«Ավանգարդ» թերթի խմբագրին


Հարգելի խմբագիր. Մայիսի 23-ին Ձեր թերթում կարդացի «Դժոխքն է Յուրի Խաչատրյանի տեղը» վերնագրով հոդվածը, որն իր բովանդակությամբ առնչվում է իմ «Չարենցը և արվեստը» գրքի հետ: Յու. Խաչատրյանի անմակարդակ հոդվածը («Ազգ» օրաթերթ, մայիսի 11) ես կարդացել և ինձ թույլ չեմ տվել պատասխանել հեղինակի բարբաջանքներին, ուր նա իր գարշելի լուտանքներն է թափում հանրապետության գրականագետների, արվեստագետների, նշանավոր կոմպոզիտորների վրա: Նույն օրաթերթի մայիսի 8-ին տպագրվել է իմ «Ո՞վ է հովանավորում թատերական արվեստի կործանումը» հոդվածը, որտեղ ես տվել եմ եռյակ (Հ. Հովհաննիսյան, Ա. Խզմալյան, Յու. Խաչատրյան) միության պատասխանը: Բայց քանի որ ձեր թղթակիցն ինձ դիմել է այդ հոդվածի առնչությամբ ասել նաև իմ խոսքը, իմ պատասխանը ներքոհիշյալ հոդվածն է: Միևնույն ժամանակ Ձեզ եմ տրամադրում Յու. Խաչատրյանի սև գործունեությանը նվիրված Գառնիկ Անանյանի և Դավիթ Գասպարյանի գրքերը: «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» 21-րդ դարում էլ կան մարդիկ, ովքեր փորձում են չարախոսել Չարենցին, նրա անվան շուրջ նորամուծություններ անել, հեղինակազրկել այն մարդկանց, ովքեր փորձում են բանաստեղծի աշխարհում մի նոր փաստ գտնել, տալ համապատասխան և նոր մեկնաբանություններ: Եթե լինեին 1930-ական թվականները, Չարենցի հետ կդատապարտեին նաև ինձ` որպես նրա ճշմարիտ խոսափողի: Կան մարդիկ, որ չարությունից քուն ու դադար չունեն: Եվ նրանց թիրախը դառնում է բարեխիղճ ու ազնիվ մարդը: Փաստորեն, մարդիկ տուժում են ոչ միայն քաղաքական իրավիճակներից, այլև այդ իրավիճակներից օգտվող գրականագետներից ու արվեստագետներից: Այսպիսին է եղել Չարենցի ապրած օրերի շրջապատը: Ցավալի է, բայց այդպիսի դեպքեր նկատելի են նաև այսօր: Չար մարդիկ դառնում են արդիական, մեծ երևալու համար դատապարտում են իրենցից ավելի մեծերին: «Բոլոր խելոքների վիզը կտրիր, որ քո հիմարությունը չերևա» հայտնի ասացվածքը ոչ միայն ընդունելի և կիրառելի է քաղաքական գործունեության ժամանակ, այլև գրականության և արվեստի ոլորտներում: 2005թ. հրատարակված իմ «Չարենցը և արվեստը» գիրքը արժանացել է մի քանի տասնյակ գրականագետների և արվեստագետների դրական գրախոսականներին: Սակայն գտնվեցին մարդիկ, ովքեր փորձում են սևացնել ոչ միայն իմ աշխատանքը, այլև Չարենցին: Չեմ կարող չհիշատակել նրանց անունները` Հ. Հովհաննիսյան, Լ. Արզումանյան, Ա. Խզմալյան, Յու. Խաչատրյան: Եղած գնահատականների կողքին նրանց կարծիքներն ինձ համար նշանակություն չունեն, և նրանց անհեթեթ մտքերին տվել եմ իմ պատասխանը: Մարդու ճանաչումն ու կայացումը պայմանավորված են ոչ միայն նրա ներքին էությամբ, այլև դիմացինի կամ նրա հետ հարաբերվողի ընկալման կարողությամբ: Մարդը քնելուց առաջ պետք է լսի խղճի ձայնը, գրելուց առաջ` հոգու ձայնը, խոսելուց առաջ` ազնվության: Այլ կերպ` բոլոր ասածները դառնում են անարժեք կարծիքներ, ստախոսություն, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով: Երբ մարդը չգիտակցված հանցավոր քայլեր է կատարում, ներելի է, բայց գիտակցված սխալ գործողությունները դառնում են վտանգավոր ոչ թե անհատի, այլ հասարակության համար: Գիտնականը պետք է լինի անաչառ, օբյեկտիվ, սկզբունքային, բայց ոչ անազնիվ, խաբեբա ու զրպարտիչ: Նա պարտավոր է հարգել իրեն, իր արժանապատվությունը և նույնը ցուցաբերել դիմացինի նկատմամբ: Ես երբեք ոչ ոքի չեմ ների, եթե այն կապված է իմ արժանապատվության և ինձ հասցրած վիրավորանքի հետ: Ինչո՞ւ է այդպես: Եզրակացությունը հետևյալն է. կան մարդիկ, ովքեր ապրում և գործում են եսապաշտության և ինքնագոհության սկզբունքով, իրենց դերի մեծարումով ու անսահման ինքնապրումով: Նման մարդկանց շրջապատն արհամարհում է, իսկ իրենք չեն զգում այդ: Արդարամտությունը մարդուն պատիվ է բերում: Խնդիրը ճիշտն ու սխալը չէ, այլ մոտեցման տեսանկյունը: Այս դեպքում ազնվությունը դառնում է ճշմարիտ խոսքի արդյունք: Ցավալին այն է, որ կան մարդիկ, ովքեր իրենց սև գործերն ուրիշների ձեռքով են անում: Եթե Յու. Խաչատրյանն իր պաշտպանության տակ է վերցնում Հ. Հովհաննիսյանին և Ա. Խզմալյանին, ապա դա նրանցից ոչ մեկին պատիվ չի բերում: Իսկ ես ստիպված եմ ներկայացնել Յու. Խաչատրյանի վերջին 4 տասնամյակների սև գործունեությունը, այն, ինչ արձանագրված է մամուլում, Գ. Անանյանի և Դ. Գասպարյանի գրքերում: Նրանք փորձում են իրենց ես-ով դառնալ մենք: Բայց պետք է հիշեցնեմ, որ մինչ օրս դուք ատել եք Յու. Խաչատրյանին, և ձեր ժամանակավոր կոալիցիան, որը եսասիրության, տկարության և խարդավանքի արդյունք է, կործանելու է նաև ձեզ, և Յու. Խաչատրյանն էլ օրերից մի օր դավաճանելու է ձեզ: Յու. Խաչատրյանն իր առջև խնդիր է դրել թափել իր հոգու թույնը, բայց այն այնքան շատ է, որ վերջ չունի: Ինձ համար զզվելի գործ է ժամանակ կորցնել և կարդալ նրա անմտությունները, որն ահավոր նողկանք է առաջացնում: Անստույգ ու ծիծաղելի փաստարկումներով ճամարտակում է զրպարտանքներ, մի բան, որ նրան բնորոշ է իր ամբողջ կյանքում: Պարույր Սևակին և Մինասին լրտեսելու «տաղանդի» տեր մատնիչը արժանի է մեր ժամանակների նոր մրցանակի` «Շեղվածի մրցանակի»: Իր պիղծ շարադրանքով նա աչքի է ընկնում դավադիր մարդու, մարդակեր կոկորդիլոսի կերպարով: Որպես հավասարակշռությունը կորցրած մարդ` նա փորձում է չարությունը շարունակել ընդդեմ Չարենցի, ինչպես արել էր տարիներ առաջ Դավիթ Գասպարյանի դեմ: Գրականագետները միամտորեն կարծում են, թե 37-ի քաղաքական, գրական աշխարհի զոհերի պատճառն այն ժամանակվա իրադարձություններն են եղել, բայց իրականում ներկա պայմաններում էլ կան կամավոր մատնիչներ, որոնք իրենց սև գործը կատարում են: Այդպիսինները` «գործ տվողները», անշուշտ, արժանանում են ինչ-որ պարգևի: Երբ մարդը փայլում է «չեկիստի» գործունեությամբ, «սմերշի» դաժանությամբ, մատնիչի և զրպարտիչի տաղանդով, անպայման արժանանում է մեր ժամանակների «հերոսի» կոչման: Գրական հմայքից զուրկ վճարովի մատնիչը իր ճնճղուկի թևերով փորձում էր հանդես գալ արծվի թռիչքով: Այդ թռիչքի ժամանակ էլ կորցրեց իր ձագերին: Փորձի°ր տիրապետել քեզ, տե°ր կանգնիր կորցրած ընտանիքիդ, ճշտի°ր տեղդ շրջապատում, իսկ վարքդ փոխելն արդեն ուշ է: Հիշում եմ ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան, լուսահոգի Լևոն Մկրտչյանը` քեզ համալսարանից հեռացնելուց առաջ ասաց` «Գողինը, բ-ինը 40 օր է», իսկ քո քառասուն օրը վաղուց է լրացել»: Չարությունն այնքան է կուրացրել Յու. Խաչատրյանին, որ իր զազրախոսության մեջ երևում է ոչ թե նյութն ուսումնասիրողի ու վերլուծողի կերպարը, այլ հետաքննիչի դեր կատարող անազնիվ մարդու սև հոգին, թերհասի մտքերով անհասկանալի խառնուրդ մատնիչն ու լրտեսը: Գիտական գործունեությամբ մերժվածն անցել է քաղաքական շանտաժի, որը սովորել է ազգային անվտանգությանը (Խթը) ծառայելու ժամանակ` ինքնահաստատման ձև ընտրելով ժխտելն ու ստելը: ժողովուրդն ասում է` ջուրը նրա խելքր տարել է: Իհարկե, դա այդպես է: Բայց այս պարագայում` չարությունն է նրան խելքահան արել: Սև, դժոխային, մռայլ գույներով, հոգեկան ծանր ապրումներով, զզված, լլկված, հոգնած, ափ շպրտված ձկան պես փորձում է սևացնել ու շատացնել իր մեղքերի թիվը: Այդ ստոր խաբեբան պետք է պատժվի միայն Աստծո կողմից: Ռ. Դավթյանը համալսարանի կոմերիտմիության քարտուղար եղել է 1969-70 թթ. և այդ ընթացքում անկիրթ գյուղացուն տարբեր առիթներով օգնության ձեռք է մեկնել (երևի քիչ է եղել): Թեկնածուական դիսերտացիան պաշտպանել եմ 1984-ին: Բոլորը կարող են վկայել, որ աստիճանաշնորհման խորհրդի 26 անդամները (Մ. Մկրյան, էդ. Ջրբաշյան, Վ. Նալբանդյան, Ռ. Զարյան, Ս. Աղաբաբյան, Գ.Հովնան, Գ. Հայրյան, Հ. Ֆելեքյան և ուրիշներ) չէին կարող իրենց խիղճը կորցնել և արտագրված աշխատանքին դրական գնահատական տալ: Եթե դու այնտեղ լինեիր, կլսեիր Ս. Աղաբաբյանի (առաջատար կազմակերպության 7 էջանոց), Հ. Ֆելեքյանի (ընդդիմախոս) 10 էջանոց կարծիքները, Ռուբեն Զարյանի, էդ. Ջրբաշյանի և Գ. Հայրյանի ելույթները: Հիշեցնեմ նաև, որ իմ թեկնածուական դիսերտացիան տարբեր ժամանակներում կրկնակի չափով տպագրվել էր պետհամալսարանի և Գիտությունների ակադեմիայի գիտական հանդեսներում: Եթե հետախուզության ժամանակը չի բավականացրել, կարող ես նոր ուսումնասիրություններ անցկացնել: Եթե Հ. Ֆելեքյանը կենդանի լիներ, քեզ դատի կտար քո ստախոսության և գիտնականներին վիրավորելու համար, որովհետև նրա սրատես աչքից չէր վրիպում ուրիշներից գրած մեկ նախադասությունն անգամ: Գոնե համալսարանականներն այդ մասին լավ գիտեն: Իսկ եթե քո կարծիքով ես կարողացել եմ իմ հզորությամբ ազդել 26 գիտնականների վրա, ապա ինձ այդ հարցում քո` ինձ մեծարման գնահատականի համար ևս շնորհակալություն չեմ հայտնում, որովհետև այդ ամենը քո ստահոդ մտքերն են: Տխրահռչակ Յուրի Խաչատրյան, շատ զգույշ եղիր, կան բաներ, որ ոսկուց էլ թանկ են: Քո տխմարությունր քեզ կկործանի` հանուն ոսկու: Իսկ քո «գոհարներով» շարունակիր զարդարել «Ազգի» մշակութային ներդիրների էջերը: Բայց մի մոռացիր հանճարեղ Թումանյանի խոսքը` փոս փորողը փոսն է ընկնում: Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ-70