Սերմնահեղուկ` ազգադավների դեմքին


 

Չգիտես թե ինչ պարունակությամբ այդ սերմնահեղուկով թող բազմանան ազգադավները: Դա իսկապես կփրկի մեր ժողովրդին` նման խեղկատակներից:

Մեկ ուրիշ, նույնպես տագնապալից թեմայի վրա էի աշխատում (մարդու օրավուր աճող ագրեսիվության դեմ պայքարի), երբ ականջի ծայրով հեռուստատեսությամբ լսեցի, որ «հանրապետություն է ներկրվել մեծ քանակությամբ սերմնահեղուկ»: Մտածեցի` հավանաբար անասունների նոր տեսականու: Սակայն ՍԱՀՄՌԿԵՑԻ, երբ լսեցի դրա «անհրաժեշտության» հիմնավորումը. «Հայի գենը արդեն ծերացել է, և ազգը կարիք ունի նոր ու թարմ լիցքերի»:

Ականջիս չհավատացի. սա ի՞նչ է, «հրեշտակների» միջոցով Հայաստան ներկրված «ազգափրկիչ» ապրանքի գովա՞զդ, թե 20-ամյա ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՄԲ իրեն «պանծացրած» «ԱՆԿԱԽ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ գործող մի ինչ-որ հեռուստաալիքի վայրահաչություն, որը ռիսկ է անում հայատյաց նման անպատկառ ու անհիմն եզրահանգում անել իր բոլոր հնարավոր նեգատիվ հետևանքներով: Մի՞թե, մտածեցի, իրոք` «շունը տերը չի ճանաչում» (իմա` հեռուստաալիքը` պետությանը):

Առաջին մղումս եղավ, նույնիսկ ցուցապաստառով դուրս գալ հրապարակ և համախոհներ հավաքելով` կառավարությունից պարզաբանում պահանջել` հայ ժողովրդին սպառնացող այդ ԱՆԱՐՅՈՒՆ ԵՂԵՌՆԻ (իմա` «բիզնես ծրագրով» քողարկված թշնամական ներդրումների վտանգի մասին): Սակայն հետո, տարիքիս բերումով, կրքերս չափավորեցի և որոշեցի հայապահպանության հավերժ ակտուալ խնդիրներին քաջածանոթ ընկերներիս հետ խորհրդակցելով` գտնել ընդվզման այլ տարբերակ:

Առաջինը զանգահարեցի իմ լրագրողական բնօրրան «Ավանգարդի» խմբագրություն, և համախոհ ու անշուշտ ցասումնալից կարծիքափոխանակումից հետո` այդ ԱՆՈՄԱԼ երևույթի շուրջ, ընտրվեց ընդվզման այս տարբերակը, որը հիմա դուք ընթերցում եք...

Նման` «Ձենը տակը, քարը վրեն» ջայլամային դրսևորումներից հետո ներսումս ձևավորվեց հավանականությանը շատ մոտիկ ևս երկու դիտարկում: Թվում է այս, կոպիտ ասած` «սերմնախաղը» մեզ թշնամի ինչ-ինչ կենտրոնների կողմից (սկսած թուրք-ազերիներից, վերջացրած թեկուզև` «յանկի-ֆորպոստներով) մեր զգոնության (իմա` ազգային արժանապատվության) և անսասանության աստիճանների դիվային փորձարկում է` հար և նման առնետների վրա կիրառվող մեթոդների և կարծես նմանվում է ապագա ազգաոչնչացման գլխավոր հարվածի ՊՐԵՄԻԵՐԱՅԻ: (Չէ՞ որ մեր ոխերիմ բարեկամների կողմից դարեր առաջ է ասվել, որ «Հայաստանը նրանց պետք է` առանց հայերի»):

Էս ֆոնի վրա ուզում եմ նաև փոքր-ինչ բացել «տերովին տերն է տարել, անտերին` գելը» իմաստախոսությունը... և մի տարողունակ հարց տալ. Ո՞վ է մեր տերը և ով է` գելը. ինչո՞վ է տերը-տեր, երբ իրականում տերը` գելն է...

Ի՞նչ եք լռել, պարոնայք... պատասխանեք գոնե ձեր ընտրողներին:

Հարգարժան ՍԵՐԺ ԱԶԱՏԻ, Դուք եք մեր ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ: Ձեզանից ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ խնդրում ենք` Ձեզ վայել օպերատիվությամբ և քայլերի գրեթե անթերի շախմատային հաշվարկով, հանձնարարեք (անձամբ Ձեր վերահսկողությամբ) պարզելու այդ սերմնահեղուկով լղոզված ողջ ազգադավ տեսականու մեղավորության աստիճանները: Շատ կուզենայինք, որ հեռուստատեսային հատուկ ելույթով ցրեք Ձեզ հավատացողների հոգուն ծանրացած` ԱԶԳՈՎԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ԷՆԴԵՄԻԿ (իմա` ոչնչացման եզրին գտնվող) այս վտանգի ամպերը` վկայելով մեղավորների պատժված լինելը:

Սերժ Ազատի, Ձեզ երևի ճակատագրորեն շանս է տրվել` այս աննախադեպ համազգային վիրավորանք պատճառած կնճիռը հարթելով, վերստին շահել ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը և ԴՐԱՆՈՎ ՆՎԱՃԵԼ Ձեր առաջիկա ու ապագա բոլոր հաղթանակները: Կամենանք Ձեզ ԿԱՄՔ ՈՒ ԿՈՐՈՎ...

Հավատով` Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Նամակն առաջին պահին շփոթեցնող էր: Հեռուստատեսային այդ «գովազդը» չլսած մարդկանց դա գռեհիկ հումոր կամ ցնդաբանություն կարող էր թվալ: Սակայն հեղինակը` ճանաչված մտավորական Վիսլա Սեդրակյանը, բնավ էժանագին «սենսացիաների» սիրահար չէ, և չէինք կարող չկիսել նրա ընդվզումը: Ուրիշ ո՞ւր, եթե ոչ Առողջապահության նախարարություն պիտի զանգահարեինք` այնտեղից հերքում լսելու միամիտ հույսով: Այնքան միամիտ, որ նույնիսկ ակնկալում էինք, թե այնտեղ էլ պիտի տագնապեն, պիտի խոստանան ճշգրտել լրատվության աղբյուրն ու կանխել չարագործությունը:

Ավա˜ղ: Այնտեղ անտեղյակ չէին: Ամենայն հավանականությամբ գիտեին նաև դրա ազգակործան հետևանքներն ու կարծես նույնիսկ սպասում էին բացասական արձագանքի: Հակառակ պարագայում` կհերքեին կամ կհաստատեին: Մինչդեռ սկսվեց հեռախոսային «փոխանցոցին»: «Թեժ գծից» մեզ ուղղորդեցին Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն: Հարցը լսելուց հետո «խորհուրդ» տվեցին զանգահարել Հասարակայնության հետ կապերի բաժին` նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանին: Վերջինս էլ նորից հուշեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության հեռախոսահամարը` հստակեցնելով, թե ում` Կարինե Սարիբեկյանին: Նա հրաժարվեց «սպառիչ պատասխան տալ»` ասելով, թե դեռևս գործընթաց չի իրականացվում: Ավելին, նախարարությանը նաև պատգամավորական հարցում է ներկայացվել, որի պատասխանը քննարկում են իրավաբանների հետ: Մեզ հորդորեց (կամ հանձնարարեց) հրապարակումը չտպագրել` մինչև սպառիչ պատասխանն ինքը կքննարկի մամուլի քարտուղարի հետ, որից հետո մենք պետք է զանգահարենք խոսնակին` իրենց պատասխանը լսելու: Բազմաթիվ որոնողական զանգերից հետո ճշտեցինք, որ նա վարչության պետն է, բայց այդպես էլ չհաջողվեց 2-րդ անգամ կապվել Կ. Սարիբեկյանի հետ` գոնե ճշտելու, թե ո՞ր ազնիվ պատգամավորից է հարցումը ստացվել:

Նկարագրությունը երկար ստացվեց. պարզապես ցանկացանք ներկայացնել, թե որքան դժվար է գերատեսչությունից որևէ պարզաբանում ստանալը: Խե˜ղճ հայաստանաբնակ: Մանավանդ` առողջական խնդիրներ ունեցող: