Հին հայկական սպառազինությունը


Հին Հայաստանը շատ է պատերազմել և բազմաթիվ հաղթանակներ է տարել` շնորհիվ իր քաջ զինվորների և խելացի դիվանագետների: Ճիշտ է, եղել են նաև վրիպակներ, որ ազդել են ռազմական գործողությունների ընթացքի վրա, սակայն հայոց զորքը հիմնականում համարվել է ժամանակի հզորագույններից մեկը: Ինչպես ցույց են տալիս պեղումները, որ կատարվել են Գառնիում, Նախիջևանում, Սևանի ավազանում և այլուր, Հայաստանում մեծ զարգացում է ապրել մետաղագործությունը: Դրա շնորհիվ զարգացել է նաև ռազմական գործը: Հայկական զորքը զինված է եղել վահանով, գոտիով, սաղավարտով, ճակատին կապվող թիթեղով, պատյանով: Մինչ մեր օրերը պահպանվել են պաշտպանական սպառազինության միայն մետաղյա մասերը, սակայն մնացած հումքերից պատրաստված զենքերից հնարավոր է պատկերացում կազմել հին արվեստի հուշարձանների մասին: Նրանց վրա զինվորները պատկերված են սաղավարտներով, գոտիներով, ճակատային թիթեղներով, ձեռքում` վահան, և երբեմն էլ պատյանով: Առավել հետաքրքիր է Ստեփանավանի պեղումներից հայտնաբերված գոտին, որի վրա պատկերված են հետևակային զինվորների շքերթը, ընդ որում` բոլոր զինվորների ձեռքին վահան կա: Վահանի չափը` 60-ից 85 սմ, երկու անգամ փոքր է եղել մարդու հասակից: Հայկական վահանները շատ նման են եղել ասորականին: Դրանք եղել են ինչպես կլոր, այնպես էլ կիսագլանաձև: Ասորական թագավոր Սալմանասար 3-րդի վկայություններից պարզ է դառնում, որ մ. թ. ա. 858 թվականին Ուրարտուի հետ պատերազմի ժամանակ հայկական սպառազինությունը շատ թույլ է զարգացած եղել, և հայոց արքա Արամը ծանր պարտություն է կրել: Դրանից հետո սկսվել է հայկական սպառազինության զարգացումը և վահանի ձևափոխումը, և արդեն Արգիշտի թագավորի ժամանակ հասել է զարգացման բարձր աստիճանի: Հայկական սպառազինության զարգացումը կարելի է տեսնել Արգիշտի թագավորի զինվորների պատկերներում, որոնք պահպանվում են Մյունխենի թանգարանում, Ֆրանսիայի Լես Ասկ թանգարանում և այլուր: Պաշտպանական սպառազինության մյուս տեսակը սաղավարտն է: Մեզ հասած մետաղական սաղավարտները բաժանվում են 3 խմբի` կատարով, սուր ծայրով և փշերով: Մ. թ. ա. 14-9-րդ դարերում Հին Հայաստանում գոյություն ունեցած սաղավարտները բազմաթիվ տեսակներ են ունեցել` կապված ռազմական ծառայության բնույթի հետ: Օրինակ` մարտակառքեր վարող զինվորները կրում էին կիսակլորաձև սաղավարտ, որը իջեցված էր զինվորի ճակատին: Հետաքրքրական է Շիրակավանից հայտնաբերված բրոնզե արձանը (մ.թ.ա 13-14-րդ դարեր), որը իրենից ներկայացնում է մի զինվոր` կապկպված առյուծ պատկերող սաղավարտով: Զինվորը հանգիստ կանգնած է` ձեռքերը կրծքին խաչված, սաղավարտը ծածկում է նրա ճակատը և սուր ծայր ունի: Բրոնզե և երկաթե սաղա վարտներն իրենց ժամանակին բավական թանկարժեք էին: Ըստ երևույթին, միայն յուրահատուկ զինվորական խմբերը կարող էին կրել դրանք: Դրա հետ մեկտեղ, ուրարտական սաղավարտների դիամետրը շատ մեծ էր, ինչը վկայում է ոչ թե զինվորների գլխի մեծության, այլ այն մասին, որ դրանց տակից փափուկ գլխարկներ էին կրում: Նման գլխարկների առկայություն բնորոշ էր Հին արևելյան երկրներին: Հին Հայաստանում ճակատային թիթեղները զարդեր էին, որոնք նաև պաշտպանական բնույթ էին կրում մարտերի ժամանակ: Սրանք կապվում էին ճակատին, ներսից կաշի կամ կտոր էր կարվում, թիթեղը բրոնզից էր և ուներ մոտավորապես 1-1.5 սմ հաստություն: Այն զինվորի գլուխը պաշտպանում էր հասցվող ծանր հարվածներից: Ճակատային թիթեղներ կրում էին թեթև զինված, մարտակառքային զինվորները (որոնք պատկերված են ասորական հուշարձաններում), ինչպես նաև տոնական հանդիսությունների ժամանակ: Հին Արևելքում պատյանները հայտնի էին մ.թ.ա. 2-րդ հազարամյակից, որոնք Հայաստանում դարձել էին պաշտպանության շատ կարևոր մաս: Պատյանները հագնում էին հագուստի վրայից: Մեծ տարածում ունեին երկաթյա պատյանները, որոնք հիմնականում կրում էին հեծյալները: Ամբողջական պահպանված պատյան հայտնաբերվել է Թեյշեբայինիում: Այն կազմված է 9 տիպի թիթեղներից, որոնք, սակայն, ոչ թե կարված են ինչ-որ կտորի կամ կաշվի վրա, այլ առանձին շապիկ են` պատրաստված իրար ամրացված մետաղական թիթեղներից: Գոտիները նույնպես շատ մեծ դեր էին կատարում զինվորի պաշտպանության գործում: Հայտնաբերվել են երկաթյա և բրոնզե գոտիներ, որոնց վրա պատկերված տարբեր տեսարանները պատկերացում են տալիս հին հայերի հոգևոր կյանքի մասին: Հայկական բրոնզե գոտիները եղել են 2 տեսակի` լայն և նեղ: Լայն գոտիների վրա կային զարդանախշեր: Նեղ գոտիներ կրում էին երիտասարդները, իսկ լայները` ավելի տարիքով մարդիկ : Պեղումների ժամանակ գտնված 200 գոտիներից 150-ը նեղ են: Դա վկայում է, որ տարիքով մարդիկ ավելի հմուտ են եղել ռազմական գործում, քան երիտասարդները, և հետևաբար մարտերի ժամանակ ավելի շատ երիտասարդներն են զոհվել: Առաջավոր Ասիայի երկրների հետ կապի մեջ լինելով` հայերը պաշտպանական սպառազինության շատ տարրեր վերցրել են նրանից: Սակայն սխալ է ենթադրել, որ մեխանիկորեն ամեն-ինչ ընդօրինակել են, քանի որ այդ տարրերի ընդունումը միայն կարող են վկայել հայերի և հարևան երկրների միջև տեղի ունեցող փոխանակությունների և կապերի մասին: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի միջև` Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է կապող օղակ Պարսկաստանի, Փոքր Ասիայի և Կովկասի միջև: Այս կապերը ավելի են ամրապնդվել Ուրարտական պետության ստեղծումից հետո: Ուրարտացիները խթանել են բնիկների մշակույթի հետ նաև ասորա-խեթական մշակույթի զարգացմանը և այդ մշակույթը տարածել են կովկասյան շրջաններում ու դրանից դուրս: Հայկական գործիքներ են հայտնաբերվել նաև եգիպտական Թութանհամոն փարավոնի դամբարանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է հայկական սպառազինության զարգացածության բարձր մակարդակի մասին: Չնայած հայերը ունեցել են նման հաջողություններ սպառազինության ասպարեզում, սակայն այս զենքերը միայն պաշտպանողական բնույթ ունեին, քանի որ մենք` հայերս, եղել ենք և մնում ենք աշխարհի ամենախաղաղասեր ազգերից մեկը:

Աննա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ