ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ  ԿԱՏԱԿԱՊԱՏՈՒՄՆԵՐ


 

ՇԻԼԱՇՓՈԹ

Մեկը հարկի-անհարկի տրտնջում էր.

- Է˜, էս ինչ է մեր կյանքը, իսկական շիլաշփոթ են դարձրել:

Հորիզոնը փորձեց մխիթարել.

- Էդ ասածդ ուտելու բաներ են, ճաշը պատրաստել, դրել են դեմդ, կեր, էլի...

ՀՐԱՎԵՐՔ

Մի հիմնարկ մտանք: Տնօրենը երգիծաբանին անմիջապես ճանաչեց.

- Հա˜, Հորիզոնն եք, գլխիս վրա տեղ ունեք, հարգելիս, համեցեք, համեցեք:

- Գուրգեն, դու ներքևում սպասիր, մի տեղ բարձրանամ ու գամ:

- Ո՞ւր ես գնում, որ:

- Չլսեցի՞ր, ինձ հրավիրեց իր գլխին նստելու:

ՍՈՒՍ... ԱՆՆԱ

Օքրո Օքրոյանի անվան գրադարանի նախկին տնօրեն տիկին Սուսաննային թոշակի ուղարկելու ուրախ և տխուր միջոցառումն էր: Ելույթ ունեցողների խոսքերից անգամ արցունքների միջից ժպտում էր:

Հորիզոնն իր խոսքում այնքան համոզիչ էր, որ շատերը հավատացին` Սուսաննային օրորոցում Աննա են ասել, բայց ձայնեղ, չարաճճի Աննան` լացելիս էլ, ծիծաղելիս էլ այնքան զիլ ու բարձր է եղել, որ մատն իրենց շուրթերին դնելով խնդրել են` Սո´ւս, Աննա ջան, Սո˜ւս... Աննա: Այդ օրվանից նրան կոչում են Սուսաննա:

ԲԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հորիզոնը մի շատ խոսք տանող-բերողի ասաց.

- Դու իզուր ես ակնոց կրում:

- Էդ ինչո՞ւ որ, չհասկացանք:

- Գործիդ բերմամբ քիթդ ուրիշների գործերի մեջ մտցնելիս, կխանգարի...

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԱՆԿԱԳԻՐԸ

Յակով Խաչիկյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը մանկագիր Ռաֆայել Հայրապետյանի քունը տարավ, ու նա մանկան պես անխռով քնեց:

- Հորիզոն, արթնացրու մեր ընկերոջը:

- Չէ, Գուրգեն, հիմա պետք չէ, հենց մանուկները բեմում հայտնվեն` կարթնացնենք, որ մանուկներն իրենց սիրելի մանկական գրողին քնած չտեսնեն:

100 ՏԱՐՎԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Փողոցում Հորիզոնն ու ես գնում էինք: Մեզ հանդիպեց տիկին Էմման: Երևում էր վարպետը վաղուց չէր հանդիպել: Բարևը ջերմագին էր:

- Էմմա, էս վերջերս հորդ` Վազգենին, 100 տարվա ընկերոջս տեսա, էլ առաջվա Վազգենը չէր, ոնց որ մի քիչ նիհարել էր, փոխվել:

- Դե, Հորիզոն հոպար, մեծացել է պապս, տարիք առնելու հարց է, ծերություն…

- Տարիքս ո՞րն է, էմիկ ջան, բա ինչո՞ւ մի 20 տարի առաջ էդպես չէր, որ հիմա է էդպես դառել:

Ես տիկին Էմմային նայեցի և Հորիզոնից գաղտնի ծիծաղեցինք:

...ԱՌԱՏԱՁԵՌՆ ՀՈՐԻԶՈՆԸ

Լրացել էր «Փակագիծ» թերթի 3-ամյակը: Խմիչքներն այնքան էին բարձրացրել Հորիզոնի տրամադրությունը, որ նա առատ սեղանից իր կարծիքով, շոկոլադներ էր գաղտնի վերցնում ու լցնում գրպանները: Երբ զգուշացրի` շնորհքով մարդուն վայել չէ նման արարքը, թերթի գլխավոր խմբագիր Ագապի Հայկազունին միջամտեց.

- Ոչինչ, Գուրգեն, մեր Հորիզոնն է, թող ուրախանա, լուրջ ժամանակ նրան կոնֆետ ուտելիս չեմ տեսել:

Փողոցում Հորիզոնից կոնֆետ խնդրեցի.

- Այ տղա, բա ասում էիր մի վերցրու, վայել չէ... Բա որ քո կծու խոսքերը լսեի, որտեղի՞ց պիտի շոկոլադ անուշ-անուշ անեիր,- դեռ քեֆը չթողած արդարանում էր Հորիզոնը:

ՄԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

- Հորիզոն, մեր մայրաքաղաքում, որ այսքան բաց տարածություններ են մնացել, ինչո՞ւ չեն սրճարան, ռեստորան, կազինոներ, դղյակներ շարունակում կառուցել: Ամոթ չի՞ քաղաքապետին, որ աչքաթող է արել կենտրոնը ծառազուրկ անելու գործը:

- Այ միամիտ լոռեցի, կենտրոնը ծանրաբեռնված է, նույնիսկ ծառերն են համարակալել, որ չկտրեն, տեղը օբյեկտներ դնեն:

- Էդքան որ սովոր ենք կտրելուն, համարակալածն էլ կկտրենք: Ինչ է` համրած ոչխարին, գայլը չի ուտո՞ւմ: Դրա համար էլ մեր քաղաքին այսքան քաղաքապետեր են փոխում, որ գոնե նրանցից մեկն ու մեկը նկատի անցյալ գլուխների բացն ու լրացնի...

ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

Մի կեղծավոր ոմն կենաց խոսքի մեջ ասաց.

- Ես մի շատ քաղցր, սիրտ խառնելու չափ բան եմ ասելու:

Տեղից մեկը, թե.

- Ինձ ասեք, ես քաղցրակեր եմ:

Մեկ ուրիշն էլ զարմանալիորեն հակառակն ասաց. «Իմ խոսքը կծու կլինի, դրա համար չեմ բարձրաձայնում»:

- Ասա, ասա, ես կծու, թթու շատ եմ սիրում:

- Սպասեք, չհասկացա, մեկդ քաղցր-մեղցր, մեկդ կծու-թթու, բա մեջտեղը իսկի խմիչք-մմիչք չկա՞:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ