ԲԱՅՑ ՏԱՐԻՆ ՈՒՆԻ 365 ՕՐ...


 

Ոչ վաղ անցյալում մարդիկ վստահում ու հավատում էին միմյանց, ճիշտ էին խոսում, իրար չէին խաբում... Միայն «ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում»-ը բավարար էր մարդկանց` իրար հասկանալու համար: Բայց չնայած դրան, մարդիկ փնտրտուքի մեջ էին... Նրանց ձեռք չէր տալիս տարին 365 օր ճիշտ խոսելը, սուտ չխոսելը, խաբված չլինելը...Եվ այդ պրպտումների արդյունքում մտածեցին.

- Ի˜նչ կլինի, որ տարվա մեջ ունենանք մի օր և ազատ ստենք, խաբենք իրար ու զվարճանանք...

Եվ ստեղծեցին ապրիլի 1. սուտ խոսելու, խաբելու օր... Այդպես զվարճալի տարիներ անցան... Հետո ուզեցին այդ օրը միջազգայնացնել, ստեղծել ՄԽՕ (միջազգային խաբելու օր), բայց չհասցրեցին...

Անկախ Հայաստան: Մարդիկ իրարից օտարվել են, իրար են խաբում, իշխանություններն էլ խաբում են ժողովրդին... Հիմա էլ ընկանք մի այլ ծայրահեղության մեջ` ստի, խաբեության գիրկը: Ովքեր չդիմացան, ի վիճակի էին` արտագաղթեցին ու արտագաղթում են: Մարդիկ կարոտ են ճշտի, ճիշտ խոսքի, գոնե տարվա մեջ մեկ օր կարողանայինք ճիշտ խոսք լսել, ճիշտ խոսք ասել, ճշտի թափանցիկ օր լիներ...

Այս պրպտումների արդյունքում ստացվեց նորից ապրիլի 1: Այն պետականորեն մեզ նվիրվեց որպես «Ծիծաղի օր»: Այսինքն այդ օրը բոլորս էլ կարող ենք պետականորեն թույլատրված ազատ, թափանցիկ, ժողովրդավար, դեմոկրատական ծիծաղով ապրել և շնչել, ծիծաղել մեկս մյուսի վրա, իշխանությունների ու կուսակցությունների վրա, իսկ իշխանություններն ու կուսակցություններն էլ կարող են ծիծաղել իրենք իրենց ու ժողովրդի վրա, և բոլորով ծիծաղենք մեր ստեղծած երկրի վրա... Աշխարհի հզորագույն երկրներ դարձան Գերմանիան ու Ճապոնիան 25 տարում, իսկ մենք...

Այո, երկիրը երկիր է, որովհետև ունենք Ծիծաղի օր...Աշխարհը չունի` մենք ունենք, որովհետև «ծիծաղում» ենք... Տարվա մեջ գոնե մեկ օր...

Կարո ՍՏԱՆՈՍ