ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


 

ԱԺ ընտրություններից հետո, երբ ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն մաս է կազմելու իշխանական կոալիցիայի, Գյումրիում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածուներ էին դիտարկվում միայն գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Արման Սահակյանը, ով պարտվել էր թիվ 34 ընտրատարածքում: Սակայն հիմա, երբ այլևս ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում չէ, Գյումրիում քննարկվում են նոր նախընտրական սցենարներ:

Հիշատակվում է, որ ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Բալասանյանը որոշել է անպայմանորեն մասնակցել քաղաքապետի ընտրություններին` այսպես վերադարձնելու համար իր ամբիցիաներն ու նորից տեղ գրավելու իշխանական բուրգում:

Քաղաքապետ դառնալու մտադրություն ունի նաև մյուս ԲՀԿ-ականը` Մարտուն Գրիգորյանը, ով հազիվ թե զբաղեցնի ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Ստացվում է, որ Գյումրիում սպասվում է բավական լարված ընտրապայքար, քանի որ հիմնականում իրար դեմ են ելնելու ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Չի բացառվում, որ ՀԱԿ-ը ևս ցանկություն հայտնի մասնակցել ՏԻՄ ընտրություններին` առաջադրելով քաղաքապետի իր թեկնածուին: Իհարկե, Վարդան Ղուկասյանի դիրքերը բավական թուլացել են, սակայն հազիվ թե գործող քաղաքապետը սիրահոժար կերպով համաձայնի թողնել պաշտոնը: Մանավանդ` նա չի վերցրել իր պատգամավորական մանդատը: