Պետք է արգելվի քարոզը


 

Վերջին օրերին հասարակության ամենատարբեր շրջանակներում և մամուլում քննարկման նյութը DIY ակումբի պայթեցումն ու դրան հաջորդած` մեզանում երբևէ չիրականացված` միասեռականների շքերթի փորձն ու դրա դեմ երիտասարդների ընդվզումն էր: Ավելորդ չենք համարում ընթերցողին ներկայացնել միջադեպի մասին կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ հետ զրույցը:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց գոյությունը մեզանում նորություն չէ: Բայց ինչո՞ւ նրանց առնչվող վերջին միջադեպերն այդպիսի հնչեղություն ստացան:

- Հայաստանում մոտ 40 տոկոս աղքատություն կա, 20 տոկոսից ավելին ծայրահեղ աղքատներն են: Եվ հանկարծ ի հայտ է գալիս մի քանի տոկոսին վերաբերող ինչ-որ մի երևույթ, որը հասարակության մեջ և մամուլում շատ ավելի մեծ արձագանք է գտնում, քան մեր այն խնդիրները, որոնք տասնյակ տոկոսներով են հաշվարկվում: Այդ փաստն արդեն կասկածների տեղիք է տալիս: Որպես ազգայնական ներկայացող և միասեռականությունը քննադատողներին ցանկանում եմ հիշեցնել, որ երբ 2009թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց միասեռականների իրավունքներին վերաբերող մի փաստաթուղթ, «Հայելի» մամուլի ակումբում ես և Կարինե Դանիելյանն աղմուկ բարձրացրեցինք: Մեր ընդդիմախոսն Արտգործնախարարության վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանն էր: Չգիտես ինչու` այն ժամանակ այդ նույն ազգայնական դաշտը լուռ էր:

Ի դեպ, նույնպիսի փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Իսրայելը: Ես ուզում եմ ասել, որ երբ ստորագրվում է մի փաստաթուղթ, որը վերաբերում է ողջ Հայաստանին` քար լռություն է տիրում, իսկ ինչ-որ մի օբյեկտի հրդեհի կամ ինչ-որ միջադեպի դեպքում մեծ աղմուկ են բարձրացնում: Ընդունելի չի, երբ սկսում են մարդկանց մեղադրել: Ընդորում, այդ ակումբն այրող մարդիկ շատ են խոսում ժողովրդավարությունից, բայց մոռանում են, որ մարդուն կարող է մեղավոր ճանաչել միայն դատարանը: Վերջապես, միշտ պետք է տարբերել սեռական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը և սեռական փոքրամասնություններին առնչվող քարոզը: Քարոզը միանշանակ պետք է արգելվի, որովհետև քարոզելով մի տեսակը, սկսում ենք ոտնահարել մնացած տեսակների իրավունքները:

Կարծում եմ` դրսի ուժերի հատուկ ծառայությունների պատվերը մեզանում կատարող մարդիկ գտնվեցին և գտան մեր հասարակությունը պառակտելու նոր միջոց:

- Ես այստեղ տեսնում եմ երկու ուժերի հետքը: Ընդորում, երկու ուժերի նպատակները տարբեր են: Դրսի ուժերը ամենայն հավանականությամբ հասարակությունը պառակտելու նպատակն են հետապնդում: Ներսի ուժերի հետքը նույնպես տեսնում եմ, բայց ենթադրում եմ, որ այս պարագայում նպատակն այլ է` շեղել հասարակության ուշադրությունը: Այդ ուժերը շահագրգռված են, որպեսզի մարդիկ հնարավորինս քիչ սևեռվեն իրական խնդիրների վրա:

Հետաքրքիր է, որ պառակտման համար հատկապես այդ թեման ընտրվեց: Մինչ այդ նկատելի էր, որ անհրաժեշտության դեպքում կարողանում են համախմբվել նաև տարբեր քաղաքական կողմնորոշումներով, անգամ քաղաքականապես հակադիր ուժերը, մարդիկ. նույն ՀՀՇ-ն և ՀՅԴ-ը ընտրությունների ընթացքում հայտնվեցին միևնույն ճամբարում: Դրանից առաջ էլ փորձեցին կրոնական հողի վրա պառակտել: Հիշենք աղանդների հետ կապված միջադեպերը: Դա էլ ցանկալի արդյունք չտվեց, և հիմա գտան մի սուրբ տեղ, որին դիպչելու դեպքում հասարակության նյարդերն արդեն տեղի տվեցին: Բայց անուշադրության մատնել էլ չենք կարող: Ոչ ավանդական սեռական կողմնորոշման դրսևորումները չենք կարող անտարբերության մատնել, քանի որ դա մեր ինքնությանն է հարվածում: Ինչպե՞ս վարվել, երբ լռելը դժվար է, իսկ արձագանքելով` ջուր ենք լցնում այլ ուժերի ջրաղացին :

- Ես իզուր չասացի, որ հարկավոր է տարանջատել սեռական ոչ ավանդական կողմնորոշումը և դրա քարոզը: Սեռական փոքրամասնություններին պետք է վերաբերվել այնքանով, որքանով այդ երևույթը բնության մեջ կա` առանց կրքեր բորբոքելու: Այդպիսի մարդկանց մի մասը մեղավոր չի, որ այդպիսին է ծնվել: Բայց, կրկնեմ` պետք է արգելել դրա քարոզը: Օրինակ, ընդունենք` երեխայիս հետ զբոսնում եմ քաղաքապետարանին հարակից այգում: Չէ՞ որ զավթելով այդ այգին, այդ փոքրամասնությունները խախտում են իմ սահմանադրական իրավունքը:

Դուք հիշատակեցիք կոնկրետ տեղանք: Իմ գործընկերներից ոմանք զայրույթի պահին ասացին` եթե չլինեին «լավ տղերքը», սեռական փոքրամասնության ներկայացուցիչներից Ձեր նշած վայրում անցորդները հանգիստ չէին ունենա:

- Ընդհանրապես, տվյալ ազգի վերնախավը լինելու հավակնողները հենց այդ մասին հայտարարելու պահից ստանձնում են առնվազն մեկ կարևոր պարտականություն` կրթել սեփական ժողովրդին: Քանի որ քսան տարի ամեն ինչ արվում է, որպեսզի դեգրադացվի և թունավորվի հասարակությունը, նշանակում է` մեր վերնախավն այն չէ, ինչպիսին ջանում է երևալ: Այս իրավիճակում, երբ մեր օրգանիզմը թունավորված է, միակ մեղավորն, այսպես կոչված, վերնախավն է: Ուղղակի հակաքարոզ է ընթանում` մարդկային, ազգային արժեքների:

- Մենք ըստ էության ակնարկեցինք պետության պարտականություն մասին: Բայց չարաբաստիկ երթի ժամանակ պետությունը փորձեց գտնվել իր դիրքերում: Նկատի ունեմ այն, որ ոստիկանությունը կանգնեց միասեռականների և մյուս երիտասարդների միջև` կանխելով նրանց բախումը:

- Այո, ոստիկանությունը փորձում էր լինել այն անջրպետը, որը բախումների հնարավորություն չէր տալու: Բայց մեծ իմաստով, մեր քաղաքական այրերը` և´ իշխանությունում, և´ ընդդիմությունում պատասխանատու են այն նեգատիվ երևույթների համար, որոնք կան մեզանում: Մեր ողջ քաղաքական դաշտը փտել է և չկարողացավ դառնալ իրական վերնախավ:

Լավ, իսկ ո՞րն է ելքը:

- Նրանք, ովքեր ունեն որոշակի մտավոր կարողություն և իրոք մտածում են ողջ ազգի մասին, պետք է համախմբվեն և հույսեր չկապեն ներկա քաղաքական ողջ սպեկտրի հետ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ