ՕԵԿ ՆՈՐ «ՄՏՔԻ ՏԻՏԱՆԸ»


 

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու նրա կուսակիցները մշտապես բողոքում են, որ կուսակցության նկատմամբ «սև PR» է իրականացվում, որ մի շարք լրատվամիջոցներ խոչընդոտեցին, որպեսզի կուսակցությունը ստանար իրեն արժանի ձայները: Բայց, պարզվում է, որ հենց կուսակցությունն ինքն է իր դեմ հակաքարոզչություն իրականացնում` երբեմն ասուլիսների ուղարկելով «մտքի տիտանների», որոնց արտահայտած մտքերը միայն զվարթ փռթկոցներ են առաջ բերում:

Այսպես, մայիսի 28-ին ասուլիս հրավիրած Իշխան Խաչատրյանը, ով ներկայացնում էր կուսակցության պաշտոնական տեսակետը, հայտարարություն արեց, թե դեռ բանակցություններ են ընթանում ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու հարցում: Երևի 36 տարեկան հասակում Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ոչ պետական բուհի հեռակա բաժինն ավարտած Իշխան Խաչատրյանը նաև «հեռակա կարգով» է ծանոթ իր կուսակցության գործունեությանը: Այլապես կիմանար, որ կոալիցիա կազմելու պատրաստակամությունը ՕԵԿ-ը վաղուց էր հայտնել ու ճշտել նաև պորտֆելների հարցը: Միակ խնդիրը, որը դեռ լուծված չէ, ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը ՕԵԿ-ին տալն է: Ըստ որոշ տեղեկությունների, քննարկվել է Հեղինե Բիշարյանին այս պաշտոնում նշանակելու տարբերակը: