ԿՓԱԿՎԵ՞Ն ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ


Մեկ օր հետո ապրիլի 1¬ն է: Այս տարի նույնպես Ծիծաղի օրը սրտանց ուրախանալու շատ առիթներ չեն գտնվի: Սակայն վերջին տարիներին ապրիլմեկյան թանկացումների հաստատուն դարձած ավանդույթն առաջին անգամ թոթափած մեր ազգաբնակչությունն ու տնտեսվարողները հանգիստ շունչ կքաշեն: Որքան էլ անսովոր կարող էր թվալ, այնուամենայնիվ այս տարի Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարապ մնաց: Ո´չ գազի, ո´չ հոսանքի, ո´չ էլ նույնիսկ ջրի թանկացման հայտեր չստացվեցին: Այդուհանդերձ, մատակարար ընկերությունների «բարյացակամությունից» անկախ գործող գները զեղչելու հավաստիացումները նույնպես իրականության չեն վերափոխվում: Դեռ մի քանի շաբաթ առաջ անապահով խավերին փոխհատուցում խոստացվեց, բայց ժամանակն անցնում է, իսկ սուբսիդիայի ժամկետներն ու պայմանները դեռևս չեն հստակեցվում: Ակնհայտ է, որ փոխհատուցմանը հատկացվելիք գումարներ հայթայթելու չափ դժվար է նշված պայմանների ճշգրտումը: Համենայնդեպս, նախորդ փորձը հաջողությամբ չի պսակվել, ու երևի հենց թարմ օրինակն էլ անելիքն ավելի լավ հաշվարկելու անհրաժեշտություն է թելադրում: Դեռևս նախորդ տարեվերջին, հաշվի առնելով ապրիլմեկյան հերթական թանկացումը, գործադիրը վերանայեց սոցիալական վճարումների չափերը` շուրջ 2,5-ական հազար դրամ հատկացնելով սոցիալապես անապահովներին: Ոչ այնքան շոշափելի այս թիվն առաջինը գործարարների «աչքը ծակեց», և սրանք կրկին զարկ տվեցին մինչ այդ էլ թափ առած գնաճին. արդյունքում` հավելյալ «աղքատավճարն» ավելի շատ օլիգարխների գրպանների պարունակությունը համալրեց: Փոխհատուցման հերթական հնարավորությունն առայժմ իրականության չի վերափոխվում հենց այդ պատճառով: Գոնե այս անգամ կամայականությունների համար սողանցք չպետք է թողնվի: Այլապես կստացվի, որ պետությունն իր ուսերին հերթական ահռելի ծախսն է վերցնում, բայց նոր սուբսիդիան նույնպես լիարժեքորեն նպատակին չի ծառայում: Այսուհանդերձ, որքան էլ փոխհատուցման մեկնարկը ձգձգվի, միևնույն է, հարյուրտոկոսանոց տարբերակ չի գտնվելու: Մնում է գտնել ու կիրառել սողանցքազերծ տարբերակը, ինչի մասին իր վերջին ասուլիսում ակնարկեց ՀՀ Աշխատանքի և սոցհարցերի նախարարը: