Թող ոչ մի մայր որդեկորույս չդառնա


Այսօր նորից Եռաբլուր կգնա Կարինե Ավանեսյանը` կարոտով գրկելու Զաքար որդու շիրմարձանը և շարունակելու զրույցը նրա հետ: Նա մի´շտ է այցելում որդուն, ում հետ զրուցում է ամեն պահի: Բայց հատկապես ա´յս օրը` հունիսի 29-ը, ամենացավոտ էջն է մոր կյանքի: Ցավ, որը չի ամոքվում 1992-ից ի վեր:

Որդու կորստից շուրջ 2 տասնամյակ հետո միայն վերագտնելով իրեն, տիկին Կարինեն որոշել է «անցնել» Զաքարի մարտական ուղիով` հանդիպելով տղայի մարտընկերներին: Նրա անակնկալ այցերից ուրախացած` ընկերները սիրով մանրամասներ են պատմել բոլորի համար սիրելի ու մեծ հեղինակություն վայելող Զաքարի մասին: Պատմել են ու հանդիմանել, որ մայրը դռներ չի թակում, գրքեր չի գրում իր նվիրյալ որդու մասին: Եվ օրերս լույս է տեսել Կարինե Ավանեսյանի հեղինակած «Զաքար. մեր օրերի Նժդեհ» վավերագրի 1-ին գիրքը:

- Ոմանք տարակուսում են, որ ե´ս եմ հեղինակը, ոմանք ուզում են վերծանել վերնագիրը: Բայց ուրիշ ո՞վ, եթե ոչ անձամբ ինքս կարող էի գրել որդուս մասին: Որդուս, ում պարզվեց` լիարժեքորեն չեմ ճանաչել: Մենք ավելի շատ ընկերներ էինք, քան` մայր ու որդի: Բայց պատերազմը Զաքարիս էությունից այլ «բացահայտումներ» էր կատարել, որոնք խաղաղ օրերին կարող էին և ի հայտ չգալ,-ասում է տիկին Կարինեն ու թառանչում.

- Երանի չլիներ պատերազմը, որդիս ու մյուս ջահելները մեր կողքին մնային, ու մենք չզարմանայինք նրանց նվիրումով, նրանց սխրանքներով:

Հետո շարունակում է ընդհատված խոսքը.

- Ինչ վերաբերում է գրքի վերնագրին` նրան այդպես էին նկարագրում մարտական ընկերները: Իսկ Նժդեհը իմ ամենասիրելի զորականներից է` Անդրանիկի հետ միասին: Այդ վերնագրով ես փորձել եմ նաև իմ մեծ սերն արտահայտել Նժդեհի հանդեպ: Մոր համար իր որդին ամենաթանկն է. այս պարագայում Նժդեհը` նույնպես:

Առանց պաթետիկ տոնի, առանց գունազարդումների պատմում է մայրը, իսկ ես` հափշտակությամբ նրան ունկնդրող լրագրողս, հանկարծ շփոթվում եմ`

- Աստվա˜ծ իմ, խոսուն և ուսանելի բազում դրվագներով հագեցած այս կենսագրությունը ո՞նց կարող է տեղավորվել մեկ հոդվածում:

Հետո շփոթմունքս տագնապ է դառնում`

- Ինչպե՞ս եմ ընտրելու, ո՞ր փաստից կարող եմ հրաժարվել:

Զրույցի ավարտից հետո, սակայն, հասկացա. մոր ցանկացած պատմածը նույն հայորդու նկարագիրն է, և ընթերցողը հավանաբար ներողամիտ կգտնվի, եթե բոլոր մանրամասները մեկ հրապարակման մեջ ներկայացնել հնարավոր չլինի:

***

Զաքարը միշտ էլ տարբերվել է իր շատ հասակակիցներից: Կենսուրախ, բայց և խորագետ, խորահայաց: Չափազանց պատասխանատու և շրջապատողների հոգսերով ապրող: Հայրենասիրության առաջին «քննությունը» 1988-ի երկրաշարժից հետո հանձնեց: Ծառայում էր Խորհրդային բանակում, որտեղ ծառայող հայ զինվորների հետ նրան էլ թույլ էին տվել Հայաստան վերադառնալ` աղետից տնքացող հայրենակիցներին օգնելու: Այնուհետև` ուսման ծարավ տղան ընդունվում է Ստավրոպոլի պետհամալսա րանի իրավաբանության ֆակուլտետ: Բայց ո՞նց կարող էր հանգիստ ուսանել հեռուներում, երբ հայրենիքում սկիզբ էր առել իր սերնդի պայքարը` Ղարաբաղյան շարժումը: Եվ առանց երկար-բարակ մտածելու` վերադառնում է ու մեկնում Արցախ: Դեռ չէին սկսվել զինված բախումները, և Զաքարն ընդունվում է Ստեփանակերտի մանկավարժա կան ինստիտուտ: Շատ արագ աչքի է ընկնում իր ակտիվությամբ. մանավանդ` սովորելուց բացի, բուհի ուսանողները նաև սահմանամերձ բնակավայրերում ապրողների կողքին լինելու, նրանց աջակցելու պարտականությունն էին ստանձնել: Անդամագրվում է «Ուսանողական շինջոկատ» պայմանական անունը կրող ջոկատին, որի անդամների հետ, փաստորեն, նրանք Նժդեհի նշած` հոգևոր հայրենիքի վերակերտման հիմնաքարերն էին դնում: Իսկ բուհում համոզված էին, որ խելացի այս ուսանողը գիտությամբ է զբաղվելու…

Կարինե-մայրը առանձնակի ջերմությամբ է խոսում տղայի բուհական, հետո արդեն մարտական ընկերոջ` ներկայումս ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի մասին.

- Զաքարիս հրամանատարն էր: Նա է որդուս սովորեցրել մարտական զենքից ճիշտ օգտվել:

Իսկ Վ. Ավետիսյանի պատմածը ունկնդրին մտովի մարտադաշտ է տեղափոխում, ուր հերոսականությունը միախառնված էր հնարամտության հետ.

- Արմենավանի (Կրկժան) կողմով, սարերով ու ձորերով գիշերվա կեսին մի խումբ ուսանողների հետ, որոնց թվում էր Զաքարը, գնացել էինք Բերդաձորը պաշտպանելու: ՕՄՕՆ-ի ուղղաթիռներն առավոտյան նկատել էին մեզ և սկսեցին անխնա գնդակոծել մեր ուղղությամբ: Բոլորս արագ պատսպարվեցինք անտառածածկ ձորակում, բացի Զաքարից, որն ավելի ծանրամարմին էր: Մենք տեսադաշտից կորցրեցինք նրան: Կես ժամ մեր գլխավերևում պտտվելուց և գնդակոծելուց հետո, մեր կողմից որևէ շարժ չնկատելով, ուղղաթիռները հեռացան` երևի մտածելով, որ բոլորիս ոչնչացրել են: Մենք դուրս եկանք թաքստոցներից, բայց Զաքարը չկար: Մտածեցինք, որ զոհվել է, քանի որ ուղղաթիռների թափած կրակը շատ ինտենսիվ էր: Սակայն որոշ ժամանակ անց, հուրախություն բոլորիս, նկատեցինք, որ դիմացի ձորակից դեպի մեզ է գալիս Զաքարը` մի մեծ ժայռաբեկոր հրելով առաջ: Ծիծաղ շարժող պատկեր էր, բայց ժայռաբեկորը նրա համար պաշտպանիչ վահան էր եղել…

Մինչ թշնամու հետ գոտեմարտը, Զաքարն ընկերների հետ տպագրական սարքեր է տարել Ղարաբաղ, առաջին անհրաժեշտության այլ պիտույքներ` հագուստ, դեղորայք, զենք-զինամթերք, բժշկական սարքեր, ծխախոտ… Հետո արդեն` որդու զոհվելուց 22 տարի անց, նրա մարտական ընկեր Սամվել Մանուկյանը պիտի պատմեր մորը.

- Զաքարը գիտությամբ լավ էր զինված, և դա շատ դրական էր: Մեր տղաներն անում էին ամեն ինչ, որ թշնամուն վռնդենք Ղարաբաղից: Քաջ և արդեն որոշակի փորձ ունեցող տղաների հետ դիրքապահ էինք կանգնում Կրկժանում` Արմենավանում, Բերդաձորում: Արմենավանի հայկական թաղամասը ադրբեջանական թաղամասից ընդամենը տասնհինգ մետր հեռավորության վրա էր գտնվում, և մեր հերոս տղաներն առանց վարանելու գիշեր-ցերեկ պահում էին դիրքերը, որ ադրբեջանցիները չվնասեն հայ բնակիչներին: Զաքարի և տղաների հետ գիշերները զենք, զինամթերք էինք տեղափոխում և թաքցնում Արմենավանի հայերի տներում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ զենք-զինամթերքի մեծ մասը Զաքարն էր բերում Երևանից:

Ղարաբաղում նա տեղանքի քարտեզներ էր գծում, որ ամեն զինվոր ունենա` մարտի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու համար:

Առաջին մարտը Արմենավան-Կրկժանում էր:

- Ես կարծես նրա մարտական ընկերը լինեի: Ամեն օր սպասում էի որդուս ու չգիտեի, թե երբ կգա: Ինքն էլ չգիտեր: Բայց երբ գալիս էր, իրեն հատուկ լավատեսությամբ պատմում էր ծրագրերից. համոզված էր, որ Արցախն ազատագրվելու է: Ի´նքն էր ցրում մեր տագնապները: Ես բուժաշխատող էի, ու երբեմն ինձ էր հարցնում, թե առաջին օգնության, առաջին անհրաժեշտության ինչ դեղորայք հայթայթի: Մի օր էլ խնդրեց, որ արյան ճնշում չափել սովորեցնեմ: Ընկերները հետո պատմեցին, որ մարտի դաշտում Զաքարը մի ուսից ավտոմատն էր կախում, մյուսից` բժշկական պայուսակը,- հիշում է մայրը:

Որդեկորույս մոր պատմածների շարունակությունն է ասես Զաքարի համակուրսեցի և ռազմաճակատային ընկեր Անդրանիկի պատմածը.

- Միասին էինք տուն վարձել, միասին էինք ապրում այնտեղ: Զաքարի տուն գալն ու գնալը խիստ անորոշ էր: Տուն էր գալիս կեսգիշերին` ծանր պայուսակ ներով: Առավոտյան գնում էր, երբ ես դեռ քնած էի լինում: Ես զարմանում էի, թե ի՞նչ է անում գիշեր-ցերեկ, անընդհատ վազքի մեջ: Մի օր էլ շուտ արթնացա և նստեցի տեղաշորիս մեջ: Մեկ էլ մարմինս առավ կոշտ բանի: Մահճակալիս տակ նայեմ, ի՞նչ տեսնեմ. զենքեր են շարված, որը` նոր, որը` հին ու ժանգոտված: Զաքարը նկատեց, որ մահճակալի տակն եմ նայում, անխոս մոտեցավ ինձ ու մատը դրեց շուրթերին, որ նշանակում էր լռել: Չէի հավատում տեսածիս, չէի կարողանում պատկերացնել` ե՞րբ է հասցրել այդքան զենք-զինամթերք բերել և տեղավորել սենյակում, որ չեմ նկատել, գլխի չեմ ընկել:

…Մի օր էր, երբ նոր էր մթնել, հանկարծակի, իր համար անսովոր շուտ շնչակտուր տուն մտավ: Պարզվեց զինամթերք է տարել Արմենավան, այն ժամանակ` Կրկժան, և ետդարձի ճանապարհին օմօնական զրահամեքենան հետապնդել էր նրան: Սակայն կարողացել էր փախչել: Նա այնքան արագ էր վազել, որ նոր կոշիկները պատռվել էին:

***

Չարաբաստիկ հունիսի 29-ին Կարինե մայրը սուր տագնապներ է ապրում: Իմաստուն է մոր սիրտը.

- Շատ վատ կանխազգացում ունեի, որից գլխապտույտ ու շնչահեղձություն առաջացավ:

Օդը չէր բավարարում, ուզում էի վազել Զաքարիս մոտ: Դստերս խնդրում էի, որ հորը ստիպի` գնան, տղայիս տուն բերեն: Միայն մի միտք էր շամփրում ուղեղս ու ծվատում հոգիս` «Ես կորցնում եմ Զաքարին»: Այդ օրը բոլորը հանդիմանում էին ինձ ու փորձում հանգստացնել: Բայց հաջորդ օրը… Դրանից հետո ոչինչ չեմ հիշում: Շատ աղոտ առանձին դրվագներ միայն, որոնք այնքա˜ն անիրական էին թվում: Մե˜ծ բազմություն էր հավաքվել, ու երևի թե դա մխիթարում էր ենթագիտակցորեն: Մխիթարում էր այն զգացողությունը, որ որդուս սխրանքը գնահատվել է, նրա ընտրած «մահ իմացյալը» ինքնանպատակ չէր… Որդուս դին նախ համալսարանում դրվեց, հետո իր վերջին հանգրվան տարան ու հողին հանձնեցին զինվորական կարգով: Եռաբլուրն այն ժամանակ դեռ այսքան մեծ ու այսքան խնամված չէր…

Փորձում եմ կանխել խոսքերի հետ աչքերում լճացած մոր արցունքները: Չի հաջողվում:

- Այդ պահից ցավիս միախառնվեց տարօրինակ մի զգացողություն. դադարեցի հանդիմանել զավակիս` ինձ որդեկորույս դարձնելու համար: Գիտակցում էի, որ կյանքը շարունակվում է և Մանուշակ դստերս ու Դավիթ որդուս արցունքով չպետք է մեծացնեմ: Հետագայում մեծ սփոփանք էր նրանց երեխաների ծնունդը. երկուսն էլ իրենց արու զավակներին Զաքար կոչեցին… Սակայն խաթարվել էր առողջությունս... Բայց մենք լավատես մնացինք` Զաքարիս պատգամն էր ու նրանից մեզ փոխանցված հավատի լույսը: Ասում էր` «Հայը պետք է վերացնի նախանձը և ուրախանա կողքինի հաջողություններով, պետք է հայրենապաշտ լինի: Միայն այդ ժամանակ կունենանք ծովից-ծով Հայաստան»: Ասում էր` եթե զոհվեմ` չլացես ու հայրենիքից ոչինչ չուզես: Ոչինչ չենք ուզել, միայն նրա սխրանքը գնահատել ենք ակնկալում:

Տիկին Կարինեի ձայնը կերկերում է. լռում է մի պահ ու շարունակում.

- 2012-ին միայն կարողացա վերագտնել ինձ և որոշեցի գտնել Զաքարիս ընկերներին: Առաջինը հանդիպեցի Վահրամ Գևորգյանի հետ, ով ճանաչված է Վահրամ Խաչենի գրական անվամբ: Եվ այն, ինչ պատմեց Վահրամը, համոզվեցի, որ իսկապես հերոս որդի եմ ունեցել:

- Ղարաբաղում այնպիսի մի բնակավայր չկա, որտեղ չի եղել Զաքարը` հետախուզման, ուսումնասիրման, ապա և մարտական գործողություններին մասնակցելու իմաստով: Ամենաթեժ և վտանգավոր տեղերում էր լինում: Ավելի հեշտ է ասել` որտե՞ղ չի եղել նա: Զաքարի մեծագույն վաստակը ադրբեջանական բռնության դեմ ելած հայորդիներին գաղափարապես ուժեղացնելու, նրանց առաքելությունն իմաստավորելու, այնուհետև պարտադրված պատերազմում հայ ազատամարտիկի թիկունքն ապահովելու դժվարին աշխատանքն էր:

Մեկ թիկունքի ապահովման հոգսերով էր վազում, մեկ կանգնում էր խրամատներում կռվող մարտական ընկերների կողքին: Թիկունքն առաջին գծից պակաս կարևոր չէ: Եթե դիրքերում գտնվող մարտիկները կռվում էին հակառակորդի կրակի դեմ կանգնած, ապա Զաքարը քաղաքից քաղաք էր անցնում, որ նրանց զենք ու զինամթերք, սնունդ ու դեղորայք հասցներ: Ջոկատից ջոկատ էր անցնում` տեսնելու, թե ինչի պակաս կա:

Զաքարը քաղաքականապես գրագետ, գաղափարով հարուստ մեծ մարդ էր: Նա առաջինն էր, որ մեր մեջ սերմանեց տեղի ունեցող իրադարձությունների գիտակցում: Պատմությունն ապացուցել է, որ գաղափարով մեծերը երկար չեն ապրում: Զաքարն իր օրինակով ամրապնդեց այդ օրինաչափությունը:

1992 թ. Տոնաշենում մղված մարտերում զոհված քաջարի հայորդին հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով, «Թալիշի պաշտպան» և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալներով: Կարինե մայրն այսօր երազում է Զաքարից մնացած մասունքներով թանգարան ստեղծել հենց Եռաբլուրում` նրա շիրմաքարի կողքին: Ցուցանմուշներն է ի մի բերում և հավատում է, որ հաջողելու է: Միայն թե լուսանկարներ գրեթե չունի մարտիկը: Իր բաժին պատերազմը նա հաղթեց, բայց չհասցրեց վերջնական հաղթանակը տոնել ու լուսանկարվել: Լուսանկարվել չի սիրել, ու երբ գնդակոծությունների կարճ դադարներին ընկերներն առաջարկել են խմբովի նկարվել, մերժել է, թե`

- Նկարվելու ժամանակը չէ: Հաղթենք, հետո միասին կլուսանկարվենք:

Կարինե Ավանեսյանի ցանկությունը մեկն է` թող ոչ մի մայր որդեկորույս չդառնա: Նա հիացած է մերօրյա երիտասարդության քաջությամբ: Ասում է.

- Կարծես հիմա նոր եմ հասկանում Զաքարին: Այն ժամանակ հպարտանում էի նրանով ու վախենում նրա կյանքի համար: Հիմա բոլոր զինվորներն իմ որդիներն են, բոլորն ինձ համար քաջ Թաթուլներ են, Վարդաններ, Զաքարներ, ու դողում եմ յուրաքանչյուրի կյանքի համար:

Անչափելի է մոր սիրտը. նրանում տեղ կա բոլորի համար: Իսկ խիզախ զավակ կորցրած մոր սիրտը աղոթարան է Հայրենիքի բոլոր զինվորների համար…

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ