ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցությունն իրատեսական չէ


 

Վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահը մասնակցեց ԵվրԱզԷՍ-ի նիստին: Հայաստանն առայժմ ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի: Մինչև ե՞րբ կարող է Հայաստանն այդպեսի մասնակցություն պահպանել այդ կառույցում և ի՞նչ խնդիրների հետ է կապված մեր երկրի հնարավոր անդամագրումն այդ կառույցին: Այս հարցերի շուրջ է զրույցը Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Չունենալով ընդհանուր սահման Ռուսաստանի Դաշնության կամ ԵվրԱզԷՍ-ի անդամ որևէ երկրի հետ, Հայաստանն այդ միությանն անդամակցելու դեպքում կտուժի այն առումով, որ Հայաստանն ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր է:

Բայց մյուս կողմից նույնքան հասկանալի է, որ ԵվրԱզԷՍ-Հայաստան կապը Ռուսաստանի հետ ավելի լայն` ռազմաքաղաքական համագործակցության շրջանակների մի մասն է: Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, բայց այդ երկիրը չափազանց ակտիվ կերպով ներգրավված է մեր տնտեսության, մեր շուկայի մեջ, և չափազանց մեծ է նրա դերը Հայաստան Էներգակիրների ներմուծման առումով: Այնպես որ, կարծում եմ` հաշվի առնելով Հայաստանի զբաղեցրած աշխարհագրական դիրքը, մի կողմից ԵվրԱզԷՍ-ում գործող շատ դրույթներ մեր հանրապետության տնտեսության համար վտանգավոր են` վրացական և ադրբեջանական գործոնները հաշվի առնելու դեպքում: Բայց դրա հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել Ռուսաստանի գործոնը` որպես մի երկիր, որի ներդրումները Հայաստանում օտարերկրյա կապիտալի մեծ մասն են կազմում: Նաև` ԵվրԱզԷՍ-ն այն կազմակերպությունն է, որը կարող է վարկեր տրամադրելով աջակցել Հայաստանի տնտեսությանը: Այսինքն, այս կազմակերպությանն անդամակցելը մեր երկրի տնտեսության համար և´ վտանգավոր է, և´ շահավետ: Բայց աշխարհագրական դիրքը խաղում է իր բացասական դերը:

Մեր քաղաքական որոշ գործիչներ Հայաստանի ապագան համառորեն տեսնում են ԵվրԱզԷՍ-ի կազմում: Մեր երկրի և´ քաղաքական, և´ տնտեսական անվտանգությունը կապում են այդ կազմակերպության հետ: Իրողություն է, որ լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ-ի հետ և ցանկություն ունի անդամագրվելու Եվրամիությանը: Այս ամենում արդյո՞ք հակասություն չկա: Չէ՞ որ ԵվրԱզԷՍում և ԵՄ-ում կան փոխադարձ անընդունելի դրույթներ:

- Ամենաառաջինը` Հայաստանը տեսանելի ապագայում Եվրամիությանը չի անդամակցի, դրա հնարավորությունն էլ չի ունենա: Եվ Հայաստանն այժմ պարզապես մասնակցում է որոշ ծրագրերի, որոնք ուղղված են մեր երկրի քաղաքական և տնտեսական ավելի մերձեցմանը ԵՄ-ին: Բայց կա ինչ-որ մի սահման, որը Հայաստանն ու հետխորհրդային պետությունները դեռ երկար ժամանակ ի վիճակի չեն լինելու հաղթահարել: Եվ ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, այլ պարզապես ԵՄ-ում գոյություն ունեցող խնդիրների պատճառով: Կարծում եմ` դեռ երկար տարիներ դժվար թե ԵՄ-ն ինչ-որ կերպ կարողանա ընդլայնվել, որովհետև Հունաստանի և ընդհանրապես ԵՄ-ի ներսում ֆինանսատնտեսական և քաղաքական խնդիրները լուրջ զսպիչ դեր են կատարում դեպի Արևելք Բրյուսելի ընդլայնման հարցում:

Բայց այսօր շատ ինտենսիվորեն են ընթանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության բանակցությունները:

- Խոսքն ասոցացված անդամակցության մասին է: Դա լիարժեք անդամակցություն չի ենթադրում: Շատ այլ երկրներ, այդ թվում և Վրաստանն արդեն այդ ձևաչափն ունեն: Նաև Ադրբեջանն է այդ ձևաչափին մասնակցում, Ուկրաինան, Մոլդովան: Ռուսաստանն ինքն է ԵՄ-ի հետ հարաբերությունները դիտարկում: Դա պարզապես ավելի արտոնյալ հարաբերությունների ձևաչափ է, ինչը չի նշանակում լիարժեք անդամակցություն, և այդ հարցն, ինչպես ասացի, դեռ երկար տարիներ կպահանջի:

Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք, որ Ռուսաստանը ճնշում գործադրի Հայաստանի վրա` նրանից պահանջելով լիարժեքորեն անդամակցել ԵվրԱզԷՍ-ին:

- Ոչ, որովհետև այդ դեպքում Հայաստանը տնտեսական որոշ կորուստներ կկրի, ինչը չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի շահերից: Այդ դեպքում վերջինս ստիպված կլինի Հայաստանին իր տնտեսական աջակցության ծավալները մեծացնել: ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցության դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իր ռազմաքաղաքական դաշնակիցը տնտեսական կորուստներ կունենա, և ռազմաքաղաքական նպատակներից ելնելով, Ռուսաստանը ստիպված կլինի Հայաստանին ավելի շատ դոտացիաներ հատկացնել: Արդյունքում կտուժեն և´ Հայաստանը, և´ Ռուսաստանը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի գործարարների, ներդրումների 99 տոկոսը քաղաքական շարժառիթներ ունեն:

Ասացիք` ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում է Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը: Բայց այդ նույն պայմաններում ՀՀ-ն ու ՌԴ-ն երկկողմ ռազմաքաղաքական ու տնտեսական գործընկերություն են զարգացնում:

- Ճիշտ հարցադրում է: Խնդիրն այն է, որ ԵվրԱզԷՍ-ին անդամակցության դեպքում պարզապես շատ մաքսային խնդիր- ներ են առաջանալու: Իհարկե, այսօր էլ Վրաստանի տարածքով է կատարվում տնտեսական և էներգակիրների փոխադրումները: Բայց դա կատարվում է այլ ձևաչափով` օտար երկրների միջև տնտեսական հարաբերությունների շրջանակում:

ԵվրԱզԷՍ-ի գոյությունը չի՞ նշանակում նոր աշխարհաքաղաքական կենտրոնի առաջացում:

- Պուտինի նախընտրական ծրագրերում Եվրասիական միության հիշատակումը ներառում է այն, որ ԵվրԱզԷՍ-ն այդ կառույցի հիմքերից մեկը պետք է դառնա: Բայց համոզված չեմ, թե տնտեսական առումով Ռուսաստանը դրա հնարավորությունն ունի: Իրականում ՀԱՊԿ-ի օրինակը ցույց է տալիս, որ հետխորհրդային տարածքում քաղաքական ինտեգրացիայի գործընթացները բավական լուրջ խնդիրներ ունեն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ