«ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ» ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հեռարձակողների եվրոպական ընկերության «Եվրատեսիլ» երգի մրցույթը վերածվել է քաղաքական և ֆինանսական խաղերի: Գաղտնիք չէ նաև այն իրողությունը, որ 2011-ին Ադրբեջանը հաղթող դարձավ ոչ թե իր կատարողների բարձր վարպետության և տաղանդի, այլ միայն ու միայն նավթադոլարների շնորհիվ: Բաքվին խիստ անհրաժեշտ էր ձևավորել վարկանիշ և հեղինակություն ու նաև կառուցել նոր շինություններ` նախապատրաստվելով ԵՎՐՈ-2020-ին, որի համար հայտ է ներկայացրել նաև Իլհամ Ալիևի երկիրը:

Թվում էր, որ գոնե «Եվրատեսիլ-2012»-ն աչքի կընկնի ազնվությամբ ու շիտակությամբ, քանի որ արդեն շատերն են խոսում ներկուլիսային այլանդակությունների և պայմանավորվածությունների մասին: Այս անգամ հաղթող դարձավ Շվեդիայի երգչուհի արաբ Լորենը, ով իր կատարած երգով իսկապես հմայեց ու գերեց շատերին: Երևի կասկածներ չկային, որ տեղի է ունեցել ազնիվ քվեարկություն, և հաղթող է ճանաչվել արժանավորը: Սակայն բոլոր ազնիվ մղումները հօդս ցնդեցին, երբ շոուի ավարտին հնչեց «Վատերլոո» երգը, որը 1974 թվականին հաղթանակ բերեց ԱԲԲԱ համույթին:

Ի՞նչն է մեզ ստիպում խոսել հիասթափության մասին, այն մասին, որ այս հաղթանակը ևս կանխորոշված և վաղօրոք նախապատրաստված էր: Ավարտական երգի կատարման համար հրավիրվել էր All StΖr BΖnd խումբը, որի կազմում ընդգրկված էին Մարիա Շերիֆովիչը, Ալեքսանդր Ռիբակը, Դիմա Բիլանը, Լենա Մայերը և ադրբեջանական Ell ΕΖΗΘΚ Nikki երկյակը: Ինչպես պարզվեց, արդեն երկու օր առաջ այս աստղաբույլը հանձնարարություն էր ստացել սովորել նշանավոր երգի բառերը, ապա երկու փորձ էր անցկացվել ու նախապատրաստվել էր երգի ձայնագրությունը: Ուրեմն, որևէ անակնկալ չկար, որ շվեդական երգը պիտի դառնար հաղթող. ամեն ինչ որոշված էր և հստակեցված: Ահա այսպես: Իսկ մենք դեռ շարունակում էինք հավատալ, թե լինում են օբյեկտիվ մոտեցումներ, թե հաղթանակը որոշվում է համաեվրոպական քվեարկությամբ: Ո´չ, ամեն ինչ նախօրոք որոշվում է Հեռարձակողների միությունում, որը, ինչպես պարզվում է, ամենաայլանդակ կազմակերպություններից մեկն է` ծախված տարբեր քաղաքական շահերի ու շահատակությունների: