ՈՒԺ ԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ


ՀՀ Պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Անդրանիկ Մելոյանը անկեղծ ու անմիջական զրուցակից է, նրա խոսքը հուզառատ է, կոլորիտով ու անպաճույճ: Գնդապետը ավանդապաշտ է, խստաբարո, կապված է իր արմատներին: Նրա համար կարևոր է շրջապատի մարդկանց կարծիքը, իր հեղինակությունը, ցանկանում է, որ զավակները իրենով հպարտանան, ինչպես ինքն է հպարտանում իր հորով: Նրա կարծիքով ` իսկական մշեցին պետք է լինի պատվախնդիր, խոսքի տեր, համարձակ ու բարեհոգի: - Յուրաքանչյուր մարդու կյանք և° սկիզբ է, և° շարունակություն, որովհետև անցյալը գենի հիշողությամբ ապրում է մեր մեջ նույնքան ուժեղ ու անվերծանելի, որքան հեռավոր նախնիների ներկայությունը: Որտեղի՞ց է սկիզբ առնում Ձեր կենսագրությունը: - Հորական պապերս գաղթել են Մուշից: Գրո պապս փախեփախի ժամանակ ոսկիները թաղել էր իր տան բակում, վերցրել էր միայն հին Ավետարանն ու երկու եզներին` Զիճոյին և Բուրչոյին: Այս դրվագը շատ խորհրդանշական է և բնորոշ հայ մարդու ավանդական նկարագրին. պապս թողել է ամեն ինչ և իր գոյատևման հույսը կապել հավատքի ու աշխատանքի հետ: Հայերն այդպես են հավերժել` պահպանելով ազգային-հոգևոր նկարագիրն ու արարելով: Թալինի Զարինջա գյուղի մեր տանը Էրգրից բերած Ավետարանը` խնամքով փաթաթված, ամենապատվավոր տեղում էր, երբ փոքր էինք, չգիտեինք, թե ինչ կա փաթեթում, բայց մեզ սովորեցրել էին երկյուղածորեն ու ակնածանքով վերաբերվել այդ սրբազան մասունքին, բարձր չխոսել նրա կողքին, չվազվզել… Ես հիշում եմ, որ մերձակա գյուղերից մարդիկ գալիս ու մոմ էին վառում Ավետարանի մոտ, մատաղ էին անում: Այժմ մեր հին տանը, ուր դրված է Ավետարանը, դարձել է ուխտատեղի: Մեզ նույնպես քրիստոնեական առաքինություններով էին դաստիարակում, սովորեցնում էին ազնվություն, կարեկցանք, ներողամտություն: Ես Գրո պապիս չեմ տեսել, սակայն շատ լավ հիշում եմ Ձյունիկ ադեիս: Նա կրթություն չէր ստացել, բայց զարմանալի սուր տրամաբանություն ուներ, նուրբ զգացողություն, հեռատես էր ու իմաստուն: Բոլոր տղաներն ու հարսները անվերապահորեն ենթարկվում էին նրան, ադես շատ խիստ էր, սկզբունքային, օրինավոր, նրա խոսքը օրենք էր զավակների համար: Ձմռան ամիսներին Երեւանում բնակվող տղաների տանն էր ապրում, ու իր գյուղի տան պես տղաների տանն էլ միանձնյա իշխում էր: Աղջիկ երեխաներին չէր գուրգուրում, տղա թոռների հանդեպ ավելի մեղմ էր: Որդիները իրավունք չունեին գրկել աղջիկ երեխաներին, տղամարդու սիրո և քնքշանքի ցանկացած դրսևորում չէր հանդուրժում, թուլություն էր համարում: Ասում էր` ով է տեսել որձ էշը` քուռակով: Մորական պապերս գաղթել են Վանից ու բնակություն են հաստատել Աշտարակի շրջանի Ոսկեհատ գյուղում: Գեղամ պապս պատկառելի մարդ էր: Եղել էր շրջկոոպի նախագահ, կուսակցական աշխատող: Հիշողությանս մեջ տպավորվել էր պապիս մեծ գրադարանը: Նա շրջանի բանիմաց ու գրագետ մարդկանցից էր, սեղանապետ, պերճախոս էր, եռանդուն, ակտիվ: Մորական տատս` մեծ մամաս, ադեիս հակապատկերն էր` մեղմ, հանդուրժող: Հրաշալի կին էր, գթասիրտ, ազնվաբարո: Մայրս տատիս բնավորությունն էր ժառանգել, նրա պես քնշուշ էր, ներող, հնազանդ: Բուհում ուսումը կիսատ էր թողել և ամբողջովին նվիրվել ամուսնուն ու երեխաներին: Հայրս` Ռազմիկ Մելոյանը, քիմիայի մասնագետ էր, երկար տարիներ դասավանդել էր Հայաստանի տարբեր բուհերում: Նա Թալինից մայրաքաղաք էր եկել բոլորովին մենակ, քնել էր այգում ու ընդունելության քննություններ հանձնել: Իր համար ճանապարհ էր հարթել միայնակ, ինքնուրույն, իր աշխատասիրությամբ, գիտելիքներով: Նրա հեղինակած «Անալիտիկ քիմիա» ձեռնարկը մինչ այսօր դասագիրք է բուհերի ուսանողների համար: Հայրս փառահեղ մարդ էր` հայտնի իր ազնվությամբ: Ոչ ոք չի կարող ասել, թե հայրս երբևէ կաշառքով գնահատական է նշանակել: Ուսանողները գիտեին, որ հայրս երբեք «անբավարար» չի նշանակում, այնպես է դասավանդում, որ ամենաչսովորող ուսանողն անգամ նվազագույն գիտելիքներ ունենա: Հայրս խաղաղ տղամարդ էր, բայց մշեցի արյունը զգալ էր տալիս, անկոտրում էր, երբ հարցը վերաբերում էր սկզբունքներին, բարեկամասեր էր, հյուրասեր: Հորս` Թալինից Երևան եկած հեռու- մոտիկ հարազատները մեր տանն էին հանգրվանում, մեր տանն էին ապրում ազգուտակի բոլոր ուսանողները, հորս օգնությանն էին դիմում ինչպես ազգականները, այնպես էլ համագյուղացիները ու երբեք չէին մերժվում: Հորս ամենամեծ ժառանգությունը զավակներին իր անբասիր անունն էր ու անթիվ-անհամար գրքերը: - Փաստորեն, Ձեր նախնիները իրարից շատ տարբեր են եղել: Ինչպես, օրինակ, Ձյունիկ ադեն և մեծ մաման, Գրո ու Գեղամ պապերը: Դուք ո՞ւմ եք նման, ինչպես ժողովուրդը կասեր` ո՞ւմ եք քաշել: - Բոլորին էլ քաշել եմ: Ես Երևանում եմ ծնվել, սակայն շատ կապված էի Թալինի Զարինջա գյուղին: Հիշում էի Զարինջայի դաշտերը, ձիերին, գառներին, Զարինջայի մարդկանց, որոնք իրենց բնության նման խիստ ու կոպիտ էին, բայց բարեսիրտ ու աշխատասեր: Մենք երեք երեխա էինք, երեք եղբայր, ես ավագն էի ու ամենախաղաղասերը: Եղբայրներս կռիվ էին անում ու ինձ ներքաշում կոնֆլիկտի: Ես միշտ էլ զբաղվել եմ սպորտով. ֆիզիկապես ուժեղ եմ եղել, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել ուժս ցուցադրելու, խուսափել եմ ծեծկռտուքներից, ինչ-որ մեկին ցավ պատճառելուց: Ես և եղբայրս սկզբում գնում էինք ըմբշամարտի, հետո եղբայրս կռիվ սարքեց ու էլ չգնաց մարզումների: Ես էլ` նրա հետ: Հետո մենք գնացինք լողի: Էլի նույն սցենարով երկուսս էլ թողեցինք մարզումները: Ի վերջո, ես մենակ գնացի ակրոբատիկայի ու լուրջ հաջողություններ ունեցա, դարձա պատանիների Հայաստանի չեմպիոն: Ես դպրոցում ճշգրիտ առարկաների հակում եմ ունեցել: Ինձ համար ավելի լավ էր 100 խնդիր լուծել, քան պատմության մեկ դաս կարդալ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ես ավանդապաշտ մարդ եմ, այդ գիծը Գրո պապիցս ու հորիցս եմ ժառանգել: Տղամարդիկ կան, որ ուրիշների ներկայությամբ կնոջը քնքուշ խոսքեր են ասում: Ես այդպիսի բան անել չեմ կարող, այս տարիների ընթացքում հազիվ սովորեցի ծաղիկ նվիրել: Ես փոքր ժամանակ էլ աղջիկների հետ շփվելը ղզիկություն եմ համարել: Երբ երեխաներիս գորովալից խոսքեր եմ ասում, սիրում եմ, հիշում եմ Ձյունիկ ադեիս, մտածում եմ` կենդանի լիներ, կբարկանար, կսաստեր, կասեր` երեխային երես չեն տա: Ես Գեղամ պապիս պես սեղանապետ եմ, իմ շրջապատում բոլորը գիտեն դա, թամադա լինելը հատուկ շնորհ է: Հեշտ բան չկարծեք, ես հորս պես օրինավոր եմ, երբեք խղճիս հետ գործարք չեմ կնքի, անազնիվ քայլ չեմ անի: Հորս պես սիրում եմ օգնել մարդկանց, իմ տան դռները նույնպես բաց են հեռու-մոտիկ հարազատների առաջ: - Ե՞րբ և ո՞ւմ հետ եք ամուսնացել: - Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցա «Հայառմոնտաժում»` սկզբում որպես ինժեներ, ապա` արտադրամասի պետ: Կինս` Անահիտը, նույն հիմնարկի արհկոմի նախագահն էր: Պարկեշտ աղջիկ էր` լավ ընտանիքից, բանիմաց: Դե, մայրս էլ շատ էր ճնշում, ստիպում, որ ամուսնանամ: Այդպես ամուսնացա: Երեք երեխա ունենք, մեկ տղա, երկու աղջիկ: Տղաս ու մեծ աղջիկս ուսանող են. փոքր աղջիկս հինգերորդ դասարանում է սովորում: Փոքրիս հետ շատ եմ կապված: Երես եմ տալիս: Երբ մեծերը որևէ բան են ցանկանում խնդրել, փոքր քրոջ միջոցով են անում: Մորս անունն եմ դրել` Զինա, երևի նաև դա է պատճառը, որ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Ես չտեսա, թե ինչպես մեծացան երեխաներս. ծառայությունը շատ ժամանակ էր խլում, քիչ էի տանը լինում: Հիմա փորձում եմ բացը լրացնել` փոքրիս հետ ավելի հաճախ շփվել: - Ընկերություն անո՞ւմ եք Ձեր որդու հետ, հասկանո՞ւմ եք երիտասարդ սերնդին, լեզու գտնո՞ւմ եք: - Այո, ես ու տղաս իրար շատ լավ ենք հասկանում, տղաս պարկեշտ է, չափավոր: Ես ձգտում եմ բարեկեցիկ կենցաղ ապահովել երեխաներիս համար, կատարել ցանկությունները, բայց նրանք դրանից չեն շփանում, մեծ պահանջներ չեն դնում իմ առջև: Միակ բանը, որ անհասկանալի է ինձ, տղայիս երաժշտական նախասիրությունն է` ռեպ, ռոք, աղմուկ ու… չեմ հասկանում` ինչպես կարելի է սիրել այդ գոռգոռոցը: Որո՞նք են Ձեր ծառայության ընթացքում արձանագրված կարևորագույն ձեռքբերումները: - Հակիրճ կձևակերպեմ էական հաջողությունները. կանոնակարգվել են փաստաթղթային ձևակերպումները, հստակեցվել և համալրվել է օրենսդրական դաշտը, վերահսկողական աշխատաձևերը դարձել են ավելի պարզ, թափանցիկ, գործունակ և դրվել են էլ ավելի օրինական հիմքերի վրա, բարձրացել է կատարողական աշխատանքի մակարդակը, նամակներին առնչված աշխատանքը դարձել է ավելի արդյունավետ: - Պարոն Մելոյան, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժանանակ: - Սիրում եմ ընկերներիս հետ շփվել: - Դուք աշխատանքի բերումով հաճախ եք ստիպված լինում ընտրություն անել օրինականության և կարեկցանքի միջև, հաճա՞խ եք խղճի հետ խնդիրներ ունենում: - Ընդհանրապես, ես գթասիրտ մարդ եմ, օգնող եմ, չեմ կարող ուրիշի հոգսի, ցավի հանդեպ անտարբեր լինել, բայց օրինավոր լինել պարտավոր եմ: Խղճիս հետ խնդիրներ չեմ ունենում, որովհետև միտումնավոր խղճի դեմ չեմ գնում: - Ի՞նչ արժեք ունեն Ձեզ համար արժանապատվությունը, սկզբունքայնությունն ու խիզախությունը: - Մարդկային առաքինությունների հենքն ուժն է ու գթասրտությունը: - Իսկ ո՞րն է մարդկային թերությունների ակունքը: - Անազնվությունն ու վախկոտությունը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ