Թատերախաղի ենթատեքստը


Անցյալ շաբաթ, վկայակոչելով ապրիլի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի արած «գաղտնազերծումը»` Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդությամբ Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հանդիպում կազմակերպելու մասին, վերջինիս գրասենյակը մամուլում հրապարակեց այդ չկայացած հանդիպմանն առնչվող երկու նամակ: Առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 10-ի ուղերձն էր երկու գործիչներին,երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 11-ի գրավոր պատասխանը: Այդ հրապարակումների թաքուն ենթատեքստը հասարակական լսարանին… մոլորեցնելն էր: Իբր` Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն այնքան պարկեշտ է, որ «փաստի խորհրդապա հական լինելու պատճառով… զերծ է մնացել հիշյալ նամակները հրապարակելուց»: Սակայն այժմ, երբ Ստեփան Սաֆարյանը, իբր իրենց համար անսպասելիորեն «բացբերանություն» է արել, իրենք «նպատակահարմար են գտնում տպագրել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը և Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը»: Միայն հայաստանյան քաղաքական իրողություններից կատարելապես անտեղյակ մարդը չի հասկանա, որ այս ամբողջը առ ի դեպս օգտագործելու համար կանխավ մտահղացված թատերախաղ է, իսկ Ստեփան Սաֆարյանի «բացբերանությունը`» դրա «քողարկման օպերացիան»: Ստեփան Սաֆարյանը միայն «ժառանգության» պատգամավորը չէ. հազիվ թե նախկին Նախագահը չգիտեր, որ Ստեփան Սաֆարյանը այդպիսի հարցազրույց է ունենալու և գաղտնազերծում է անելու: Ուրեմն, թույլ տվեք չբացառել, որ հենց ինքն էր դա հրահանգել: Ո՞րն է այս թատերախաղի իմաստը: 1-ին` բարձրացնել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարկանիշը հանրության աչքում, նրան ներկայացնել իբրև ստեղծված իրավիճակով մտահոգ գործիչ, որում «ողջունելի նախաձեռնությանը», իբր, Տեր-Պետրոսյանը նախապես տեղյակ չի եղել: 2-րդ` «Ազատություն» ռադիոկայանի միջոցով և Ստեփան Սաֆարյանի շուրթերով հանրությանն իրազեկել, թե «մինչև ստրասբուրգյան քննարկումները Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր և° նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին, և° Սերժ Սարգսյանին` պատրաստակամություն հայտնելով նպաստել երկխոսությանը: Համենայն դեպս Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից եղել է անգամ գրավոր համաձայնություն: Պարոն Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, սակայն որևէ հաստատակամություն կամ հաստատական պատասխան չի եղել»: Փաստորեն, նրա համար անգամ ապրիլի 25-ին, այսինքն երկրի ղեկավարի երդմնակալության արարողությունից ավելի քան երկու շաբաթ հետո, Սերժ Սարգսյանն ընդամենը…Սերժ Սարգսյան է, և ոչ թե գործող Նախագահ: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը Ստեփան Սաֆարյանի համար…Նախագա¯հ է, ոչ թե գոնե… նախկին Նախագահ: Բայց սա դեռ ուշադրության ոչ այնքան արժանի փարիսեցիություն է, արտաքուստ աչքի չզարնող մանր խարդավանք: Գլխավորն այն է, որ հասարակությանը ներշնչվի, թե Սերժ Սարգսյանը խուսափե¯լ է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելուց, իսկ «Նախագահ Տեր-Պետրոսյանը…» չի¯ խուսափել… Իրականում ամենևին այդպես չէ: Սերժ Սարգսյանը ընտրություններից թե° առաջ, թե° հետո, դեռ մինչև մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ու դրանի°ց էլ հետո, բազմիցս հրապարակավ հայտարարել է անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության պատրաստակամության մասին: Այս «բոլորի» մեջ, անշուշտ, նկատի էր առնվում նաև ՀՀՇ-ն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքակիրթ երկխոսության նվազագույն ցանկություն չէր ցուցաբերում: Ամենաանպարկեշտ արտահայտություններով զազրախոսում, վիրավորում էր այն ժամանակ դեռ գործող Վարչապետին, ապա նաև ընտրված Նախագահին: Տեր-Պետրոսյանը չէր թաքցնում, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ կարող է խոսել միայն իշխանությունը կամավոր կերպով իրեն հանձնելու մասին: Սպառնում էր, պահանջում իր քաղաքական մրցակցի հրաժարականը, ցինիկաբար խոստանում, թե կամավոր հեռանալու դեպքում ինքը «երաշխավորում է, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սանգսյանին չե¯ն դատի…»: Սա սեփական անպատժելիության մեջ համոզված, իշխանության բռնազավթման իր արկածախնդրական ձեռնարկի վերջնական արդյունքի նկատմամբ կատարելապես ինքնավստահ մարդու հոխորտանք էր: Նույնիսկ մարտի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանին գրած իր նամակում նախկին Նախագահը, ձևականորեն ողջունելով դաշնակցի «նախաձեռնությունը», Սերժ Սարգսյանի հետ իր հնարավոր հանդիպման նախապայմաններ է առաջ քաշել: Պահանջել է «արտակարգ դրության դադարեցում, խոսքի, մամուլի, զանգվածային միջոցառումների անցկացման ազատություն, քաղբանտարկյալների ազատ արձակում և մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննության իրականացում»: Կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը, այն ժամանակ դեռ Վարչապետ, թեկուզև արդեն ընտրված Նախագահ, ընդունել և մանավանդ` իրականացնել այս նախապայմանները: Իհարկե, ոչ: Արտակարգ դրությունը Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, դրանից բխող սահմանափակումները ինքը չէր մտցրել, այսպես կոչված «քաղբանտարկյալներին», նույնիսկ ցանկության դեպքում, ազատ արձակելու հրաման տալ չէր կարող, մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննության խոստում` նույնպես: Դրանք, դեռ որպես Վարչապետ, նրա իրավասութ յուններից ուղղակի դուրս էին: Իսկ նա երկրի օրենքները հարգող գործիչ է: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտեր այդ մասին. հետևաբար, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու` իբրև թե Րաֆֆի Հովհաննիսյանից եկող «նախաձեռնությանը» նրա տված «նախապայմաններով համաձայնությունը» կատարելապես իմաստազուրկ էր: Դա երկխոսությանը առերևույթ համաձայնելու, իսկ իրականում մերժելու անթաքույց, եթե չասենք` անբարո թատերախաղ էր, հետագա օգտագործման համար նախապատրաստված քարոզչական նյութ: Ի՞նչ են խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու այն ժամանակ դեռ Վարչապետ Սերժ Սարգսյանը այդ նախապայմանների մասին: «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում Ստեփան Սաֆարյանն այդ առթիվ ոչինչ չի հաղորդել: Նա ընդամենը կատարել է իր ստացած քաղաքական հանձնարարությունը` հանրությանը մոլորության մեջ է գցել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, իբր, երկխոսությանը համաձայնե¯լ է, Սերժ Սարգսյանը` ոչ: Դժվար է ասել, թե ի՞նչ կարող էր տալ Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի այդ չկայացած հանդիպումը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան «ազնիվ մտահոգություններ» ուներ, հապա ինչու՞ երկու գործիչների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկ չարեց դեռ մինչև մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունները: Ինչու՞ իր դաշնակից ՀՀՇ-ականներին մի անգամ չասաց, թե հերիք է թշնամանք բորբոքեք ու ակնհայտ հեղափոխական գործունեություն ծավալեք, դա կարող է կործանարար լինել պետության ու ժողովրդի համար: Հակառակը, կանգնելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին` իր հերթին զգալիորեն նպաստեց երկրի ներքաղաքական իրադրության շիկացմանը: Երևի կարծում էր, թե նախկին Նախագահի հերթական արկածախնդրությունը` երկրորդ անգամ բռնի ուժով իշխանությանը տիրանալու փորձը, նույնպես հաջողությամբ կպսակվի, ինչպես եղավ 1990-ին… Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, դեռ մարտի 11-ին իրոք մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը, ապա այդ մերժումը կարող էր պայմանավորված լինել հետևյալ հանգամանքներով. 1-ին` Սերժ Սարգսյանը հրաշալի հասկացել է իր հետ երկխոսություն վարելու այս ամբողջ թատերական ներկայացման թաքուն ենթատեքստը և պետության շահերի տեսակետից անթույլատրելի է համարել դրան մասնակցելը: 2-րդ` գիտակցել է, որ մինչև մարտյան ողբերգության հետաքննությունը չավարտվի, դրանում Տեր-Պետրոսյանի մեղքը դատաքննությամբ չհաստատվի կամ չհերքվի` իր կողմից նրա հետ քաղաքական երկխոսության գնալու ցանկացած համաձայնություն կդիտվի որպես նախկին Նախագահին քրեական պատասխանատվությունից ազատելու փորձ: Մարտի կեսերին, քանի դեռ իշխանությանը բռնի տիրանալու հույսը լրիվ չէր կորցրել, Տեր-Պետրոսյանի համար Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը ցանկալի չէր: Դրա համար էլ կանխավ անընդունելի և անիրագործելի նախապայմաններ էր առաջադրում: Այսօր այդ հանդիպումը Տեր-Պետրոսյանի համար խիստ ցանկալի կլիներ, մանավանդ եթե հաջողվեր նման հանդիպումը հասարակական լսարանին ներկայացնել իբրև իր առաջադրած նախապայմանների ընդունման արտահայտություն: Տարակուսելի չէ, որ գործող Նախագահի հետ իր այդ դեռ խի¯ստ կասկածելի հանդիպումը նախկին Նախագահը կօգտագործի որպես ջրից չոր դուրս գալու, թափված արյան համար քաղաքական, բարոյական ու քրեական պատասխանատվությունից անձամբ իր կաշին փրկելու միջոց: Դրա համար էլ ձեռնամուխ է եղել գործող Նախագահի դեմ հերթական հարձակմանը` այս անգամ նրան ներկայացնելով իբրև «երկխոսությունից խուսափող»: Նպատակը նորընտիր Նախագահի վրա ճնշումներն ուժեղացնելն է և նրան իր հետ հանդիպման դրդելը: Բայց, քանի դեռ մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննությունն ու դատաքննությունը չի ավարտվել` առաջին Նախագահի հետ ներկա Նախագահի որևէ հանդիպում, նրանց միջև որևէ «երկխոսություն» անհավանական է …

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ