Վերընտրվելու դեպքում` նախագահավայել


 

Պաշտոնավարման ավարտին իշխանավորներն էլ ի մի են բերում արած-չարածը, քննարկում ունեցած հնարավորություններն ու թերացումները: Ֆրանսիայի նախագահը ոչ միայն իր համար ամփոփել, այլև այդ առնչությամբ անկեղծացել է PΖris MΖtch հանդեսին 2 օր առաջ տված հարցազրույցում:

Սարկոզին խոստովանել է, որ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում իր գլխավոր սխալն իմպուլսիվ վարքագիծն է եղել. ինքն իրեն պահել է նախարարի և ոչ թե նախագահի նման: Սակայն 5 տարվա ընթացքում փորձ է ձեռք բերել ու հույս ունի, որ այլևս չի կրկնի սեփական սխալները:

Բացի այդ, Սարկոզին խոստացել է փոփոխել երկրի սահմանադրությունը` որպեսզի նախագահության 2-րդ ժամկետը վերջինը լինի:

Ընդամենն օրեր առաջ ահաբեկչությունից ցնցված պետության ղեկավարը չէր կարող չանդրադառնալ թուլուզյան ահաբեկչին ու չմեկնաբանել նրա մահվան հանգամանքները: Նա փաստել է, որ շուրջկալի ժամանակ հրաման է արձակվել նրան կենդանի վերցնել միայն այն դեպքում, եթե դա չի սպառնա ոստիկանների կյանքին: Սարկոզին չի նայել, չի պատրաստվում նայել և նույնիսկ հեռուստաալիքներին խնդրել է չհեռարձակել ահաբեկչի կատարած տեսագրությունները:

Միշտ ու երևի բոլոր երկրներում գնահատվում է անկեղծանալու ունակությունը: Մանավանդ` թիվ 1 բարձրաստիճան պաշտոնյայի: Եվ այդ հարցազրույցը պետք է որ ավելի ստվարացնի նրա օգտին քվեարկողների բանակը: Եթե անհատը գիտակցում է վրիպումները և խոստովանելով` դրանցից ձերբազատվելու հավաստիքներ ներկայացնում, ուրեմն խոսքը սեփական փորձից դասեր քաղելու մասին է: Իսկ փորձված ղեկավարի հանդեպ անտարբեր մնալ չեն կարող առողջ բանականության տեր քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 22-ին, 2-րդը` մայիսի 6-ին: Ընտրամարաթոնում մրցելու են 10 թեկնածուներ: Սոցհարցումների արդյունքներով առաջատարները երկուսն են` Նիկոլա Սարկոզին (23-30 տոկոս համակիրներ) և Օլլանդը (27-33 %):