ԱԶԱՏ ՃԱԽՐԱՆՔԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ


1. Ի հեճուկս պատերազմական դառնաղի ժամանակների Թե ինչ է նշանակում ծնվել 37 թվին, տոհմիկ արևմտահայ Խաչատուր հոր սիբիրյան 17-ամյա աքսորով կիսաորբ մանկության ու պատանեկության դատապարտված, Եղիսաբեթ մոր ու իրենց բակի Բետանա թթի ծառի ապրեցնող հոգատարությանն ու մեծ տան` սիրելի Երևանի բնակիչների անկաշառ հարազատությանն ապավինած Երվանդը հետո պիտի հասկանար: Ի հեճուկս պատերազմական դառնաղի ժամանակների, անդավաճան ընկերներով կենսուրախ քայլեր խենթ ու խելառ երազանքների կենսագործման փարոսին ընդառաջ` օպերային արվեստի մոգական հմայքով տարված, գտներ իրենում առկա անհատականության հունդի լիափթիթ հասունացման պարարտ հողը Պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի թատերախմբում, որ ղեկավարում էր ժողովրդական արտիստ Պերճ Գևորգյանը: Տիգրան Շամիրխանյանն ու Հրաչյա Ղափլանյանը Սոլոդարի «Խաղաղության աստղը» պիեսի ավագ ջոկատավարի դերակատար ընտրեցին խմբակի 8 անդամներից` «Ոտքի, ընկերներ, հարգենք ֆրանսիացի բանվոր Էտիենի հիշատակը» արտահայտության մեն-մի արտասանությամբ նկատելով բնատուր օժտվածությունը: «Դու մնա°»,- Եպհթ մթնեցված դահլիճում հնչեց Շամիրխանյանի ձայնը: Ու հաստատվեց 12-ամյա պատանին պրոֆեսիոնալ բեմում` ինքնաբուխ անմիջականությամբ ու կոլորիտային անկեղծությամբ ուշագրավ տասնյակ դերակատարումներով` Վանյա Սոլնցև, Դոբչինսկի, Իսմայիլ, Վասո… արժանիորեն վաստակելով դրա իրավունքը: Նաև… 2. Բեմարվեստի երանելի դարբնոցում Անցյալ դարակեսի հայ թատերարվեստի հոգեզմայլ շողարձակման անսպառ կենսակունք էր Գեղարվեստաթատերական ինստիտուտը շնորհիվ մարդկային վեհ նկարագրերով Ուսուցչապետերի արարչական անխոնջ միասնության, անսպառ գիտելիքների շտեմարան արվեստագետների, որոնցից մեկին` Մեծն Աճեմյանին վիճակված էր լինել գլխավոր քուրմը Երվանդ Ղազանչյան շնորհառատ երիտասարդի արվեստի նորակառույց տաճարի: Ուսանելով Վարդան Նիկիտիչի դերասանական կուրսում` Ղազանչյանը իմաստավորում է ինստիտուտի ուսանողական առօրյան իր իսկ հղացած գեղեցիկ միջոցառումների խայտաբղետ խճանկարով` կազմակերպչական ակներև տաղանդով շուրջը հավաքելով արվեստի պաշտամունքին զինվորագրված բոլոր նվիրյալներին: Նոր արվեստագետների հայտնության ավետիս ավարտական ներկայացումների տեղատարափ ծափերի արձագանքներով սրտապնդված` համակուրսեցիներով Մելպոմենայի քուրան են բորբոքում Ղափանի նորաբաց պետական դրամատիկական թատրոնում: Նոր կյանք է ստանում լեռների ծոցում ծվարած հեռավոր ողջ երկրամասը: Շուտով Ղազանչյանը ձեռնարկում է բեմադրական աշխատանքի` փոխարինելով վատառողջ գլխավոր ռեժիսոր Ա. Մարտիրոսյանին Է. Ռանետի «Անառակ որդին» դրաման բեմադրելիս` միաժամանակ պատրաստելով Մարտ Տույսկի բարդ հոգեբանական դերը: Առաջին հաջող փորձը վստահություն է ներշնչում: Շարունակելով հանդես գալ գլխավոր դերերում` զուգահեռ բեմադրում է Է. դե Ֆիլիպոյի «Չեմ վճարի» կատակերգությունը (դոն Ռաֆայելե), Ա. Բաբայանի «Մոր սիրտը չի խաբի» (Շավարշ), Վ. Կորոստիլյովի «Հավատում եմ քեզ» (Սերյոժա), Րաֆֆու «Ոսկի աքաղաղ» (Միքայել) պիեսները: Վերջինս դառնում է 1962-ի երևանյան հյուրախաղերի մեխը` հստակեցնելով Ղազանչյանի թատերական կյանքի ուղին: Կրկին ոտք է դնում ինստիտուտ, ձևավորում բեմադրական ունակությունները Աճեմյանի ռեժիսորական կուրսում: Միլլերի «Դեպքը պատահել է Վիշիում» դիպլոմային աշխատանքով հաստատվելով Սունդուկյանի անվան թատրոնում որպես բեմադրող ռեժիսոր` Գալյա Նովենցի հետ ստեղծած տաքուկ ընտանիքում երկու որդիների` Հակոբի ու Ստեփանի, ծերացող ծնողների ջերմ միջավայրում խաղաղ երջանկություն վայելելու փոխարեն պրպտուն հոգու կանչով ճանապարհվում է Լենինգրադ` ուսանելու 60-ականների թարմաշունչ թատերական մտածողության ռահվիրա Գեորգի Տովստոնոգովի ռեժիսորական բարձրագույն դասընթացնե րում: Դոստոևսկու «հայացման» առաջին իսկ փորձով` «Ապուշ»-ի բեմադրությամբ արժանանալով երևելի Ուսուցչի դրվատանքին. «Ղազանչյանական բեմադրությունը, անկասկած, անմերժելի արժեք է հայ թատրոնում»: Ներկայացման շռնդալից երկարակեցությունը պայմանավորված էր փայլուն դերասանակազմի (Նաստասյա Ֆիլիպովնա-Մետաքսյա Սիմոնյան և Վարդուհի Վարդերեսյան, իշխան Միշկին-Լորենց Առուշանյան, Ռոգոժին-Հովակ Գալոյան) և նրանց վստահությունը բեմադրական հմտությունների հասունությամբ շահած ռեժիսորի պերճախոս ստեղծագործական դաշինքով: …Կինոխցիկի առաջ անկաշկանդ ու համոզիչ դերասանական կոլորիտային վարքագիծը տպավորիչ դրսևորում է գտել Լ. Իսահակյանի («Ո՞ւմ է ժպտում կյանքը»-Հեռախո սավար, «Թռիչք անդունդի վրայով»-Արա), Ստ. Կևորկովի («Ճանապարհ»-Հայկ), Յու. Երզնկյանի («Թաղը սկսվում է անավարտ շենքից»-Զարե) և Գ. Մելիք-Ավագյանի («Մոր սիրտը»-Զինվոր) ֆիլմերում: Առկա էին փայլուն կինոդերասան դառնալու նախադրյալները, որոնք նշանակալի հետք կթողնեին, եթե շարունակվեին Հ. Մալյանի ու Ֆ. Դովլաթյանի կինոերկերում: Սակայն արվեստում այլ առաքելություն էր նրան վերապահված… 3. Ազատ ճախրանքի յոթը տարիներ Մայր թատրոնում մոտ մեկ տասնյակ բեմադրություններով վկայելով իր մասնագիտական ու մարդկային անուրանալի արժանիքների մասին` 1970-ին նշանակվում է Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր իր Ուսուցչապետի պարտավորեցնող ուղերձով. «Ուղարկում եմ ձեզ իմ եղած ամենաթանկ, ամենաարժանավոր մարդուն` Երվանդ Ղազանչյանին»: Համախմբելով իր շուրջը աճեմյանական աշխատաոճում կոփված ավագ սերնդին և երիտասարդներին` հոգու ու մտքի թռիչքը խթանող ջերմ մթնոլորտում տրվում է նպատակասլաց որոնումների տառապալից հրճվանքին: Մեկը մյուսի ետևից բեմ են բարձրացվում հայ, ռուս և արևմտյան դասական ու ժամանակակից դրամատուրգիայի հայտնի ու նորահայտ նմուշներ: Ժամանակի մամուլը հեղեղած վերլուծական անդրադարձներում հատկապես բարձր են գնահատվել` Ժան Պոլ Սարտրի «Անշիրիմ մեռյալներ» («Այս բեմադրության ռեժիսորը եթե ֆրանսիացի չէ, ուրեմն անպայման մի քանի տարի ապրել է այնտեղ»-Ե. Քոչար).- Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» («Ստացվել է ուժեղ, տաղանդավոր ներկայացում, որ արդիական է բառի լավագույն իմաստով. թատերական ոչ սովորական երևույթ» -Վ. Ռոգով).- Ժ. Հարությունյանի «Հարսանիք-73»-ը («Սուր բեմավիճակներ, կոլորիտային կատարումներ, վարքագծերի հյութեղություն…» -Լ. Անանյան): Մինաս Ավետիսյանի եղերական մասով փլվում է իրականացմանը մոտ Շեքսպիրի «Համլետ»-ը, մինչդեռ գրեթե պատրաստ էին դեկորները, զգեստների էսքիզները, Տիգրան Մանսուրյանը գրել էր բեմադրական կառուցիկ մարմնավո րումը հարստացնող երաժշտական կտորներ… Լենինականյան վերընթաց ստեղծագործական շրջանը ճշգրտեց ու կանխորոշեց Ղազանչյան արվեստագետի հոգու և մտքի սեփական թատրոնի գեղագիտությունը, որի հասուն արտահայտությունները մարմնավորում գտան նաև մյուս բոլոր թատերախմբերում: Պաշտելի պոետի` Չարենցի արտասովոր «Երկիր Նաիրի»-ն (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն-1977 թ.): Սալտիկով-Շչեդրինի Գլուպովո քաղաքի խենթանալու չափ հիմար ժողովրդի գրոտեսկային հավաքական նկարագիրը (1980 թ.) և կատակերգական ժանրի անթերի զգացողությամբ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»-ի ուրույն ընթերցումը (Եպհթ-1981): Մոլիերյան սարկաստիկ ծիծաղով ներծծված «Քաղքենին ազնվական» կոմեդիա-բալետը (1979) և պլաստիկ արտահայտչամիջոցների նրբաճաշակությամբ առանձնացող գոգոլյան «արտակարգ անհավանական ամուսնական իրադարձությու նը» (Երաժշտական կոմեդիայի թատրոն-1994): Իր իսկ հեղինակած մի շարք մասսայական տոնակատարություններից ականատես մասնակիցների մտապատկերում դաջվել է որպես համազգային աղոթք հնչող «Ես իմ անուշ Հայաստանի»-ն Չարենցավանի մարզադաշտում, պոետի 90-ամյակի օրերին: Ղազանչյանի պրոֆեսիոնալ պարբերական ջանասիրությամբ Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը ձերբազատվում է սիրողականությունից: 4. Առայժմ միայն երազել կարելի է ազատ ճախրանքի թատրոնի մասին Հակամշակութային մութ ու ցուրտ 90-ականներից բազմավաստակ թատերական գործիչն ուղղորդում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագոր ծական կյանքը` մի կտոր հացով բոլորին ապահովելու պարտավորվածությամբ կաշկանդված մտքի ու երևակայության թռիչքով` հավատալով սակայն, որ շատ շուտով կտրուկ դրական տեղաշարժ է լինելու: 1995-ից նույն հավատամքով նախագահում է Հայաստանի թատերական գործիչների միությունը` տրտմելով արմատներից ու իրարից հեռանալու կղզիացնող փաստով. «Մեր թատրոնի փառքը սկսեցինք կորցնել, երբ մտածեցինք, թե մեզնի°ց է սկսվում թատրոնը: «Վերևներից» էլ առաջարկում են մի «աթոռ», որի վրա չի կարելի «նստել», նստելու համար չի, ջարդվում է»: Զրկված շքեղ մասսայական երաժշտական նոր կատակերգություններ (և ոչ միայն` երազանք մնացին Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրուելը», Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն…) բեմ հանելու ռեալ հնարավորությունից, չնայած «Ատամնաբույժն արևելյան»-ով վերստին վկայեց ժանրի գաղտնիքներին տիրապետելու վարպետությունը, ձեռնարկեց տարաբնույթ դրամատուրգիական գործերի` ցավը ծիծաղի վերափոխելով բեմում, մտահոգող ու սթափեցնող ծիծաղի` ներթափանցված ներկա իրականության դրամատիզմով: Հայի տոկուն մարդկային խառնվածքով սրտի խորքում խնամքով ներամփոփելով, որևէ մեկին երբեք չպարտադրելով անձնական դրաման (երանի բոց ու կրակ Մարիամիկի Նարեի ծնունդով ամոքիչ լույսի սպեղանի գտնվի)` իմաստուն կենսունակությամբ այսօր էլ ձգտում է օգտակար լինել իր ժողովրդի արժանապատիվ հարատևումն արգելակող գորդյան հանգույցների մոտալուտ հաղթահարմանը: Հեգնախառն հումորով համեմված թատերական հնարքներով աներևույթ միահյուսում է իր անափ ասելիքի կուտակումները բեմադրած պիեսների հեղինակային ենթատեքստերին: Արիստոֆանեսի ու Հ. Պարոնյանի, Ժ. Հարությունյանի ու Թ. Ուիլյամսի, Վ.Մովսիսյանի ու Է. դե Ֆիլիպոյի, Ժ. Անանյանի ու Գ. Խանջյանի… Կարևորը` կարողանում է ընդգծել քաղաքացիական-հայրենասիրական իր անաչառ դիրքորոշումը: Արդի հայ թատրոնի երևելի դեմքերից է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը, տարբեր բեմերում, հեռուստատեսային և ռադիո թատրոններում իրականացրած իր մոտ 150 բեմադրություններով համընդհանուր սիրո և ճանաչման, պետական ու միջազգային բարձր գնահատականների արժանացած: Մեր թատերարվեստի զարգացման հեռանկարներով, ազգային ուրույն նկարագրի պահպանմամբ լրջմիտ անհանգստացող թատերական գործիչ, թատրոնական ընտանիքի հոգատար հայր, Մարդ… ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ 80

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ