Սպառնալիք հասարակությանը


 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով հոգեբուժական հիվանդանոցներից մեկից շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդի փախուստի դեպքին` մտահոգություն էինք հայտնել, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարող անձանց մեջ որոշակի տոկոս են կազմում հոգեկան շեղումներ ունեցողները, որոնց խնդիրներով զբաղվողները հաճախ մատների արանքով են նայում իրենց պարտականություններին, ինչի արդյունքում ճակատագրից քշված այդ մարդիկ լուրջ սպառնալիք են դառնում հասարակության համար: Ներկայացվող պատմությունները նպատակ ունեն վերստին թակել անտարբերության դռները և ահազանգ հնչեցնել այն պատասխանատուներին, որոնց պատճառով հոգեկան տարբեր շեղումներ ունեցող անձինք մնալով հսկողությունից դուրս` հանցագործություններ են կատարում և շրջապատի համար դառնում պատուհաս:

ԱՊԱՐԱՆԻ բաժնում հնչած ահազանգը սովորականներից չէր: Հայտնում էին, որ Արագած գյուղի մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր 59-ամյա Գևորգ Գալստյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլխին առկա են եղել վնասվածքի հետքեր:

Պարզվել է, որ երեկոյան, ժամը 20.30-ի սահմաններում, Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում վիճաբանել էր հոգեկան հիվանդությամբ տառապող, 33-ամյա Ավետիք Կարապետյանի հետ: Վեճի ընթացքում Կարապետյանը քարով հարվածել էր Գալստյանի գլխին, ինչից էլ վերջինս մահացել է:

ԿԱՊԱՆ քաղաքի բնակիչ Կարեն Աթայանը թեև մեկ տարի առաջ հաշվառվել էր Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում, սակայն շարունակում էր ապրել եղբոր` Գոռի հետ: Զոհը, սակայն, եղբայրը չեղավ...

Համաքաղաքացի Հենրիկ Մկրտչյանը մտերիմ էր եղբայրների հետ, հաճախ էր այցելում նրանց, Կարենին խնամելու հարցում օգնում էր Գոռին:

Այդ օրը, սովորականի պես, Հենրիկը այցելեց եղբայրներին:  Զրուցեցին, հաց կերան: Հենրիկը մնաց գիշերելու. Գոռին օգնելու հարց կար:  Վերջին օրերին Կարենի վարքը դարձյալ տարօրինակ էր, և Գոռը որոշել էլ խորհրդակցել բժիշկների հետ: Ցավոք, ուշացած որոշում էր:  Գոռը շատ էր հապաղել, ինչը թանկ արժեցավ մեկ ուրիշի համար...

Գոռի` առավոտյան եղբոր մոտ մնալու խնդրանքին Հենրիկը սիրով արձագանքեց. առաջին անգամ չէր: Այդ օրը, սակայն, այլ էր. Կարենը հիվանդագին վիճակում էր, անզոր` գիտակցելու իր գործողությունները...

Կարենի ու Հենրիկի «ջրերը մի առվով չեն գնում»:  Հենրիկն ապարդյուն ջանք է թափում խաղաղեցնելու նրան: Բայց նման հոգեվիճակում գտնվողի հետ ճիշտ վարվելուն չէր տիրապետում: Վիճում են:  Աղմուկը լսում է նույն հարկում բնակվող հարևանուհին ու զանգահարում Գոռին: Որոշ ժամանակ անց, վիճողների ով լինելը պարզելու համար, միջանցք է դուրս գալիս ներքևի հարևանուհին և սարսափում` իրենց դռան առջև արնաշաղախ դիակ էր...

Ահազանգով դեպքի վայր են ժամանում ոստիկանները. արյան հետքերը տանում էին վերև` 9-րդ հարկի 31 բնակարան:  Ներսում` հյուրասենյակի բազմոցին, նստած էր այլայլված Կարենը:  Ցույց տալով խահանոցային դանակը, ոստիկաններին հայտնում է` ինքն է սպանել Հենրիկին` իր «հոգեկանը խանգարելու համար»...

ՍԻՍԻԱՆ քաղաքի գազալցակայաններից մեկի աշխատակիցը երեկոյան տանը հյուրեր ուներ. մտերիմ մարդիկ էին` Սասուն Սահակյանն ու Վրեժ Սարգսյանը: Զրուցում են, հետո Վրեժը գարեջուր խմելու ցանկություն է հայտնում: Սասունին առաջարկում է իր համար գարեջուր գնել: Մերժում ստանալով` սկսում է գոռալ, վիճել: Նրան հանգստացնում են: Թվում է` կրքերը մարեցին. Վրեժ Սարգսյանը լուռումունջ նստում է հեռուստացույցի առջև: Մոտ տասնհինգ րոպե անց, առանց որևէ խոսք ասելու, դուրս է գալիս: Վերադառնում է հինգ-վեց րոպեից. թիկունքից մոտենալով բազմոցին նստած Սասունին` մուրճով հարվածում է գլխին ու փախչում...

Սասուն Սահակյանին տեղափոխում են հիվանդանոց: Բարեբախտաբար, ծանր վնասվածքները մահացու չէին: Իսկ Վրեժ Սարգսյանը հայտնաբերվում է օրեր անց...

Նախաքննությամբ պարզվեց, որ Վրեժ Սարգսյանը տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ:  Հասցրել էր ամուսնանալ, դուստր ունենալ, բայց հիվանդության պատճառով նրա հետ նույն հարկի տակ ապրելն անտանելի էր, նաև` վտանգավոր, և կինը երեխայի հետ հեռացել էր: 2006 թվականից հաշվառված լինելով որպես հոգեկան խանգարումներ ունեցող` Վրեժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ բուժում էր ստանում:

Այդ օրը ագրեսիվ էր, վիճել էր մոր հետ, սպառնացել, հետո ուշ երեկոյան գնացել էր տնից: Արդեն, թերևս, պատրաստ էր վտանգավոր արարքի, երբ, այսպես ասած, ճանապարհին հայտնվեց Սասուն Սահակյանը:

Վրեժ Սարգսյանի նկատմամբ նույնպես հարկադիր բուժման որոշում է կայացվել:

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅՈՎ տառապող Նարինե Գ.-ի արարքն առաջին հայացքից անմեղ է թվում. գողություն է կատարել: Սակայն հոգեբուժական կլինիկայում գտնվելը նրա պարագայում նույնպես անհրաժեշտ է, որովհետև Նարինեն մշտական կոնֆլիկտների մեջ է ընտանիքի անդամների և հարևանների հետ: Ժամանակ առ ժամանակ փախչում է տնից ու թափառում:

Հերթական փախուստն էլ նրան Արարատի մարզից Սյունիք էր հասցրել: Երեկոյան հայտնվել էր Կապանում: Ե˜վ սոված էր, և˜ հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Առաջնահերթը սովածության հարցը լուծելն էր: Գիշերվա ժամը 3-ի սահմաններում մտնում է տներից մեկի նկուղը և հեռանում ոչ միայն պահածոներով, այլև հագուստով ու կենցաղային տարբեր իրերով:  Գողոնը տեղափոխում է հարևան տներից մեկի նկուղը:

Հոգեբուժական հետազոտման եզրակացությամբ` Նարինե Գ.-ն հիվանդագին խանգարված վիճակում է, ինչը զրկում է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք կառավարելու հնարավորությունից:

***

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է` հոգեկան խանգարումներով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Օրենքը նաև սահմանում է` հոգեկան խանգարումներով տառապող անձը կարող է հարկադիր հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Այսինքն, եթե չկա դիմում, հոգեկան խանգարում ունեցողը հարազատների ու շրջապատի համար մնում է որպես պոտենցիալ սպառնալիք: Իսկ հոգեբուժական հանձնաժողովի` հարկադիր բուժման եզրակացությունը սովորաբար լինում է, երբ հանցագործությունն այլևս փաստ է: Այստեղից հետևություն` հոգեկան խանգարումներ ունեցողների կողմից կատարվող հանցագործությունները կանխարգելելու մեխանիզմ չկա: Միակ հույսը այդ անձանց հարազատների քաղաքացիական իրավագիտակցությունն է. միշտ պետք է հիշել` վարքի խանգարումները կարող են արտահայտվել անսպասելի, չպատճառաբանված ագրեսիայով` դառնալով ողբերգության պատճառ... Այնպես որ, հոգեկան հիվանդներին առողջներից մեկուսացնելը չպետք է լինի ինքնանպատակ:

Ի դեպ, աշխարհի տարբեր երկրների հոգեբանները իրենց հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ մարդու` մարդասպանի կամ հանցագործի վերածվելը կապված է միայն նրա հետ տեղի ունեցող իրադարձություններով:

Հոգեբանները համոզված են, օրինակ, որ Հիտլերի կառավարության ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր սպանությունները, անմարդկային ու դաժան տանջանքները հոգեկանների և սադիստների գերակշռության արդյունք է եղել: Սակայն ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունները ցույց են տվել իրավիճակի այլ պատկեր: Նրանք փորձարկումներին կամավոր մասնակցող մարդկանց միջոցով ապացուցել են, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր տեղը զիջել, ասենք, Հիտլերին ծառայողներին: Փորձարկումների ժամանակ մի «մազոխիստի» հանձնարարված է եղել մազոխիստական գործողություններ կատարել մինչև ուժասպառ լինելը: Այդ ընթացքում հարևան սենյակից տանջանքների ենթարկվող փոքր երեխայի ճիչը լսելով` փորձարկվողը սկսել է ավելի կատաղի ձևով ինքն իրեն ցավ պատճառել:

Նման փորձարկումներից հետո գիտնականները համոզվել են, որ ֆաշիստական դաժանությունները կապված են եղել ոչ թե դարաշրջանում հոգեկանների և սադիստների գերակշռության, այլ իրենց ղեկավարների հրամանները պատշաճ կատարելու ցանկության հետ. նրանցից շատերը իրենց հավատարմությունը ցույց տալու և աչքի ընկնելու համար իրենք են հնարել մարդուն ավելի դաժան տանջանքների ենթարկելու մեթոդներ: