Սևի և սպիտակի արանքում


Դատելով նախընտրական զարգացումներից` Նախագահի առաջիկա ընտրություններում իր ոչ փոքր դերակատաթյունն է ունենալու նաև ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Անկախության հռչակմանը հաջորդող տարիներին, ինչպես հայտնի է, նրան հաջողվել է մի կարճ շրջան բարձր ու պատասխանատու պետական պաշտոններ զբաղեցնել: Հետագայում գործելով ընդդիմադիր դաշտում` նա իր նոր կերպարի մեջ հաջողությամբ կարողացել է ինքնադրսևորվել` հատկապես նախկին իշխանությունների հետ քաղաքական ակտիվ պայքարի շրջանակներում: Հետագայում, ինչ-ինչ պատճառներով նվազեց թե° նախկին Վարչապետի ու Պաշտպանության նախարարի քաղաքական ակտիվությունը, թե° քաղաքական գործընթացներում ունեցած դերակատարությունը: Ավելին, կարելի է ասել, որ վերջին տարիներին վերոնշյալ երկու գործոնները շարունակաբար փոխլրացրել են իրար: Արդյունքում այս քարոզարշավին ԱԺՄ նախագահը մրցապայքարի է ելել նվազած կուսակցական ռեսուրսով, նյութական համեստ հնարավորություններով, ընտրողների հետ հանդիպումների սահմանափակ գրաֆիկով և, ինչպես տեղական ու օտարերկրյա սոցհարցումներն են վկայում, բավական ցածր վարկանիշով: Մեկնաբանները սիրում են կրկնել, թե Վ. Մանուկյանը անփոխարինելի մրցակից է հատկապես առաջին Նախագահի համար: Սակայն տվյալ դեպքում Լ. Տեր-Պետրոսյանը ԱԺՄ նախագահի հետ «կիսելու բան» առանձնապես չունի, քանի որ այս մրցապայքարում նրանց քաղաքական շահերը պարզապես չեն համընկնում: Միգուցե իրավիճակը բոլորովին ուրիշ լիներ, եթե նրանց հաջողեր միավորվել: Սակայն, գնալով ավելի պարզորոշ է դառնում, որ այդ միավորումից Վ. Մանուկյանը շահելու ոչինչ չէր ունենա, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի հետ նրան աշնանային բանակցությունների անհաջող ելքի պատճառով գրեթե անվերադարձ կորցրեց ոչ այնքան փոքր քաղաքական կշիռ ունեցող իր երբեմնի դաշնակցին ու մրցակցին: Համենայնդեպս, կուլիսային խոսակցություններում և մամուլի էջերում հայտնվող իր տեսակետներում Վ. Մանուկյանը դրական կարծիք է հայտնել իր մրցակիցներից միայն Վ. Հովհաննիսյանի և Ա. Բաղդասարյանի մասին: Անկախ առաջիկա զարգացումների հնարավոր անակնկալներից` արդեն հրապարակի վրա է Նախագահի թեկնածու Վ. Մանուկյանի նախընտրական ծրագիրը, որն իր համեստ ծավալով հանդերձ` նույնպես ուշագրավ, հետևաբար քննարկման արժանի բազմաթիվ հետաքրքիր դրույթներ ու եզրահանգումներ է պարունակում: Սակայն նշենք, որ Վ. Մանուկյանին այդպես էլ չի հաջողվում ձերբազատվել 95-96 թվականների «կոմպլեքսից», և նրա այս ծրագիրը նույնպես ծայրեծայր խարսխված է նշված շրջանի քաղաքական տրամաբանության վրա: Ցանկացած պարագայում ելակետը, կարծեք թե, այս ժամանակահատվածն է, և փաստորեն ընդդիմության այդ տարիների լիդերը այդպես ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել, որ ավելի քան տասնամյա ջրբաժանն այսօր միմիայն խանգարելու է իրեն: Թերևս հարկ չկա հատուկ հիմնավորել, որ ներկայիս քաղաքական պայքարի պայմաններն ու պահանջները գերազանցապես չեն համընկնում այն շրջանի խնդիրներին ու հեռանկարներին: Ինչևէ, նախորդ քարոզարշավների օրինակով առաջարկելով տեր կանգնել մեր հաղթանակներին` ծրագրի հեղինակն իսկույն հավելում է, թե խոսքը բոլորովին էլ բարոյական հաղթանակ ների մասին չէ: Նրա կարծիքով, անհասկանալի պատճառներով և ավանդական մոտեցման ազդեցությամբ մենք նման հաղթանակներ մեր պատմության խորքերում ենք փնտրում: Մինչդեռ այդպիսիք եղել են ու կան նաև մեր ժամանակներում: Ու դրանից բխեցնելով` Վ. Մանուկյանը հասարակության առաջընթացի անփոխարինելի տարբերակ է համարում իր նշած հաղթանակներին տեր կանգնելը` համոզված, թե միայն այդ դեպքում երկիրն ապագա կունենա: Հակառակ պարագայում, ըստ թեկնածուի, ստիպված ենք լինելու միայն բարոյական հաղթանակներով սփոփվել: Իրար հաջորդող իշխանությունները կատարյալից հեռու համարող ԱԺՄ նախագահը գործող համակարգի թերությունները նախորդ բոլոր ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքներով է պայմանավորում: Ընդհանրապես նրա ծրագրում ոչ այնքան հրատապ այս թեմային նույնպես բավական մեծ տեղ է հատկացված: Թեպետ ԱԺՄ-ն վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում չափազանց պասիվ դերակատարություն է ունեցել, իսկ խորհրդարանական վերջին քվեարկությանն էլ ընդհանրապես չմասնակցեց, այդուհանդերձ կուսակցության առաջնորդը վստահաբար նշում է, թե. «չեն գործում ընտրական մեխանիզմերը, և մարդկանց մեծ մասը չի հավատում արդար ընտրության գաղափարին»: Կարելի է ենթադրել, որ նման երաշխիքներ Վ. Մանուկյանը չունի նաև ներկայում` հակառակ «մինչև վերջ» գնալու ակնհայտ ցանկությանը: Այստեղ ակամայից հիշարժան են դառնում հայրենի կուսակցությունների շրջանում բոլոր ընտրություններից դեռ շատ առաջ թափ առնող խոսակցությունները ազատ և արդար քվեարկություն կազմակերպելու մասին, որոնք սովորաբար զրոյական կամ դրան շատ մոտ արդյունքով են եզրափակվում: Ասվածը քննարկման առանձին թեմա համարելով` նկատենք, որ Վ. Մանուկյանի քաղաքական վերաակտիվացման «հետևանքները», թերևս, մի քանի շաբաթից արդեն կերևան: Իսկ մինչ այդ, շարունակելով ծանոթանալ նախընտրական ծրագրին, նկատենք, որ քաղաքական փորձառության պակաս չունեցող այս թեկնածուն թեև որոշ դրույթներում չի կարողանում խուսափել պոպուլիզմի ազդեցությունից, այդուհանդերձ իրատեսորեն գտնում է, որ. «իշխանության բոլոր ճյուղերում առկա խնդիրները մեկ հարվածով լուծելն անհնար է»: Այստեղ հետաքրքրական է հակասությունը նույն տեղում արձանագրված այն գնահատականին, որի համաձայն. «այսպես շարունակելն անթույլատրելի է: Մենք չունենք դրա իրավունքն ու ժամանակը»: Ընդհանուր առմամբ, միջին դիրք գրավելու կամ, ինչպես ասում են, երրորդ ուժի դիրքերից հանդես գալու միտումն առկա է նաև այս թեկնածուի մոտեցումներում: Նա մերթ դրվատանքի խոսքերով է գնահատում իշխանության վերջին տարիների գործունեությունը, մերթ ընդգրկուն, համատարած բարեփոխումների մասին է ակնարկում: Արդյունքում, որքան էլ դժվար լինի Վ. Մանուկյանին անիրատեսության համար մեղադրելը, այդուհանդերձ, ծրագրի խիստ ընդհանրական լինելն էլ իր հերթին է նման եզրահանգման տեղիք տալիս: Մյուս կողմից էլ` նման գնահատականն, այնուամենայնիվ, լիովին հիմնավոր չէ: Մի՞թե իր ունեցած հնարավորությունները ամենից լավ հենց ինքը` թեկնածուն չի գնահատում ու պատկերացնում: Թերևս դա այդպես է: Հետևաբար փոքր չէ նրա ինքնաբացարկի հավանականությունը: Նախկին պաշտոնյան ու երդվյալ ընդդիմադիրը լուրջ, սակայն քողարկված դժկամությամբ է ընդունում թե° գործող Վարչապետի հաղթարշավը, թե° իր անհաշտ հակառակորդ Լ. Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանին հիմնական մրցակից լինելու հանգամանքը: Էլ չասած` իրենից շատ ավելի երիտասարդ թեկնածուների` ասենք Վահան Հովհաննիսյանի ու Արթուր Բաղդասարյանի քարոզչական խոստումնալից մեկնարկի մասին… Վերջիններիս հետ Վ. Մանուկյանը թեպետ երբեմն-երբեմն շփվում է, սակայն նրանց ոչ նվազ ներուժն էլ իր հերթին է նրա կողմից դժվարությամբ «մարսվելու» և ընդունվելու: Կարճ ասած, տևական դադարից հետո Վ. Մանուկյանի ընտրական վերադարձը առայժմ նշանավորվել է միայն այսպես կոչված սևի և սպիտակի արանքում տեղավորվելու` առայժմ անարդյունք փորձերով: Իսկ եզրագծից` տվյալ դեպքում փետրվարի 19-ից մեզ բաժանող կարճ ժամանակահատվածը հազիվ թե «փրկության», այլ կերպ ասած, իրավիճակից հաջողությամբ դուրս գալու ելքեր նախանշի բազմափորձ Մանուկյանի համար: