Փորձած թանն ավելի լավ է, քան անփորձ մածունը


Ավարտվեց ՀՀ Նախագահի նախընտրական պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթը: Իրականում ընտրապայքարն ավելի վաղ էր սկսվել: Դեռևս խորհրդարանական ընտրությունները քաղաքական գործիչները համարում էին երկրի Նախագահի ընտրությունների նախերգանք: Այս ընտրություններում, Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ, մասնավորապես ՀՅԴ ներկայացուցիչները կարծիք էին հայտնել, թե նրա առաջադրվելը կնպաստի, որ ընտրապայքարն անցնի գաղափարական հողի վրա: Այսօր արդեն, թերևս , կարելի է ասել` այդ կանխատեսումներն իրականանում են: Երկրի նախագահի բոլոր` 9 թեկնածուներն էլ քաջածանոթ են հասարակությանը թե° իրենց կենսագրությամբ, թե° գործունեությամբ, պետականության հաստատման գործում ունեցած իրենց ներդրումով և թեկնածուների նախընտրական խոստումները` հատկապես աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման մասին, թերևս, երկրորդական պլան են մղվում: Քաղաքական ակտիվությամբ միջին ընտրողը ենթագիտակցությամբ այսօր առաջնային է համարում ազգային, ինչպես նաև արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցերում հանրապետության ապագա նախագահի և նրա ներկայացրած քաղաքական ուժի (կուսակցության) դիրքորոշումը: Անցած կիրակի, հունվարի 27-ին, լրացավ Ղարաբաղյան շարժման 20-ամյակը: 1988-ի այդ օրը Ստեփանակերտի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում ծնվեց «Միացում» կարգախոսը և ընդամենը մեկ օր անց արձագանքվեց Երևանում, իսկ հետո էլ տարածվեց աշխարհի բոլոր այն ծագերում, որտեղ հայկական համայնք կար… Արյան ու զրկանքների գնով ծնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1994-ի մայիսին Ադրբեջանը, հայ ազատամարտիկների բազկի ուժից պարտված, ստիպված հրադադարի պայմանագիր ստորագրեց: Բայց… Հայաստանի վերին իշխանության, Հանրապետության առաջին նախագահի գլխում այլ, թերևս, շատերի համար անհասկանալի «քամիներ ծնունդ առան»: Իսկ երբ Ղարաբաղի հարցում իր որդեգրած պարտվողական քաղաքականության պատճառով նա ստիպված եղավ հրաժարական տալ, հայտարարեց` «…իշխանության է գալիս պատերազմի կուսակցութ յունը»: Ըստ էության, այս հայտարարությամբ առաջին Նախագահը դանդաղ գործողության ական փորձեց դնել Հայաստանի նոր իշխանության ճանապարհին` վտանգելով միջազգային ասպարեզում երկրի վարկը: Այսօր էլ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել, նշում է` Ղարաբաղը ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում չի ընդունի խնդրի կարգավորման Լևոն Տեր-Պետրոսյանի նշած ուղին: Ըստ էության, էքս-նախագահը չի հրաժարվել իր պարտվողական քաղաքականությունից: Այսօր, նրա համոզմամբ, Հայաստանը 80 հազարանոց բանակ պահելու կարիք չունի. բավական է 15 հազարանոցը: Նրա այս համոզմունքը երկրի ներկայիս ղեկավարի (թերևս, ոչ միայն նրա) դառը քմծիծաղն է հարուցում: Ռ. Քոչարյանը չի էլ կասկածում, որ նախագահ դառնալու պարագայում նա այդպես էլ կանի` «…եթե Ղարաբացը հանձնի և շարունակի Ադրբեջանի հետ քիրվայություն անել ու դառնա Թուրքիայի փոքր եղբայրը»: Ինչպես նշում են ռուս քաղաքագետները, իշխանության ընտրությունը կայանում է երկրի զարգացման` անցյալի, ներկայի հնարավոր ապագայի միջև համեմատության տիրույթում: Նույնիսկ այս և իրատեսական այլ եզրահանգումները ՀՀՇ-ի առաջնորդի վերադարձի օգտին չեն: Իսկ ինչ վերաբերում է Հանրապետության նախագահի մյուս թեկնածուների հաղթանակի հավանականությանը, ապա ավելորդ չէ մտաբերել ժողովրդական ասացվածքը` «Փորձված թանն ավելի լավն է անփորձ մածունից»: Այս իմաստով, «Հանրապետական» կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրելի է Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, թերևս, նաև ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար: Ս. Սարգսյանը կանխատեսելի և համագործակցության կողմնակից քաղաքական և պետական գործչի համբավ ունի: Եվ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման հեռանկարը Ռուսաստանը կապում է հատկապես նրա հետ: Այս մասին արդեն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են ռուս քաղաքագետները: Հանգամանք, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ հայ ընտրողի կողմնորոշման վրա: Առավել ևս` ռուսական կողմնորոշումը միշտ ավելի գերակա է եղել Հայաստանում:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ