ՀԱԿ-ը ՀՀՇ-ի հետ դեռ հաշիվ պիտի մաքրի


Միանգամայն տրամաբանորեն դեռ երկու շաբաթ առաջ ասում էինք ՀԱԿ, հասկանում էինք ՀՀՇ: Այս քաղաքական նույնացումն արդարացված էր, քանի որ թեև ասում են, թե ՀԱԿ-ում 13 կուսակցություններ ևս կան, բայց միակ քաղաքական ուժը ՀՀՇ-ն է: Քաղաքական իմաստով, այո, ՀԱԿ-ը ձևավորված է ՀՀՇ-ի ոչ միայն հիմքի վրա, այլ նաև վերնաշենքի` կազմակերպական կառույցի միջոցով: Բովանդակային էությամբ, սակայն, ՀԱԿ-ը բոլորովին էլ ՀՀՇ չէ, այլապես նույնի նոր կրկնակն ստեղծելն արդարացված չէր լինի, ու նշված 13-ը ուղղակի կկազմալուծվեին ՀՀՇ-ում: Հենց այս համատեքստում է բացահատվում, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը ՀԱԿ-ը կազմավորել է ոչ թե կուսակցություններից, այլ այնպիսի անձանցից, ովքեր 2007-ին չէին ցանկանում նույնանալ ՀՀՇ-ին, հիմա էլ իրենց կամքն են թելադրում քաղաքական այն հոսանքին, որի մեջ է նաև ՀՀՇ-ն: ԼՏՊ-ի ղեկավար մասնակցությունն այս պարագայում ուղղակի անթաքույց է: ՀՀՇ-ում այսօր կատարվող մետամորֆոզները քաղաքական իմաստ չունեն, տեղի են ունենում անձնային հարաբերությունների հարթությունում: Միաժամանակ, արմատական-ծայրահեղականն ների ճամբարում իրագործվող ձևափոխումները կարող են քաղաքական հետևանքներ ունենալ նախ 2012-ին կայանալիք խորհրդարանական, ապա 2013-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակ: Ուստի, անհրաժեշտ է հասկանալ, թե ՀԱԿ-ը ինչպես է նախապատրաստվում այս համապետական քաղաքական միջոցառումներին: Հարկ է հիշել, որ դեռ տարեսկզբին Լևոն Տեր¬Պետրոսյանի նեղ շրջապատում տագնապ էր առաջացրել արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու, խորհրդարանական հերթական ընտրություններին մաքուր ՀՀՇ-ական ընտրացանկով ու պատշաճորեն մասնակցելու, նախագահական ընտրությունների Նախագահի նոր թեկնածուով գնալու գաղափարը: Այս շրջադարձային առաջարկի հեղինակը, բնականաբար, չէր կարող լինել ԼՏՊ-ի յուրայինը կամ ՀԱԿ-ական: Առաջինները չէին համարձակվի, երկրորդները չէին կարող: Նման համարձակ, քաղաքական իմաստով միանգամայն արդարացված ու անհրաժեշտ քայլ կարող էին ու արեցին ՀՀՇ նախագահն ու փոխնախագահը: Առաջիկա հուլիսի 17-ին ՀՀՇ համագումար հրավիրելով և նախապես Արարատ Զուրաբյանին ու Խաչատուր Քոքոբելյանին «խաղից դուրս դնելով», ԼՏՊ-ն միանգամից մի քանի հարց պետք է լուծի, որ մասամբ փարատի մտավախությունները: Բայց նախանշած ծրագիրը չձախողելու համար դեռ մեծ աշխատանք ունի անելու: Առաջին նախագահն, անշուշտ, հասկանում է, որ 2013-ին անգամ յուրայինները դժվարությամբ կհասկանան 68-ամյա գործչի նախագահական հավակնությունները: Նույնքան կանխատեսելի է, որ առանց ՀՀՇ-ի ՀԱԿ-ը ոչ մի բան չի կարող անել: Լևոն Տեր¬Պետրոսյանը նույնպես հասկանում է, որ «նոր առաջնորդի» խնդիրն օբյեկտիվորեն է առաջացել, քանի որ նախ ինքն է հոգնել, ապա և իշխանությունն այլևս գրավիչ չէ այնքան, որպեսզի արդարացնի ջանքերը: Նրան առավել գայթակղում է «իշխանափոխության» խիստ շահութաբեր պրոցեսը, բայց ոչ` արդյունքը: Հետևաբար, նվազագույնը պետք է երկու խնդիր լուծել` ՀՀՇ-ն դարձնել ՀԱԿ-ի վստահելի ու անխուսափելի լոկոմոտիվը և հրապարակ հանել նոր առաջնորդի: Այս խնդիրները միաժամանակ կարելի է լուծել մեկ, բայց բավական դժվարին քայլով` ՀՀՇ նախագահ դարձնելով իր թոռան ավելի երիտասարդ պապիկին` Դավիթ Շահնազարյանին: Սրա համար ԼՏՊ-ն արդեն բոլոր պայմաններն ստեղծել է: Համագումարի օրը դեռ ՀՀՇ վարչության նիստով չի էլ հաստատվել, բայց անհրաժեշտ բոլոր վեց հարյուրյակ պատվիրակներն արդեն ընտրված են, ու յուրաքանչյուրն անձնական հանդիպում է ունենալու «առաջնորդի» հետ: Անհատական հրահանգա վորումից բացի, Լևոն Տեր¬Պետրոսյանը նաև առաջին մանդատով մասնակցելու է համագումարին ու իր «ծրագրային» ելույթում ընդհանրական ուղենիշերն է սահմանելու: Պատկերն, իհարկե, խիստ հուզումնալից է լինելու, քանի որ խարիզմատիկ առաջնորդը պետք է կարողանա իրեն պաշտողներին ու երկրպագողներին, ամեն ինչից զատ` հասկացնել ամենագլխավորը. որ ինքն անցնում է «սև կարդինալի» կարգավիճակի, իսկ «առաջնորդի» գործառույթներն այդուհետ հրապարակավ կատարելու է իր ամենավստահելի անձը` Դավիթ Շահնազար յանը: Սակայն համագումարի անելիքը` 25 վարչության անդամներ ու այս թվում նաև ԼՏՊ¬ի խնամուն ընտրելը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլն է: Ամենակարևորն, այնպիսի վարչություն ձևավորելն է, որ 25-ը հետո ոչ միայն անտրտունջ իրենց նախագահ դարձնեն մատնանշած անձին, այլ հետագայում էլ կազմավորեն այն ընտրացուցակը, որ կթելադրի «սև կարդինալը»: Իսկ այս ողջ ծրագիրն իրագործվում է ոչ թե ընտրական ճանապարհով իշխանության գալու, ինչպես ոմանց կարող է թվալ, այլ «հինգերորդ շարասյան» գործառութն իր համար ամրապնդելու և արտաքին «գործընկերների» համար առավել վստահելի դառնալու նկատառումներով: