ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Սուրեն Կաֆաֆյան

ՄԵԾ հայրենականին, բազմազգ Սովետական Միության ժողովուրդների շարքում, իր արժանի մասնակցությունն ունեցավ նաև հայ ժողովուրդը` հայրենաբնակ, թե ի սփյուռս: Սեփական դառը փորձի թելադրանքով հայությունը մաս կազմեց քաղաքակիրթ մարդկության հակաֆաշիստական պայքարին` ընդդեմ Թուրքիայից ընդօրինակած գերմանական ցեղասպան վանդալիզմի, բարբարոսության, այլատյացության: Հայ ժողովրդի քաջարի զավակները ակտիվորեն մասնակցեցին բոլոր զորատեսակների շարքում, պատերազմի բոլոր թատերաբեմերում ծավալված ճակատամարտերին: Պատերազմում կռվում էին շարքային հայ զինվորից մինչև ռազմաճակատի փառապանծ հրամանատարը: Թշնամու դեմ մարտի էին տանում բանակներ, գնդեր, դիվիզիաներ: Նրանք կռվում էին ցամաքում, նավատորմում և օդուժի շարքերում: Մաս էին կազմում թշնամու թիկունքում հերոսաբար կռվող պարտիզանական ջոկատների, աչքի էին ընկնում ֆաշիստների կողմից գրաված երկրների հակաֆաշիստական դիմադրության շարժման շարքերում:

Ֆրանսիայում բանաստեղծ Միսաք Մանուշյանը ղեկավարում էր տեղի դիմադրության չորս ինտերնացիոնալ ջոկատ, որոնք զգալի վնաս պատճառեցին նացիստական օկուպանտներին:

1945 թվականի վերջի տվյալներով` պատերազմին մասնակցեց 68 հայ գեներալ, Սովետական Միության նավատորմի մեկ ծովակալ (Ի. Իսակով), օդուժի մեկ գլխավոր մարշալ (Ս. Խուդյակով-Խանփերյանց): Հետպատերազմյան ժամանակահատվածում ևս 94 հայազգի պատերազմի մասնակիցներ արժանացան գեներալի և ծովակալի կոչման: Հայրենական մեծ պատերազմում Խորհր-դային Միության հերոսի բարձր կոչման արժանացած 11.000 մարտիկներից 99-ը հայեր են (ազգերի ընդհանուրի շարքում վեցերորդը): Հերոսների թվում ավելացնենք նաև այն, որ պատերազմի տարիներին 27 Հայ ռազմիկ արժանացավ Սովետական Միության հերոսի կոչմանը հավասարազոր Փառք 3 աստիճանների Աստղերի: Առանձնակի հիշատակության արժանի է Կարմիր բանակի շարքերում կռվող հայկական զուտ ազգային վեց դիվիզիաների հերոսական պատմությունը:

Պատերազմի մասնակիցներից Հ. Բաղրամյանին 1955 թվականին շնորհվեց Սովետական Միության մարշալի, իսկ Ի. Իսակովին` Սովետական Միության նավատորմի ծովակալի կոչում: 1975 թվականին Հ. Բաբաջանյա-նին շնորհվեց զրահատանկային զորքերի Գլխավոր մարշալի, 1980-ին Ս. Ագանովին ինժեներական զորքերի գլխավոր մարշալի կոչում:

Համազգային զորակոչին, այդ թվում` Հայ եկեղեցու ակտիվ մասնակցությամբ, «Ժողովուրդների պատերազմին» մասնակցեց շուրջ 600.000 հայազգի, որի կեսը` 1,5 միլիոն բնակչություն ունեցող Խորհրդային Հայաստանից, ավելի քան 200.000-ը` մյուս հանրապետություններից, իսկ 100.000-ը` հայկական Սփյուռքից: Այդ թվում դաշնակից ԱՄՆ-ի բանակում կար 20 հազար, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանակներում` 30.000 հայ մարտիկ և սպա: Պատերազմի մասնակիցների թվում 30.000-ը կանայք էին: Աշխարհը ֆաշիզմից փրկելու գոյամարտում զոհվեց ավելի քան 200.000 հայ մարտիկ և սպա: Հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ պատերազմի տարիներին աչքի ընկան պետական բարձր պաշտոններում, զենքի ու զինամթերքի արտադրության կազմակերպման գործում: Նրանք ռազմաարդյունաբերական ոլորտի առաջատար կազմակերպիչ ներ էին, նախարարներ, զենքի ու զինամթերքի արտադրության գլխավոր կոնստրուկտորներ:

Խնդիրը ոչ միայն խորհրդային ընդհանուր հայրենիքի պաշտպանությունն էր ֆաշիզմից, ազնիվ հավատարմության ապացույցը, այլ նաև Գերմանիայի ավանդական դաշնակից Թուրքիայի նոր ոճիրից զգուշանալը: Վերջինս երազում էր, օգտվելով գերմանական ագրեսիայի հնարավոր հաղթանակից, ի կատար ածել հայոց հայրենիքի «մի պուճախը» (Նժդեհ)` խորհրդային Հայաստանը, այստեղ ծվարած մեր ժողովրդի հայենաբնակ հատվածը, Հայրենիքի վերջին սրբազան պատառը վերացնելու իր բաղձանքը: Այդ նպատակով թուրքական 48 դիվիզիաներից սպառազեն 26-ը (ընդհանուր թվով 400-500 հազարանոց բանակ), պատերազմի սկզբից ևեթ, հարմար պահի սպասումով` տեղաբաշխված էր Հայաստանի սահմանին:

Պատերազմում հայությունը ոտքի ելավ ոչ միայն այն պատճառով, որ այլատյաց ու ցեղասպան ֆաշիստական գաղափարախոսությունը խորթ էր իր աշխարհայեցո ղությանն ու ոգուն, որի պրակտիկ «կիրառումը» նա արդեն տեսել էր:

Մեր ժողովուրդը քաջ գիտակցում էր, որ մարդակուլ ֆաշիզմի դեմ պատերազմում Սովետական Միության պարտությունը կործանարար կլիներ նաև հայության պետականության համար:

Հ ԱՅՐԵՆԱԿԱՆ մեծ պատերազմում
մեր ժողովրդի մասնակցության հիմնական դեմքերի, պատերազմական նշանակալի դրվագների մասին գրվել է ու կգրվի: Սակայն, քիչ է գրվել ռազմաճակա տային լրագրողների` ֆոտո և կինո ռեպորտյորների մասին:

Նրանցից մեկն էր Սուրեն ԿԱՖԱՖ-ՅԱՆԸ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ինչպես կենտրոնական թերթերի` «Պրավդայի», «Իզվեստիայի», «Կրասնոյե զնամիայի», այնպես էլ հանրապետական` «Սովետական Հայաստանի» ու «Կոմունիստի» էջերում հաճախ կարելի էր հանդիպել մեր զորքերի ռազմական գործողությունների դրվագներին ու առանձին ռազմիկների սխրագործությունները վերարտադրող ֆոտովավերագրերի, ճաշակով արված լուսանկարների` «Ս. Կաֆաֆյան, մեր սեփ. թղթակից» ստորագրությամբ: Ժամանակի համար այնքան անհրաժեշտ լուսանկարներից ու մեկնաբանող կից տեքստերից վառոդի հոտ էր փչում: Ռազմաճակատային ֆոտոթղթակից, կինոօպերատոր. նրանք կինոխցիկով կամ լուսանկարչական ապարատով զինված մարտիկներ էին…

Իսկ ո՞վ է Ս. Կաֆաֆյանը:

Չնայած Հայաստանի մամուլի էջերում ևս նա համարվել է «մեր սեփական թղթակից», այնուամենայնիվ, խմբագրություններում, սկզբնական շրջանում նրան ճանաչողներ չեղան: Հին աշխատողները լսել էին նման ազգանուն, սակայն նրան ոչ ոք չէր տեսել և ոչինչ չգիտեր նրա ճակատագրի մասին:

Այնինչ, Մոսկվայում, ՏԱՍՍ գործակալության հին աշխատողների, մայրաքաղաքի լրագրող ընկերների սրտում պահպանվել էր ամնոռաց ու բարի ազգանունը: Այնուհետև, Հայաստանում ևս գտնվեցին նրան ճանաչողներ` հայտնի լուսանկարիչ արվեստագետներ Վ. Ամալյանն ու Վ. Սևոյանը: Առաջինը Ս. Կաֆաֆյանի զարմիկն էր ու աշակերտը, երկրորդը` Ս. Կաֆաֆյանի հետ հասել էր ռազմաճակատի գիծ` նկարահանումների:

Կենսագրական հետադարձ հայացք

Կարսից առաջին համաշխարհայինի ժամանակ Դոնի Ռոստով ներգաղթած ծնողներն իրենց միակ զավակին` Սուրենին, միջնակարգն ավարտելուց հետո փորձեցին բարձրագույն կրթության ուղարկել: Սակայն ծնողների ցանկությանը հակառակ, նա լուսանկարիչ դարձավ: Եվ այն էլ` վարպետ լուսանկարիչ, ում անունը շատ շուտով հռչակվեց քաղաքում: Կատարյալ տիրապետելով լուսանկարչական արվեստի ժամանակի հմտություններին, Սուրեն Կաֆաֆյանը Ռոստովում ունեցավ բազմաթիվ հե-տևորդներ, նույնիսկ ստեղծեց լուսանկարիչների իր ուրույն դպրոցը: Ուսումնառության ցանկությունը նրան տարավ Լենինգրադ: Սակայն կիսատ թողնելով ուսումը Լենինգրադի պոլիտեխնիկում, Ս. Կաֆաֆյանը մտնում է Մոսկվայի կինեմոտոգրաֆիայի պետական ինստիտուտ և այստեղ ի վերջո գտնում իր որոնածը:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին ռազմաճակատ մեկնած լրագրողների մեջ էր Կաֆաֆյանը: Իր անբաժան կինո-ֆոտոխցիկներով նա լծվեց դժվարին, պատասխանատու և վտանգավոր գործի:

Նա լուսանկարահանումներ էր կատարում թշնամու հրետանու մահաբեր կրակի տակ, մարտական ռազմանավի տախտակամածից, հատկապես` մարտական առաջադրանք կատարող ինքնաթիռից:

Նա չէր նկարում մարտական առաջադրանքի թռչող կամ էլ վերադարձող ինքնաթիռներ, այլ` գլխավորապես մարտական դրվագներ: Ինչպես վկայում են վետերան-օ դաչուները, Սուրեն Կաֆաֆյանը գիշերային մարտերի ու գիշերային ռմբակոծումների նկարահանման հմուտ վարպետ էր: Նա նկարում էր խոյահարող ինքնաթիռից ու ռմբակոծիչից: Իսկ հաճախ էլ կարևոր ռազմական առաջադրանքի էր գնում` անձամբ վարելով ինքնաթիռ:

Ահա թե ինչ էր վկայում Հայաստանի երիտասարդական «Ավանգարդ» թերթի բազմամյա լուսանկարիչ Վարազդատ ՍԵՎՈՅԱՆԸ:

- Սուրեն Կաֆաֆյանի հետ ես ծանոթացա 1942 թվականին Լազարևկայում, ուր տեղի էին ունենում օդային լարված մարտեր: Կաֆաֆյանն ինձ առաջարկեց իր հետ միասին օդ բարձրանալ: Առավոտյան, ճիշտ նշանակված ժամին ներկայացա օդանավակայան: Նա լուսանկարչական ապարատներով զինված` պատրաստ էր թռիչքի, որի ընթացքում սպասվում էր դժվարին աշխատանք: Ես առաջին անգամ էի նման հանձնարարուություն կատարելու և մտածում էի, թե արդյոք կարո՞ղ եմ Կաֆաֆյանի դժվարին առաջադրանքը կատարել: Վախ կար սրտումս: Օդ բարձրանալուց առաջ նա իր լուսանկարչական ապարատներից մեկը տվեց ինձ ու ցուցմունքներ տալով` ներշնչեց չվախենալ:

Օդում մոտ 45 րոպե տեղի էր ունենում օդային մարտ գերմանական «մեսսերշմիդտների» հետ: Կաֆաֆյանը կիսով չափ բարձրացած, առանց վախի նշույլի, լուսանկարում էր` համոզված, որ կորսա հաջող պահերΚ Եվ իսկապես, վայրէջքից հետո, երբ ժապավենը երևակեց, պարզվեց, որ նա մտածված, խելացի ու հմուտ մասնգետ է, կարողացել է որսալ հիանալի օդային մարտերի պահը: Նա շատ գոհ մնաց առաջադրանքը հաջող կատարելու համար և անմիջապես պատրաստի ժապավենն ուղարկեց Մոսկվա, իսկ ինքը հաջորդ օրը մեկնեց նոր առաջադրանքներ կատարելու:

Կաֆաֆյանը նկարահանեց գերմանացիների ջախջախումը Մոսկվայի տակ ու Ստալինգրադում, Ղրիմի ազատագրումն ու Կովկասի համար մղվող մարտերը: Կառավարությունը բարձր գնահատեց Սուրեն Կաֆաֆյանի ծառայությունը: Նա բազմիցս արժանացավ կառավարական պար-գևների, այդ թվում Կարմիր դրոշի երեք և Կարմիր աստղի երկու շքանշանների: Հայրենական պատերազմի հերոսապատումը նկարահանող երկու հարյուր երեսունվեց հոգիանոց օպերատորների բանակից զոհված 40 մարտիկներից մեկն էր Կաֆաֆյանը: Իր վարած ինքնաթիռով հակառակաորդի ռազմական կարևոր օբյեկտները նկարելու առաջադրանք կատարելիս` 1944 թվականի դեկտեմբերին, նա այլևս զորա-մաս չվերադարձավ:

Ժուռնալիստների Մոսկվայի կենտրոնական տան պատին դրոշմված զոհված ֆոտոթղթակիցների շարքում գրված նրա անունը ճանաչողների հոգում բարի հուշեր է արթնացնում երկարահասակ ու մանկան պես բարյացկամ, հմուտ ու անվախ մարդու մասին, հայրենիքի համար զոհված սովետական օպերատորական դպրոցի փայլուն ներկայացուցչի մասին:

Մեր ֆոտոսիրող դպրոցականները, ովքեր կարդում են Նիկուլինի «Լուսանկարչության քսանհինգ դաս» հանրամատչելի ու մասսայական դասագիրքը, վատ չէր լինի` իմանային նաև Սուրեն Կաֆաֆյանի մասին, որին և նվիրել է Նիկուլինը իր գիրքը:

Արմեն ՀՈՎՍԵՓՅԱՆ ՌԴ հումանիտարգիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր