«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ...»


ԱՎԱՆ համայնքում գործող թաղապետի մասին սիրով են խոսում բոլորը: Նրանցից մեկի ինքնաբուխ խոսքը, սակայն, ամփոփումը կարելի է համարել բոլոր կարծիքների. - Տարոնը իր հոր արժանի զավակն է: Շատ էի ուզում այդ մասին երբևէ ասել լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին: Բայց չհասցրի: Որոշեցի նրան նամակ գրել. դարձյալ ուշացա: Եթե խոսքս եք ուզում, տպագրեք, խնդրում եմ այս տողերը,- ասաց Ավան-Առինջի բնակչուհի Թ. Ղուկասյանը: - Բարեբախտաբար, ընտրողներս այս անգամ չսխալվեցինք: Եվ իբրև գնահատանք` ավանցիները պատգամ ունեն. - Այս բոլոր մարդկանց դո°ւ պետք է առաջնորդես և ուղղորդես: Խոսքով` ժլատ, հոգով` շռայլ, գործով` անգերազանցելի. այսպես են ճանաչում նրան Ավան համայնքում, որի բնակիչները պարծենալու շատ առիթներ ունեն: Իր բարետեսությամբ Ավանը անմրցելի է, և պատահական չէր, որ 2007-ին այն ճանաչվեց լավագույն համայնք: Շատերը հիմա երևի կդժվարանան պատկերացնել, որ մինչ քաղաքական խառնաշփոթում շատերը կորցնում են իրենց մարդկային նկարագիրը, անհատներ կան, ովքեր իրենց գործունեությամբ այնպիսի հետք են թողնում հասարակական գործընթացներում, որ երկար է հիշվում: Իսկ մեկ ուրիշ բնակիչ փաստում է` իսկապես, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Արժանապատվության բարձր գիտակցումով արդեն քանի տարի Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանն է շարունակում բարի գործերով մարդկանց հիացնելու, այլոց հոգսը թեթևացնելու` Մարգարյան տոհմի առաքելությունը: Շարունակում է այն նույն հավատով ու վճռականությամբ, որ բնորոշ է մշեցու արմատներ ունեցող, մշո գենին հավատարիմ էությանը : Տարոն Մարգարյանին ճանաչողները նրան բնութագրում են առաջին հերթին իբրև անսահման բարությամբ օժտված անձ, նեղյալին կարեկից բարեկամ, համայնքում ապրող ամենքին ու յուրաքանչյուրին աջակցելու համակ պատրաստակամություն: Շարքային բնակիչն, իհարկե, տեղյակ չէ բազում ու բազմապիսի այն ծրագրերից, որոնք թաղամասը շենացնելուն են միտված: Սակայն դրանց արդյունքում ավանաբնակն հպարտ է իր համայնքով: Թաղապետարանի ու թաղապետի ջանքերով Ավանը կարելի է համարել Երևանի ամենաբարետես ու գեղեցկատես թաղամասը: Ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում վերջին երեք տարիներին կանաչապատ պուրակներ են, բարեկարգ ճանապարհներ ու պայծառ լուսավորված փողոցներ, մանկական խաղահրապարակներ: Բնակիչները այս բոլոր ձեռքբերումների կողքին շնորհակալությամբ են փաստում, որ ազատվել են տարբեր ծառայությունների համար այլ թաղամաս գնալու ծանր պարտականությունից: Թաղապետը նաև լուծեց այս հոգսը. Ավանում արդեն գործում են հարկային, պետռեգիստրի, կադաստրի և նոտարական գրասենյակի ծառայություններ: Առհավատչյա, որ բոլոր ջանքերն են ի սպաս դրվել ավանցու բարեկեցությանը: Ուշադրության կենտրոնում պահելով մատաղ սերնդի դաստիարակության խնդիրները, թաղապետը փորձում է նաև գեղեցիկ անակնկալներով կրկնակի դարձնել ավանցի երեխաների բոլոր տոները: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, օրինակ, բոլոր բակերում կազմակերպվում են ուրախ ժամանցային ծրագրեր` հանրապետության ճանաչված դերասանների մասնակցությամբ: Օրն այդ մանուկների համար լիարժեք տոնական է դառնում նվերների ու պաղպաղակների առատությունից: Ի դեպ, 2007 թ. համայնքի բոլոր մանկապարտեզներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Եվ, հավելումն այս ամենի` փաստենք, որ մանկահասակ երեխա ունեցող ծնողները ձերբազատվել են վարձերը վճարելու հոգսից: Թեև հանրակրթական դպրոցները գտնվում են Քաղաքապետարանի ենթակայության ներքո, սակայն մեծ է թաղապետի հոգածությունը նաև համայնքի դպրոցների հանդեպ: Առհավատչ յան` 2007-ին վերանորոգված կրթօջխաներն են: Առանց մշակույթի անհնար է պատկերացնել համայնքի առօրյան: Այդ մտայնությամբ էլ երիտասարդ թաղապետը հովանավորում և աջակցում է գործող մշակութային խմբերին: Թաղապետարանի միջոցներով հիմնանորոգվել է Գ. Բուդաղյանի անունը կրող արվեստի դպրոցը, որտեղ կրթվում և դաստիարակվում է ավանցի շուրջ 200 երեխա: «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսը վերջին երեք տարիներին առաջնահերթ է դարձել ավանցիների առօրյայում. համայնքում գործող թիվ 1 մարզադպրոցի 450 սաները բազում հաղթանակներ են արձանագրել: Թաղապետարանն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում համայնքի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը: Ամեն տարի անապահով ընտանիքներին տրամադրվում է վառելափայտ: Գործող 2 բարեգործական ճաշարաններում ընդգրկված է 300 շահառու: 150 տարեցների համար նախատեսվում է բացել «ծերապարտեզ», որը հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի է լինելու: Նորածին ունեցող կարիքավոր ընտանիքներին տրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ: Խոսել անապահով խավի սոցիալական խնդիրների մասին և գերխնդիր չհամարել զոհված և անապահով ազատամարտիկների ընտանիքներին հուզող հարցերը, բնականաբար, Տարոն Մարգարյանը չէր կարող: «Ինքնորոշված Արցախին օգնություն» միության հետ համատեղ 15 ազատամարտիկների ընտանիքներ ապահովվել են բնական գազով և վառարաններով: Հայրենական պատերազմի և աշխատանքի, Արցախյան ազատամարտի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին (շուրջ 170 մարդ), տարեց միայնակ թոշակառուներին, ծնողազուրկ, անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար ցուցաբերվում է աջակցություն: Կատարած գործն ու նորանոր ազգանպաստ ծրագրեր կենսակոչելու նախանձախնդրությունը այսօր այլընտրանք որոնելու մտահոգությունից զերծ են պահում ազգաբնակչությանը. Ավանի թաղապետի ընտրություններում վերստին Տարոն Մարգարյանի թեկնածությունը, համոզվել ենք` պատրաստ է պաշտպանել յուրաքանչյուր ընտրող: Իսկ ինքը խոսել չի սիրում, «գործե°րը պետք է խոսուն լինեն» իր սկզբունքին հավատարիմ: Բնակիչների հետ հանդիպելուց և զրուցելուց հետո, փորձեցինք զրուցել նաև Տարոն Մարգարյանի հետ: - Ուղիղ երեք տարի առաջ, ստանալով ժողովրդի վստահության քվեն, ստանձնեցի Ավան համայնքի ղեկավարի պարտավորություններն ու լիազորությունները: Պարտավորություններ, որոնք առաջին հերթին պայմանավորված էին իմ նախընտրական ծրագերի իրագործմամբ, և օրենքով սահմանված լիազորություններ, որոնց միջոցով փորձել եմ առկա հնարավորությունների շրջանակներում լուծում տալ համայնքում առկա հիմնախնդիրներին: Համայնքի ղեկավարի իմ եռամյա գործունեության գնահատականները թողնում եմ ժողովրդին: Չեմ ժխտում, որ մեր թաղամասի բարօրության ու հետագա զարգացման համար, անշուշտ, դեռ կան շատ անելիքներ: Համոզված եմ, որ համատեղ կարող ենք մեր համայնքի զարգացման ու բարգավաճման նոր որակներ ապահովել: Վստահ եմ, որ յուրաքանչյուր ավանցի իր համայնքի ձեռքբերումներով հպարտանալու նորանոր առիթներ և հնարավորություններ է ունենալու: Նրա հետ առնչվողին հիացնում է երիտասարդ թաղապետի համեստությունը, աշխատանքային հաջողությունները թիմակիցների համախմբված աշխատանքին վերագրելը: Վերարտադրելով բնակիչների երախտիքի խոսքերը և նրանց ոգևորությունը` վերստին Տարոն Մարգարյանի առաջադրման կապակցությամբ, համոզված ենք և անվերապահորեն հավատացած, որ Ավանի բնակիչները մայիսի 18-ին միահամուռ և միակամ կգնան ընտրությունների` սիրով իրենց ձայնը տալու խոսքը գործի վերածող թաղապետին:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ