ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՎՃԻՏ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ


Շնորհիվ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ ՂԱԶԱՐՅԱՆԻ և երգիչ-կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արզաս ՈՍԿԱՆՅԱՆԻ կազմակերպչական ջանադիր հետևողականության` «Ազգային նվագարանների և հայ երգի անհատ կատարողների (պրոֆեսիոնալ և սիրողական) հանրապետական մրցույթը» մեկամսյա նպատակասլաց ընթացակարգի արդյունքում միանգամայն հստակ պատկերացում ձևավորեց ժողովրդական երաժշտարվեստի ներկա վիճակի մասին: ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել նաև Հանրապետության 9 մարզերի և Ստեփանակերտի 17-30 տարեկան երաժիշտների և երգիչ-երգչուհիների լիարժեք մասնակցությունը մայրաքաղաքում անցկացվող մշակութային կարևորագույն իրադարձությանը: Փողային, կսմիթային ու լարային նվագարանների, հարվածային գործիքների և վոկալի գծով հայտ ներկայացրած 76 երիտասարդներից 42-ը II փուլ անցան, իսկ նրանցից 23-ն արժանացան մրցանակների` 4 խմբավորված մասնագիտություններով, յուրաքանչյուր անվանակարգում` 3-ական մրցանակ և դրամական ու խրախուսական պարգևներ: Հաղթողների եզրափակիչ համերգը կրկնակի տոն էր կատարողական ունակությունների դրսևորման քննությունը շահածների և ազգային մշակույթի պահպանման հեռանկարով մտահոգ երաժշտասերների համար: Վաղվա օրվա խանդավառ հույսեր ներշնչեցին ազգային տարբեր նվագարանների նրբին հնչողությամբ հանդիսասրահում ժողովրդական հանրածանոթ մեղեդիների պարզ ու խորունկ հուզական ելևէջներն արթնացնողները` Սուսաննա Վարդանյանն ու Հերբերտ Ասատրյանը (շվի), Խաչատուր Աբրահամյանն ու Ալեքսանդր Սահակյանը (թառ), Արտավազդ Թադևոսյանն ու Վաչե Փաշինյանը (դուդուկ), Վարդան Դոլմաջյանը (սանթուր) և Նունե Դանիելյանը (քանոն): Անհամեմատ տխուր հեռանկար գծագրվեց երգարվեստի ասպարեզի համար: Սիրված երգերի (հատկապես` Շերամի ու Շահենի) մի քանի կիսաձայն կատարումներ ներքին ընդդիմություն էին հարուցում` ակամա կարոտ բորբոքելով դրանց հանրահայտ վարպետների երգարվեստի նկատմամբ: Այդուհանդերձ` ջերմ ընդունելության արժանացան Մերգելոս Ամիրխանյանը («Ակնա Անտունի»), Խաչիկ Շավարշյանը (Սասնա պարերգերի շարան) և, հատկապես, Արման Շահնազարյանը (հայկական քնարական երգաշար): Դրվատելի է այս մրցույթը (թվով` երրորդ) նախաձեռնողների անթաքույց միտումը` համընդհանուր ուշադրության առարկա դարձնել ազգային երաժշտարվեստի արժանավայել պահպանումն ու լայնածավալ տարածումը` այդպիսով մեծապես խթանելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը: Այս ազգանվեր գերխնդիրը հնարավոր կլինի բարեհաջող իրագործել պրոֆեսիոնալների հետ պետության կնքած դաշինքի հետագա ամրապնդմամբ միայն, մարտավարության խստապահանջ համակարգմամբ: Արվեցին առաջին լուրջ քայլերը: Հավատանք, որ դրանց հաստատուն ընթացքը կօգնի մեր ազգային մշակույթի` հայ ինքնության սյուներից մեկի, հիմքերի ամրացմանը: Հավատո հանգանակը Հայաստանի ժողովրդական նվագարանների պետական համույթի (գեղ. ղեկավար` Նորայր Դավթյան) երիտասարդական կազմի հասունացող վարպետության արտահայտությունը գեղեցիկ նվագն է: Ուրեմն` չեն ցամաքի ազգային երաժշտարվեստի վճիտ ակունքները...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ