ԻՆՏՐԻԳՆԵՐԸ «ԿԵՆՏՐՈՆԱՑԵԼ» ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ


1. ՀՀԿ-ն պատրաստ է զիջումների Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն իր ստացած քվեով ԱԺ-ում լուծել է որակյալ մեծամասնություն ունենալու խնդիրը, գերիշխում էր այն տեսակետը, թե կառավարության ձևավորման կոալիցիոն տարբերակը վերջնականապես դուրս կմղվի օրակարգից: Այդ համոզմունքի ամրապնդմանը նպաստել էր նաև ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թափանցիկ ակնարկը` որ կառավարման կոալիցիոն սկզբունքը, թերևս, լավագույններից չէ: Սակայն վերջին տասնօրյակում, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների ելույթներից և նրանց հետ հարցազրույցներից պարզվեց, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը ոչ միայն դեմ չէ նախարարական պորտֆելներ հատկացնել ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, այլև պատրաստ է սույն կուսակցությունների հետ կրկին կոալիցիոն կառավարություն ձևավորել: Թե ինչու ապագա կառավարության գործունեության ամբողջական պատասխանատվությունը ստանձնելուն լիովին պատրաստ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, որոշեց գործադիր իշխանությունը որոշ չափով «կիսել» իշխանամետ այլ ուժերի հետ, դժվար է ստույգ պատասխան գտնել: Կարելի է միայն ենթադրել, որ Հանրապետականի դիրքորոշման փոփոխության հարցում որոշակի դերակատարություն է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախկինում իր արտահայտած տեսակետների տողատակերում Ռ. Քոչարյանը հասկացնել էր տալիս, որ ինքը հակված է ապագայում ևս կոալիցիոն կառավարության ձևավորման տարբերակին: Հայրենի վերլուծաբանները, հատկապես ԱԺ ընտրություններում ՀՀԿ ջախջախիչ հաղթանակից հետո, շտապեցին ՀՀ նախագահին «դուրս գրել» կարևորագույն որոշում ներում գլխավոր դերակատարություն ունեցողների «ցուցակից»: Ծայրահեղական կանխատեսումներով մշտապես «փայլող» քաղաքական մեկնաբանները սկսեցին առավել ուժգին շեփորահարել այն վարկածը, որ նոր իրողությունների տրամաբանությամբ «վճռորոշ ձայնի» իրավունքը լիովին ու վերջնականապես ՀՀ նախագահից «փոխանցվել» է Վարչապետին: Սակայն, կարծում ենք, սխալվում են բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանին «տեսնում են Անգլիական թագուհու կարգավիճակում»: Շատ ավելի հավանական ու իրատեսական է կարծիքն առ այն, որ ՀՀ նախագահի և Վարչապետի միջև ծագած բոլոր տարաձայնությունները հարթվում են փոխզիջումներով: Իսկ կոշտ դիմակայության, մեկը` մյուսին սեփական կամքը թելադրելու վերաբերյալ հեքիաթները շրջանառության մեջ են դրվում երկրի քաղաքական կյանքը ինտրիգներով հարստացնելու և հետաքրքիր դարձնելու համար: Հենց թեկուզ այն հանգամանքը, որ կոալիցիոն կառավարություն ստեղծելու նպատակահարմարությունը, լինելով Ռ. Քոչարյանի անձնական տեսակետը, չի մերժվել, կամ կոշտ հակազդեցության չի արժանացել Ս. Սարգսյանի կողմից` լրջագույն հակափաստարկ է` պետական երկու այրերի «իրար դեմ խաղեր տալու» տարածված կարծիքը հերքող ու բացառող: Բոլոր դեպքերում, առ այս պահը դժվար է կանխատեսել, թե ինչպիսի կառավարություն կձևավորվի. կոալիցիո՞ն, ազգային համաձայնությա՞ն, թե՞, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի` գործադիր իշխանության գործունեության պատասխանատվությունը կիսել հրաժարվելուց հետո, ՀՀԿ-ն միայնակ կստանձնի կառավարման ղեկը: Հարկ է նշել, որ թե° ՀՅԴ-ում և թե ԲՀԿ-ում լուրջ խմորումներ են տեղի ունենում նախարարական պորտֆելները վերցնել-չվերցնելու շուրջ: Սպասվում է, որ առաջիկա օրերին սույն հարցում որոշակիություն կմտնի: Ղարաբաղի հարցում` նույն «ջուրը, նույն ջրաղա՞ցը» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան տարատեսակ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ. թերևս առաջին հերթին այն պատճառով, որ «տրամաբա նական» աներևակայելի ճկումներով` վերլուծաբանները սովորական դարձած այս փաստը «բերեցին-կապեցին» հայաստանյան խորհրդարանական ընտրությունների հետ: Շրջանառվող կարծիքների ընդհանուր ենթատեքստը թարմությամբ աչքի չի ընկնում: Ընդդիմադիր շրջանակների պատվերը իրականացնող լրատվամիջոցներում կրկին հայտնվեցին հրապարակումներ, որոնք միտված են «ապացուցելու», թե միջազգային հանրությունը` ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն ՀՀ խորհրդարանական ընտրություններին դրական գնահատական տվեցին այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունները իբր պարտավորություններ են ստանձնել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու: Իսկ ավելի կոնկրետ` լուրջ զիջումներ անելու Ադրբեջանին: Այսպես կոչված` «Ղարաբաղը ծախելու» թեման տարիներ շարունակ այնքան է շեփորահարվել, որ այսօր գրեթե ոչ ոք այն լուրջ չի ընդունում: Այնուամենայնիվ, չգիտես որտեղից «ծնունդ առավ» և տարածվեց մի տեղեկատվություն, թե իբր Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին ներկայացրել են առաջարկությունների նոր փաթեթ, ինչը էականորեն տարբերվում է նախորդներից: Հիպոթետիկ ենթադրություններով փորձ է արվում ապացուցել, որ առաջարկություններում տեղ գտած փոփոխությունները հիմնականում բխում են Ադրբեջանի շահերից: Որպես այս «թեզի» հիմնավորում բերվում է Ի. Ալիևի` վերջերս արած ագրեսիվ հավակնոտ հայտարարությունները, թե ըստ միջնորդների ներկայացրած համաձայնագրի, ԼՂՀ յոթ ազատագրված շրջանները հանձնվելու են Ադրբեջանին, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցը լուծվելու է իր երկրի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով: Եթե իրոք ԵԱՀԿ միջնորդները ներկայացրել են բոլորովին նոր առաջարկություններ, ապա ստացվում է, որ վերջիններս իրենց ձեռքով ջուրն են լցրել վերջին յոթ-ութ տարիներին կատարված աշխատանքների բոլոր արդյունքները: Քանզի բոլորին է հայտնի, որ դեռ Փարիզում և Քի Ուեստում մշակվել են ընդհանուր սկզբունքներ, որոնք, մասնակի, դետալային փոփոխություններով հանդերձ, տարիներ շարունակ եղել են բանակցային սեղանին: Քննարկումներն էլ ընթացել են հենց դրանց շուրջ: Այնպես որ, բոլորովին տրամաբանական չի թվում, թե միջնորդները այդչափ անհեռատեսություն կդրսևորեն` առաջարկությունների նոր փաթեթի վրա ևս ութ տարի անտեղի ժամանակ կորցնելով: Ինչևէ, ԵԱՀԿ միջնորդները Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահին առաջարկել են հունիսի 10-ին հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ: Ռ. Քոչարյանը տվել է իր համաձայնությունը, և հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հույս է հայտնել, որ մինչև ՀՀ նախագահի ընտրությունները հակամարտող կողմերի միջև գոնե նախնական համաձայնություններ ձեռք կբերվեն, ինչը, մեր կարծիքով, գրեթե բացառվում է: Իսկ ահա ֆրանսիացի դիվանագետի սույն մտահոգությունը լիովին իրատեսական է. «Եթե մինչև այս տարվա վերջ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չլինի, ապա կարող է կրկնվել 2003 թ.-ը, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ընտրությունների պատճառով բանակցային գործընթացը կանգ առավ, և հետո հարկ եղավ սկսել գրեթե զրոյից»: Կարծում ենք` Բ. Ֆասիեն հիանալի հասկանում է, որ ամեն ինչ լինելու է ճիշտ ու ճիշտ իր նկարագրածի պես: Ոչինչ չի փոխվելու` «նույն ջուրն է, նույն ջրաղացը…»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ