Կողմերի հայեցակարգային տարաձայնությունները պահպանվում են, սակայն կարող են հաղթահարվել


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընդհանուր մթնոլորտը լարված է, սակայն դրական: Այդ մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Մենք ակնկալում ենք, որ կողմերին կհաջողվի ընթացիկ տարում պայմանավորվածություն ձեռք բերել հիմնարար սկզբունքների շուրջ: Հայեցակարգային տարաձայնությունները պահպանվում են, սակայն ցանկության դեպքում դրանք կարող են վերացվել»,- նշել է Բրայզան: «Վերջին այցելության ընթացքում մենք ծանոթացանք Մադրիդում ԱԳՆ ղեկավարներին ներկայացված փաստաթղթի առնչությամբ երկու երկրների նախագահների կարծիքին: Կողմերը որոշ մտահոգություններ և ցանկություններ ունեին, և մենք կփորձենք դրանք հաշվի առնել: Ցանկացած դեպքում, խոսքը չի գնում միանգամայն նոր փաստաթղթի կամ նոր սկզբունքների մասին»,- նշել է Բրայզան: Դիվանագետը փաստորեն հաստատել է, որ հիմնարար սկզբունքները ենթադրում են զորքերի դուրս բերում գրավյալ տարածքներից, ադրբեջանցի փախստականների վերադարձ, խաղաղապահ ուժերի մտցնում, Հայաստանի և Ղարաբաղի միջև կապերի պահպանում և հետագայում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացում: Բոլոր այս գաղափարները գոյություն ունեն, սակայն դրանք կարող են իրականացվել բոլոր կետերի առնչությամբ միաժամանակ համաձայնության ձեռքբերումից հետո, ասել է Բրայզան: Պատասխանելով տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ հարցին`Բրայզան ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ԱՄՆ գերակայություններից մեկն է: «Մենք գիտենք նաև, որ հայկական կողմը ցանկանում է, որպեսզի հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իմ և մյուս համանախագահների խնդիրն է`համոզել կողմերին փոխզիջումների անհրաժեշտության մեջ: Դա ամենադժվարն է, սակայն դրան կարելի է հասնել»,-գտնում է դիվանագետը: ԱրմԻնֆո