Մասնավոր կապիտալի հասարակական կոչումը


Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հսկաներից մեկի` «Ֆորդ» կոնցեռնի հիմնադիր Հենրի Ֆորդը մի առիթով նշել է, թե «այն մասնավոր կապիտալը, որը չի ծառայում հասարակության բարօրությանը, կապիտալ չէ»: Այս բանաձևում ամրագրված է մասնավոր կապիտալի հասարական նշանակության իմաստուն բնորոշումը: Այն մեծահարուստը, ով դա չի գիտակցում, ով իր հարստությունը ծախսում է միայն սեփական ցուցամոլական կարիքների բավարարման համար` տգետ ու սահմանափակ մարդ է: Բոլոր այն երկրները, որոնք կապիտալիզմի արշալույսից ի վեր հասել են տնտեսական ու ռազմական հզորության, բնակչության կենսամակարդակի` մեզ համար դեռ շատ երազելի բարձրության, իրենց նվաճումների համար պարտական են Հենրի Ֆորդի ձևակերպած այդ մտքին: Այո, կապիտալը շատ մեծ բարիք է, եթե ծառայում է ոչ միայն իր տիրոջ անձնական բարեկեցությանը, ողջախոհության սահմանները չանցնող նրա պահանջմունքների բավարարմանը, այլև` հասարակությանը: Խորհրդային տարիներին մեզ սովորեցնում էին, թե ըստ Մարքսի` «Կապիտալը արժեք է, որը մարդու կողմից մարդուն շահագործելու միջոցով ստեղծում է հավելյալ արժեք»: Սա մարքսիզմի աղավաղում էր կամ գիտակցված նենգափոխում: Մարքսը կապիտալի համար տվել է ոչ միայն վերը բերված, այլև 2 այլ բնորոշում` «Կապիտալը շարժում է», և` «Կապիտալը հարաբերություն է մարդկանց միջև»: Անվերապահորեն ճշմարիտ են թե մեկը, թե մյուսը: Առանց շարժման, առանց շրջապտույտի կապիտալը, վերջ ի վերջո, դատապարտված է մահվան, սպառման: Իսկ առանց կապիտալի տերերի և դրանից զրկվածների միջև բնականոն ու մարդկային հարաբերությունների` կապիտալն ուղղակի դառնում է չարիք, ընդամենը ընդգծում է ունևորի և ընչազուրկի սոցիալական անհավասարությունը և հրահրում սոցիալական դժգոհություններն ու հեղափոխությունները` իրենց արյունոտ ու կործանարար հետևանքներով: Որպեսզի հասարակությունը ինքն իրեն ապահովագրի սոցիալական ցնցումներից, կապիտալի տերերը ուղղակի պիտի մտահոգվեն երկրում քիչ թե շատ արդարացի սոցիալական կարգեր հաստատելու, ծայրահեղ աղքատությունը վերացնելու, բոլորի համար տանելի կենսապայմաններ ստեղծելու մասին: Մարքսն ամենևին հիմար չէր, նա իրոք ճիշտ էր նկատում, որ կապիտալիզմը ենթադրում է մարդու կողմից մարդու շահագործում: Հիմարը նա է, ով չի հասկանում, որ այդ շահագործումը չպետք է անցնի չափն ու սահմանը, չպիտի հանգեցնի շահագործվողի վերջին շապիկը վրայից հանելուն, նրանից յոթ կաշի քերթելուն, նրա արժանապատվությունը վիրավորելուն, ցանկացած պահի աշխատանքից դուրս շպրտելուն, դիմացինի իրավազրկությունն ու սեփական գերազանցությունը նրա աչքում ընդգծելուն… Մարքսից ու Ֆորդից հետո շատ ջրեր են հոսել, կապիտալիզմը շատ է քաղաքակրթվել ու առաջ գնացել: Ոչ մի զարգացած երկրում չկա գործատուի ու վարձու աշխատողի միջև այնպիսի հարաբերություն, ուր ընդգծվում է առաջինի արտոնյալ և երկրորդի կախյալ վիճակը: Նման հարաբերությունը հատուկ է միայն արևելաասիա կան հետամնաց հասարակություններին: Զարգացած երկրներում մեծահարուստ խավի ինքնասիրությունը շոյվում է բոլորովին այլ կերպ` հասարակության մեջ բարիքներ ստեղծելու, արարելու, արտադրելու գործում նրանց ունեցած ավանդի չափը շեշտելով: Նույն Միացյալ Նահանգներում գործում է քաղաքացիներից հարկեր գանձելու մի չափազանց անհավասար սանդղակ` ով քիչ եկամուտ ունի` նրանից քիչ եկամտահարկ է գանձվում, ով շատ եկամուտ ունի` նրանից ավելի մեծ եկամտահարկ է գանձվում: Կան մեծահարուստներ, որոնց եկամտի 95 տոկոսը փոխանցվում է պետական բյուջե: Արտադրություններ կան, որոնց տերերի եկամուտը 100 տոկոսով փոխանցվում է պետբյուջե: Այդպիսիների «օգուտը» մնում է միայն այն հպարտ գիտակցությունը, որ իրենք, որպես հասարակության անդամ, տասնյակ ու նույնիսկ հարյուր հազարավոր աշխատատեղեր են ստեղծում երկրի մյուս քաղաքացիների համար: Այլ խոսքով` մարդու, տվյալ դեպքում կապիտալիստի հեղինակությունը չափվում է հասարկության բնականոն կենսագործունեության մեջ նրա ունեցած ավանդի մեծությամբ. ինչքան շատ սոցիալական մուծումներ է կատարել, ինչքան շատ աշխատատեղ է ստեղծել` այնքան նրա պատիվն ու հարգանքը մեծ է պետության ու հասարակության մեջ: Ահա` ինչու է Արևմուտքում ընդունված հրապարակել ամենաշատ եկամտահարկ վճարողների, ամենամեծ սոցիալական մուծումները կատարողների ցուցակները: Այդ ցուցակներում գտնվելը, առավել ևս դրանց վերին հորիզոնականներն զբաղեցնելը մեծագույն հպարտության աղբյուր է յուրաքանչյուր մեծահարուստի համար: Եվ հասարակությունը նրանց հենց այդ կերպ էլ գնահատում է, արժանացնում հարգանքի ու պատվի: Մեզանում նույնպես պրակտիկա է դառնում 300 ամենախոշոր հարկատուների և 3 միլիոն դրամից ավել սոցիալական մուծումներ կատարողների ցուցակների հրապարակումները: Անցյալ շաբաթ հրապարակվեցին 2007 թ.-ի ցուցակները: Ուշադիր կարդացի և ինձ, որպես այս երկրի շարքային քաղաքացի, ուղղակի պարտավորված եմ զգում երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ընդգրկված էին այդ ցուցակներում: Ապրեն իրենք, կամաց-կամաց դառնում են…քաղաքակիրթ կապիտալիստ ներ, սկսում են հասկանալ, որ իրենց կապիտալը միայն իրենցը չէ, նաև` հասարակությանն է առաջին հերթին ծառայում, պետության հզորացմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Ինձ ցավ պատճառեց միայն մեկ բան` խոշոր հարկատուներից յուրաքանչյուրի ստեղծած աշխատատեղերի փոքր թվաքանակները: Ըստ «ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների» ցանկի տվյալների` մեր երկրում 5 հազարից ավելի աշխատող ունի միայն 2 կազմակերպություն` Հայաստանի էլեկտրական ցանցերն ու «Հայռուսգազարդը» (համապատասխանաբար` 7948 և 5596 հոգի), 1000-ից ավելի աշխատող ունի սոսկ 21 կազմակերպություն (առաջին երկուսը ներառյալ), մյուս 422-ը ունեն 100-ից ավելի, բայց 1000-ից պակաս աշխատողներ: Երբ այս ցանկում հիշատակվելու արժանի կհամարվեն միայն նրանք, ովքեր ունեն նվազագույնը 1000 աշխատատեղ, և այդպիսիների ցուցակը նույնպես կներառի մի քանի հարյուր կազմակերպություն, միայն այդ դեպքում մենք կարող ենք վստահաբար ասել, որ մեր երկիրը ոտք է դրել զարգացման լայն ու վստահելի ճանապարհի վրա…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ