Հիմնախնդիր

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՔԱՏ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ


 

Վիճակագրական բոլոր տվյալները վկայում են, որ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, ուր արտագաղթի ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում: Տարիներ շարունակ այս իրողությունները բացատրվել են 1988-ի երկրաշարժի հետևանքներով:

Եթե դիմենք անցյալի տվյալներին, ապա կարող ենք հիշել, որ Շիրակի տարածաշրջանը` իր մեջ ներառված հինգ շրջանով, Գյումրի, Արթիկ քաղաքներով ու Մարալիկ, Ախուրյան, Աշոցք քաղաքատիպ ավաններով, ապահովել է Հայաստանի արդյունաբերության մոտ 35 տոկոսը, գյուղատնտեսական արտադրանքի 22 և գիտական ներուժի 27 տոկոսը:

Շիրակի տարածաշրջանում էին գտնվում մի շարք խոշոր անասնապահական համալիրներ, ջրային հզոր տնտեսություններ: Անշուշտ, երկրաշարժն ահռելի վնասներ «պարգևեց», ոչնչացրեց հզոր արդյունաբերական համալիրը` մոտ հիսուն խոշոր ձեռնարկություն, որոնց մեջ էին նաև միութենական նշանակության Լենտեքստիլը, Հայքարհատմեքենան, Հայէլեկտրակենցաղսարք, Հայէլեկտրակոնդենսատոր և այլ միավորումներ: Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրի-Լենինականի, Մարալիկի, Արթիկի ձեռնարկությունները սկսեցին աշխատել` եղած հնարավորություններով ապահովելով արդյունաբերության գործունեությունը: Սակայն համընդհանուր սեփականաշնորհման ժամանակներում ամեն ինչ գրեթե զրոյացվեց, իսկ մի շարք ձեռնարկություններ էլ վերածվեցին մանր արտադրամասերի` ապահովելով միայն սեփականատերերի գերշահույթները: Ավելին, հզոր արդյունաբերական ձեռնարկությունների տարածքները վաճառվեցին` մինչև այսօր մնալով անօգտագործելի:

Փաստերի արձանագրումն, անշուշտ, կարելի է շարունակել, սակայն այս ամենը հայտնի է բոլորին, այս ամենի թվարկումը չի կարող մխիթարող լինել: Վերջին տարիներին, կարծես ինչ-որ բան արած լինելու համար, իշխանությունները կյանքի կոչեցին Գյումրու Տեխնոպարկի գաղափարը, որը տակավին մնում է մշուշոտ, մնում է հստակ արտահայտված հայեցակարգերից զուրկ: Տեխնոպարկից զատ` 2003 թվականին ԱԺ-ն ընդունեց օրենք Գյումրու մասին, որը մինչև այսօր մնացել է թղթի վրա` երբեմն-երբեմն օգուտ բերելով միայն նրա հեղինակին` «Գյումրի գարեջուր» ձեռնարկության սեփականատեր և ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ով այդ օրենքի դրույթներն օգտագործում է միայն իր սեփականության շահերը պաշտպանելու համար: Ուրիշ ոչինչ:

Ինչպես ողջ Հայաստանում, այստեղ ևս տնտեսության հիմնական «առաջատար ուժը» մնում է օլիգարխիկ-ֆեոդալական «հայեցակարգը», որն էլ ամեն ինչ կենտրոնացրել է անծրագիր, միայն տարերային շահերի մակարդակներում: Մինչդեռ համապատասխան ծրագրերի և ներդրումների շնորհիվ հնարավոր կլիներ ոչ միայն պայքար ծավալել աղքատության դեմ, այլև հասնել տնտեսական հիմնարար փոփոխությունների` վերականգնելով նախկին հզորությունները, սկիզբ դնելով նոր արտադրությունների և գյուղատնտեսության մեջ նոր ծավալների օգտագործման: Հասկանալի է, որ օլիգարխիկ-կիսաֆեոդալական համակարգի գոյությունը ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր Շիրակում բաշխել են ունեցվածքը և ամեն ինչ տանում են «կլանային-ախպերական» հունով` այսպես մարզն օրավուր մղելով դեպի հետ, դեպի ակնհայտ ոչնչացում: Իսկ ոչնչացման վտանգն իրապես առկա է:

Շիրակի մարզին նվիրված կառավարության որոշումներում, բացի բնակարանաշինությունից, այլ ոլորտներ չենք տեսնում: Իհարկե, որպես եզակի նմուշ, ներկայանում է Տեխնոպարկի ստեղծման և Գյումրիում մշակութային կենտրոն հռչակելու մասին որոշումը:

Շիրակի մարզպետարանի բազմաթիվ վարչությունների և բաժինների փաստաթղթերում ևս չենք գտնում որևէ առաջարկություն կամ նախաձեռնություն, որևէ ծրագիր: Հետևաբար, այս հսկա կառույցը, որը մոտ հարյուր աշխատող ունի, ընդամենը համակարգողի գործառույթն է ստանձնել` համայնքների հարցում իրականացնելով վերահսկող-պահանջող դիրքորոշում, ինչը երբեմն հակասության մեջ է մտնում ՏԻՄ օրենքի մի շարք դրույթների հետ:

Տասնամյակ շարունակ խոսվում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, մինչդեռ իրականում որևէ գործնական քայլ չի արվում:

Չի արվում, որովհետև Շիրակի մարզի խնդիրները չեն դառնում առաջնային: Օրավուր դատարկվող մարզը չի անհանգստացնում շատերին` տեղական իշխանություններից մինչև կառավարություն: Վերջերս հրապարակվեց մի թիվ, ըստ որի` անցած ամիսների ընթացքում Հայաստանը լքել է 58 հազարից ավելի մարդ: Այդ լքողների 65 տոկոսը Շիրակի մարզից են: Սահմռկեցուցիչ ցուցանիշ է, որը պիտի մտահոգի բոլորին, պիտի անհանգստություն ու տագնապ ծնի: Իսկ այդ անհանգստության գլխավոր արտահայտություններից մեկն էլ պիտի դառնա շուտափույթ կերպով պետական ծրագրի ընդունումը, Շիրակի մարզն ազատ տնտեսական գոտու վերածումը: Մեր հարևան մի շարք երկրներ արդեն կիրառել են այդ մոդելը և արդեն ընթանում են ազատ տնտեսվարության ճանապարհով: Վրաստանն այսօր սկսել է ծաղկում ապրել: Եվ այդ բարգավաճման «գլխավոր մեղավորը» միայն ծովը չէ: Մի շարք տարածքներ հռչակվել են ազատ տնտեսական գոտիներ, մշակվել է հարկային նոր վարչարարություն, ներդրողները երեք տարի ժամանակով ազատվել են հարկերից: Մեր իշխանությունները, չգիտես ինչու, հենց լսում են հարկերից ժամանակավոր ազատման մասին` կարկամում են, արագորեն փակում հարցը` չուզենալով մտածել, որ հարկերից ժամանակավոր ազատումը կձևավորի նոր տնտեսական համակարգ, կավելացնի ներդրումները, դեպի Հայաստան ու հատկապես Շիրակի մարզ կբերի բազմաթիվ գործարարների: Նրանց, ովքեր կամենում են Հայաստան գալ, սակայն բոլորին կաշկանդում են գործող հարկային խստացված օրենքները և այն կոռուպցիան, որը տեղ է գտել մեր մի շարք պետական կառույցներում:

Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության գերակա խնդիրը պետք է լինի անհապաղ Շիրակի մարզում ձևավորել նոր մարզպետարան, ստեղծել ծրագրերի կառավարման վարչություն, ներգրավել մարզի գիտական մտքի ու տնտեսական ոլորտների ներկայացուցիչներին, բանկային գործիչներին և մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա գոնե մինչև 2017 թվականը ոչ միայն վերականգնելու, այլև հարստացնելու մարզի կորսված ներուժը: Սահմանային մարզի թուլացումն ու կորուստը կարող է նաև պետականության կորստի նախադրյալներ դառնալ…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ