Նախընտրական ծրագրերը վստահություն չեն ներշնչում


 

Վաղուց ի վեր նախընտրական ծրագրերի մասին որոշակի կարծրատիպեր են ձևավորվել մեզանում:: Շատ հաճախ լսում ենք, որ մեր հասարակության մի հատվածը, ավելին` քաղաքացիների մեծամասնությունն իր քվեն տալիս է այս կամ այն քաղուժին, թեկնածուին` առանց նախընտրական ծրագրերին ծանոթանալու: Այսինքն` դրանք հեռացել են իրենց կողմնորոշիչ դերից: Նախօրեին մեզ հետ զրուցած քաղաքացիներն, անշուշտ, ունեն ոչ լուրջ վերաբերմունքի իրենց պատճառները: Նրանք վստահ են` նախընտրական ծրագրերի դրույթները բացառապես գեղեցիկ շարադրանք են` երբեք չիրականանալու պայմանով: Իսկ նույն քաղաքացին արդյո՞ք հետևողական է կամ գոնե հետաքրքրվո՞ւմ է, թե նախորդ ընտրություններին իր ձայնը ստացած խորհրդարանական ուժն ի՞նչ չափով է իրականացրել նախընտրական խոստումները:

Պատվական ԳՐԻԳՈՐՅԱՆ.

տնտեսագետ, 27 տ.

- Երևի ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, որովհետև ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանության շարքերում չեմ տեսնում այն ուժը, որին կարելի է վստահել ու ձայն տալ: Այնուամենայնիվ ձեռնպահ չեմ մնում, միշտ հետաքրքրվում եմ, նախընտրական ծրագրերին որոշ չափով ծանոթանում եմ:

Սակայն չկա այնպիսի կուսակցություն, որի ծրագրին լիարժեք ծանոթ լինեմ:

Որովհետև դրանց դրույթները, միևնույն է, չեն իրականացվելու, մնալու են գեղեցիկ շարադրանք: Եվ հենց այդ համոզվածությունն է խոչընդոտում, որ լրջորեն վերաբերվեմ նախընտրական ծրագրերին: Նախորդ ընտրություններին ձայնս տվել էի ՀՅԴ-ին, բայց նրանք իրենց դրսևորեցին իսկական խաբեբաների նման: Ինձ նման շատերը վստահեցին, իսկ նրանք 3 ամիս անց դուրս եկան Խորհրդարանից: Խոստումներն իհարե չիրականացվեցին, քան որ մանդատները հանձնեցին և հեռացան: Մեր պատգամավորին երբևէ չեմ հանդիպել, ցանկություն էլ չունեմ: Ի՞նչ բողոքեմ, ինչի՞ մասին խոսեմ, միևնույն է, ոչինչ չի փոխվի: Իրենք չգիտե՞ն, թե ինչ են անում:

Նարի ՆԵՐՍԻՍՅԱՆ. իրավաբան, 27 տ.

- Ընտրություններին այնքան էլ դրական չեմ վերաբերվում, որովհետև համոզված եմ` նոր բան չի լինելու: Մասնակցելու եմ անպայման: Բայց միանշանակ` բոլորին դեմ եմ քվեարկելու: Գիտեմ, որ ձայնս ոչինչ չի որոշելու, և լինելու է այն, ինչ պետք է լինի: Բայց գնալու եմ` մարդկանց տրամադրությունն ուսումնասիրելու համար: Նախընտրական ծրագրերին չեմ ծանոթանում. որպես կանոն` դրանք մնում են թղթի վրա: Շատ սիրուն են գրվում, բայց դրանց չնչին մասն անգամ չի իրականացվում: Այնպիսի տպավորություն է, որ արտագրել են միմյանցից: Մեկն ուսումնասիրելով` կարելի է կարծիք կազմել մյուսների մասին: Իսկ նախորդ ընտրություններին ձայնս տվել էի «Ժառանգությանը»: Եվ անկեղծ լինեմ` տեղյակ չեմ` որևէ բան իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Իրենք փորձում են ակտիվություն դրսևորել, բայց չգիտեմ, թե որքանով են անկեղծ:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

-Անպայման մասնակցելու եմ ընտրություններին: Արդեն կողմնորոշվել եմ, թե ում օգտին եմ քվեարկելու: Ծրագիրն ինձ համար այնքան էլ էական չէ, քանի որ առանց դրա էլ ես իմ ընտրությունը կատարել եմ: Նախորդ ընտրություններին ևս ԲՀԿ-ին եմ ընտրել և վստահ կարող եմ ասել, որ որոշ դրույթներ իրականացվել են:

Կարինե ՂՈՒՄԱՇՅԱՆ. բանասեր, 25 տ.

- Ընտրություններից ոչ մի լավ բան չեմ սպասում, բայց մասնակցելու եմ: Անկեղծ ասած` դեռ չեմ որոշել թե ում եմ ձայն տալու: Նախընտրական ծրագրերին չեմ ծանոթանում, քանի որ մեկը մյուսից տարբերվում է ընդամենը նախադասությունների տարբեր ձևակերպումներով: Գրեթե նույնն են: Նախորդ ընտրություններին չեմ մասնակցել: Իսկ հիմա էլ մասնակցում եմ միայն նրա համար, որ մեկ ուրիշն իմ փոխարեն չընտրի:

Գագիկ ՂԱՐԻԲՅԱՆ. էներգետիկ, 54 տ.

- Անպայման մասնակցելու եմ ընտրություններին: Թեպետ դեռ չեմ որոշել, թե ում եմ ընտրելու, քանի որ պատրաստվոմ եմ ծրագրերին ծանոթանալ: Կարծում եմ, դա կարևոր քայլ է, քանի որ հիմնականում կողմնորոշվում եմ ծրագրերին ծանոթանլով: Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ին եմ ձայնս տվել: Եվ որոշ խոստումներ իրականացվել են:

Լավրենտի ԱՂԱՍՅԱՆ. նկարիչ, 60 տ.

- Այո, անպայման կմասնակցեմ: ՀԱԿ-ի օգտին եմ քվեարկելու: Անկեղծ կլինեմ` նախընտրական ոչ մի ծրագիր ինձ չի հետաքրքրում: Ինչ-որ գրվում է, սուտ է: Իմաստ էլ չունի ժամանակ վատնել` դրանք կարդալով: Թղթի վրա ամեն ինչ շատ լավ է, այդ թվում մեր օրենքները, որոնք իրականում չեն կիրառվում: Նախորդ ընտրություններին չեմ մասնակցել:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

- Կմասնակցեմ ընտրություններին անպայման: Նախընտրական ծրագրերին ոչ ամբողջությամբ, բայց որոշ չափով պարտադիր ծանոթանում եմ: Կարծում եմ անպայման պետք է հիմնվել դրանց վրա, քանի որ հենց այդ դրույթները պիտի կյանքի կոչվեն: Ցավոք դրանք չեն իրականացվում: Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ին եմ ձայն տվել և որոշ դրույթներ իրականացվել են:

Մարիամ ԱԹՈՅԱՆ. վաճառողուհի, 40 տ.

- Չեմ ընտրելու, որովհետև ոչ մեկին չեմ հավատում: Ծրագրերին ևս չեմ հավատում, իմաստ չունի նույնիսկ ընթերցել, քանի որ տեսնում եմ երկրիս վիճակը:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

- Իհարկե կմասնակցեմ: Նախընտրական ծրագրերին չեմ ծանոթանում, քանի որ ամեն ինչ պարզ է: Փոքր երկիր է, և մինչև նախընտրական փուլն ամեն ինչ իմանում ենք, իմանում ենք, թե ով ում բարեկամն է: Այս անգամ հավանաբար ձայն կտամ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության օգտին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ