Սկսվե˜ց


 

Ընտրական գործընթացներում ներգրավվածները և ավելի չեզոք քաղաքացիներն առիթի դեպքում նշում էին, որ նախընտրական այս ժամանակահատվածում քաղաքական ուժերի միջև բանավեճերն ընթացել են կոռեկտության սահմաններում: Բայց ընտրապայքարի` քաղաքակրթության պահանջներին համապատասխան անցնելու մասին հույսը հօդս ցնդեց: Մի տեղեկատվության մեջ ասվում էր, որ համացանցում տեղադրված` «Ազգային միաբանության օրհներգը» վերնագրով տեսանյութում երեք երիտասարդ դհոլ էին խփում «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ: Կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն էլ, մեկնաբանելով տեսահոլովակն` ասել է, թե երիտասարդները քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգստի համար են նվագել:

Մի կողմ թողնելով, թե ինչ էին ակնարկում այդ տեսահոլովակով դրա հեղինակները և հոլովակի իր մեկնաբանությամբ Արտաշես Գեղամյանը, պարզապես նկատենք, որ երկու կողմերն էլ իրենց վարքագծով սկիզբն են դնում առաջիկա ընտրություններում մերժելի արատավոր երևույթների: Երևույթներ, որոնց դեմ իշխանության և ընդդիմության միասնական պայքարի անհրաժեշտության մասին են արդեն մի քանի ամիս խոսում հանրապետության ղեկավարն ու խելամիտ մյուս այրերը:

Տ.Մ.