Նախընտրական շտաբի պետը խոստովանել է


Մ. Կասյանովի նախընտրական շտաբի պետ Ռուստամ Աբդուլինը հունվարի 11-ին ձերբակալվել է Զեյլոնի Դոլ կայարանում` Յոշկար Օլա-Մոսկվա երթուղու գնացքում: Նրա ուղեբեռում հայտնաբերվել է 50 հազար թերթիկ` Կասյանովի թեկնածության գրանցումը սատարող ստորագրություններով, որոնց մեծ մասը, ըստ իրավապահների կանխավարկածի` կեղծված են: ՌԴ դատախազությանն առընթեր Մարի Էլ հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել` Քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասով` «Ընտրական փաստաթղթերի կեղծում»: Աբդուլինին մեղադրանք դեռ չի ներկայացվել. նա չբացակայելու ստորագրություն է տվել: Ի ԴԵՊ. Կեղծված ստորագրությունները հայտնաբերվել են ստուգված 400 հազար ձեռագրերից: ԿԸՀ-ն ևս 200 հազար ձեռագրեր է ստուգում, և եթե դրանցում էլ խոտանի բարձր տոկոս գրանցվի, ապա էքս-վարչապետն հիմնավորապես «կորակազրկվի»: Ինքը` Կասյանովը լրագրողներին ասել է. - Ես չեմ պատկերացնում չգրանցելու սցենարը, եթե միայն կոնկրետ Պուտինի որոշումը չլինի: Բայց դրան չեմ հավատում: Հետո ավելացրել է. - Ստորագրությունների հանձնումը քաղաքական հարց է, իսկ ստուգումը` ոչ քաղաքական: Կան մարդիկ, ովքեր դրանից գլուխ են հանում, և նրանք են դրանով զբաղվում: Մեր ներկայացուցիչները մշտապես կապ են պահպանում ԿԸՀ-ի հետ և տեխնիկական խնդիրներ լուծում: Մենք դիմել ենք գլխավոր դատախազին, և կասկած չկա, որ ԿԸՀ-ն ինձ գրանցելու որոշում կկայացնի: Կասյանովն ասել է նաև, որ իր փաստաթղթերը գրանցման ներկայացնելուց անմիջապես հետո տարածքներում աննախադեպ ճնշումներ են սկսվել ստորագրահավաքի ակտիվիստների նկատմամբ. նրանց սպառնացել են խուզարկել, ազատել աշխատանքից, ձերբակալել: Այս ամենը թեկնածուն որակել է որպես ապօրինության գինարբուք. - Իշխանությունը վախենում է քաղաքական շիտակ պայքարից և ստեղծում է վախի ու խայտառակության մթնոլորտ: Իսկ քաղաքագետները այլ կարծիք են հայտնել. դեռ հարց է, թե Միխայիլ Միխայիլովիչի հեղինակության համար որն է ավելի շահեկան` ընտրություններում ջախջախիչ արդյո՞ւնքը, թե՞ սպառնալիքի մթնոլորտում նրան ընտրապայքարից հանելը: