1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Այս օրերին նկատելի ակտիվությամբ քննարկվում են Հովիկ Թամամյանին ձերբակալելու շարժառիթները: Տպավորությունն այնպիսին է, թե պաշտոնապես արդեն ներկայացվածը շահագրգիռ շրջանակները քիչ են համարում: Իսկ ասվածը հիմնավորելու համար հաճույքով թվարկվում են վերջինիս հարուստ կենսագրության այն բովանդակալից էջերը, որոնք շատ ավելի վաղուց պետք է նրան ազատազրկելու նույնքան հիմնավոր պատճառներ հանդիսանային: Հիմա արդեն կարելի է կարծել, թե տեղի ունեցած ձերբակալությունը նախկին պաշտոնյայի ինքնաբավ անօրինությունների տրամաբանական վերջաբանն է: Թեև որքան էլ ճշմարիտ ու գերակշռող լինի տեսակետը, թե Թամամյանին արժանին է մատուցվում, հիմա էլ խիստ ուշագրավ մեկ այլ նրբերանգ է առաջ գալիս: Նախկին պաշտոնյային վերջապես արժանին մատուցելը նաև նրա նախորդ չարագործությունների վերհիշման ու թվարկման առիթ է: Եվ օրինաչափ է այն հարցադրումը, թե ինչո՞ւ այդ աղմկահարույց ձերբակալությունը տեղի չէր ունենում. թվարկվող անիրավություններից ցանկացածից հետո` հերթական հաջորդը կանխելու նկատառումով: Կարծել, թե ոչ այնքան վերջերս տեղի ունեցած սպանության հանգամանքները նոր միայն սպառեցին համապատասխան որոշումը կայացնողների համբերությունը` միամտություն կլինի: Մանավանդ, որ նախորդող տարիների «համանման դեպքերից» հետո ներկայիս մեղադրյալը խրախուսվել է, նորանոր աստղեր ավելացրել ուսադիրներին: Ամեն դեպքում կարծել, թե ոստիկանության պաշտոնյայի ձերբակալությունը ոգևորել է հանրությանը, որոշ առումով չափազանցություն կլինի, թեև տխրողներ էլ հազիվ թե գտնվեն (չհաշված, իհարկե, նրա մերձավորներին): Կասկածից վեր է, որ օրինապահության հիմքերը կրծող նման ցեցերին օրենքի շրջանակներում կարգի հրավիրելու փորձերը հանրության հավատը կվերականգնեն միայն այն դեպքում, եթե Հովիկ Թամամյանն իր պաշտոնեական լիազորություններն ի չարն օգտագործելու համար միակ պատժվողը չմնա: Ժողովուրդը վնասազերծված առաջին «ծիծեռնակից» բացի ազատությունը վայելել շարունակող երամն էլ է նկատում: