Առօրյա պարտավորություն


Եթե մի օր դուրս գանք փողոց և հետաքրքրության համար պատահական անցորդների հարցնենք` արդյո՞ք գոհ են իրենց կյանքից, վստահ եմ մեծամասնությունը բացասաբար կարձագանքի: Ընդ որում պարտադիր չէ, որ այդ մարդիկ անպայման լինեն խոցելի խավի ներկայացուցիչներ: Սա արդեն ոչ թե սոցիալական, այլ ավելի շատ հոգեբանական խնդիր է, անունն էլ` դժգոհություն կամ բողոքելու հակում: Հաճախ` կարևոր չէ, թե փաստերն ինչ են արձանագրում, կարևոր է, թե մենք ինչպես ենք դրանց վերաբերվում: Բողոքելը կամ ոչնչով չգոհանալը դարձել է մեր կյանքի անբաժան բաղադրիչը, «համն ու հոտը»: Մասնագիտական հմտություններ պետք չեն` հասկանալու համար, որ այս երևույթը սոցիալական կյանքի անբավարար պայմանների ծնունդ է և հոգեբանություն դառնալու միտում ունի: Դրա խորացմանը նպաստող գործոններ են վարվող պետական քաղաքականությունը, հասարակության հանդեպ պետության անտարբերությունը: Պետական պաշտոնյաներն էլ գիտեն, որ ցանկացած ատյանում որևէ խնդիր լուծելու համար բարեխոսող գոնե մեկ հեռախոսազանգ է պետք կամ հրահանգող մի ցուցամատ: Գիտեն ու չեն մտածում գոնե իրենց վերադասի, իրենց «տանիքի» հեղինակության մասին: «Ժամանա˜կ» չեն գտնում` հասկանալ, որ իրենց անբարեխղճության պատճառով իրենց նշանակողի ու նույնիսկ այդ նշանակումը պարզապես չմերժած վերադասի անունն է հոլովվում: Իսկ հասարակությունը դժգոհում է ու դժգոհում: Ավելի ճիշտ` չի գոհանում նույնիսկ դրական քայլերից: Չի´ նկատում, չի´ ուզում տեսնել լավը: Ամեն ինչ վատ է ու վերջ: Իսկ այս հոգեբանությամբ առաջընթացի մասին դժվար է մտածել: Այս հոգեբանությունն իրենց չար ծրագրերին են ծառայեցնում ամենատարբեր ուժերն ու աղանդները` հայ մարդու մեջ սպանելով ազգային արժեքները: Եվ ամենից առաջ` արժանապատվությունն ու ազգային ինքնագիտակցությունը: Սթափվել է պետք, այլապես «հետո»¬ն անդառնալի կորուստներով կթակի մեր դուռը:

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ