անուն - Ազգանունն է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆ: ... Եվ իսկապես, ինչո՞ւ հատկապես Վլադիմիր Վիսոցկի, որն իրոք իր կենդանության օրոք ոչ միայն ոչ մի գիրք չունեցավ, այլև հիրավի «Ռուսիան ցնցած» նրա մահից հետո, դրանց հսկայաքանակ երևան գալն ու անմիջապես սպառվելն անգամ, չփարատեց այն թյուր կարծիքը, որ նրա երգերի տեքստերը հեռու են բանաստեղծություն լինելուց, և դրանք իրենց ոչ հեղինակային ձայնով ու կատարմամբ, այսպես ասած` չեն ընթերցվում: Ուրեմն մեծ ռիսկ էր պետք ոչ միայն այս կարծրակերպը հաղթահարելու, այլև կարողանալու (էն էլ թարգմանաբար)` հակառակն ապացուցելու, երբ իրոք իր ստեղծագործական յուրահատուկ դիմանկարով (բեմ, երգ, տեքստ, կատարում) և անկանխատեսելի վարքագծային պոռթկումներով (օղի, զենք, կանայք), նա եղել և մնում է, եթե ոչ համաշխարհային, ապա հաստատ ռուսական մշակույթի արտառոց երևույթներից մեկը: Բազում ապացույցներ մի կողմ թողած, մեկից ասեմ, որ դա արդեն վաղուց կայացած հայ բանաստեղծին հիմնականում հաջողվել է և հիմնականում, քանզի նույնիսկ գոհարակերտ թարգմանությունների արքա Թումանյանն ասել է. «Բոլոր թարգմանությունները ապակու տակ դրված վարդի են նման, գույնը կա` բուրմուն քը չկա»: Այս իրողությունը հնարավորինս մեղմելու ելքը, ինչպես հայտնի է, իմաստային թարգմանությանն ապավինելն է, ինչն արդեն անթերի վարպետությամբ իրագործել է մեր ընկերը: Կա նաև հաջողության մեկ ուրիշ գաղտնիք, որը ևս առկա է այստեղ: Անհնար է որևէ գործ լավ թարգմանել, եթե դա ու նրա հեղինակը քո մենթալիտետին (ինչ զզվելի բառ է) և անձամբ քեզ` հոգեհարազատ չեն: Այո, նրան միջուկով ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, որ Հովիկն էլ է ճակատագրի մարդ, որ նրա ջուրն էլ է ուրիշ ջրեն, որ նրան էլ չթողեցին վախտին բացվելու և նա էլ է ինչ-ինչ վաթ-վաթիկների «քաղերումեն» բեզարածներից, որոնց կյանքի հետայդու ուղուն ևս խիստ բնութագրական է Գևորգ էմինի թևավոր խոսքը` անշուշտ, ոչ իր ուղղակի առումով. «Ձեզ ո՞վ էր ասում մեզ էդքան սեղմեիք, որ ադամանդ դառնայինք», իհարկե խոսքը պետքականության մասին է, որն անկախ որևէ սինլքորի սադրանքներից, նման մարդիկ երբեք չեն կորցնում: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆԻ առումով դա խտացված է արդեն մեկ տասնյակի հասնող նրա իմաստալի գրքերի մեջ (հատկապես «խեցի»-ի) այն դեպքում, երբ էդ վնասատուների ազգանունները անմահանալու են լոկ իրենց կեղտոտ հրամանագրքերի մեջ, որոնց տեղն, ի վերջո, նաև իրենց արժանի աղբարկղն է լինելու: Սակայն սա թողնենք, որ խոսքիս վերջին «ակորդները», նորից ձոներգին վայել հնչեն: Այո, թարգմանությունը հիմնականում ստացվել է` աչքի ընկնելով նաև մեկ ուրիշ յուրահատկությամբ: Դա հատկապես բազմաենթատեքստ ժարգոնային բառերի անթերի հայերենացումն է, որն արդյունք է մեր, հիրավի արքայական լեզվի հոմանիշային բարդ համակարգի անթերի իմացության, ինչը բոլոր թարգմանիչներին չէ, որ բնորոշ է... Մի խոսքով, կեցցես, իմաստուն մարդ, համով ու անդավ ընկեր, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՋԱՆ: Ընդունիր նաև բոլորիս սիրելի «Ավանգարդի»` հենց այս էջում քեզ հղված մեր համբույրները` Վահրամի (որդուս), Արամի (Հարությունյան), Վալտերի (Այդինյան) և իմ կողմից, չհաշված Մարինա Վլադիի գեղեցկության տեր այն չքնաղ աղջկա, որը խոստացավ իր անունը լոկ քեզ շշնջալու, երբ դու բոլորիս, նաև քո պահապան հրեշտակին (իհարկե կնոջդ, սիրելի Լարիսային, որին նվիրել ես գիրքդ) կհրավիրես Գեղարդ` շնորհանդեսի մոմեր վառելու: Քո Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ Հ. Գ. - Ինչպես էդիթ Պիաֆի, այնպես էլ այլ կուռքերի գերեզմանին անընդհատ թարմ ծաղիկներ են լինում: Այսօր որդուս` Վահրամի խնդրանքով Մոսկվայում, ի նշանավորումն քո այս գրքի շնորհանդեսի, Վիսոցկու գերեզմանին թարմ ծաղիկներ կդնի ռուս նշանավոր բանաստեղծ, մեր ընտանիքի բարեկամ Եվգենի Ռապապորտը, որը նաև բախտ է ունեցել, 1968թ.-ին իմ ուղեկցությամբ հյուրընկալվելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին` հետագայում նրա պայծառ հիշատակին նվիրելով «Հայաստանի սուրբ քարերը» այն հայտնի գիրքը, որի շնորհանդեսին, հենց Տագանկայում համերգ է տվել նրա մոտ ընկեր Վլադիմիր Վիսոցկին: