ՈՒԶՈ՞ՒՄ Է ԻԼՀԱՄԸ ՊԱՏԵՐԱԶՄ


Անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահը սրտնեղած վերադարձավ Սանկտ-Պետերբուրգից ու Արցախի սահմանային շփման գծի գրեթե ողջ երկայնքով դիվերսիաների մի ամբողջ շարք սադրելու հրաման արձակեց: Եթե այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, ապա դա նշանակում է, որ Իլհամ Ալիևը չի վերահսկում իրավիճակը Ադրբեջանի սահնաններում, հետևաբար` նաև երկրի ներսում: Պետությունն էմիրության վերածած նախագահը, որը սահմանադրորեն հաստատել է անսահմանորեն «վերընտրվելու» իր իրավունքը, խորհրդարանին թելադրել է Ռազմական դոկտրինում ամրագրել ուժի միջոցով խնդիրներ լուծելու դրույթը և օրենք ընդունել` ռազմական գործողությունների ժամանակ ընտրությունները հետաձգելու մասին, չի կարող անմեղսունակ ձևանալ: Նա չի կարող նաև որևէ մեկին համոզել, թե մեկ օրվա ընթացքում հայկական սահմանի 284 խախտումները պատահական զուգադիպություններ են: Հունիսի 18-ին պարզ դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող բանակցությունները ստանում են նոր ընթացք, որը ոչ մի կերպ չի համընկնում Ադրբեջանի էմիրի ցանկություններին: Իլհամն էլ մտածեց, որ իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը պատերազմ հրահրելն է, քանի որ Արցախի հակամարտությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, որը կարող է երկարաձգվել մինչև ալիևների էմիրապետության ավարտը կամ հանգուցալուծվել պատերազմով: Հայտնի դիալեկտիկական օրենք է, որ քանակական փոփոխություններն ի վերջո որակական հետևանք են ունենում: Սակայն հույժ կարևոր էր, որ հայկական կողմը սկսի պատերազմը, որպեսզի ինքն էլ կրի դրա պատասխանատվությունը: Բարեբախտաբար, հայկական կողմը սադրանքին համարժեք պատասխան տվեց ու դիվերսիան չվերածեց պատերազմի: Սանկտ - Պետերբուրգից ճողոպրած Իլհամը ուղղակի չէր կարող իր դիվանագիտական պարտությունը քողարկելու և ազգայնական շրջանակների մղումները հանգստացնելու համար որևէ ծայրահեղ քայլի չդիմել: Մինչդեռ, իրականում, նա չի կարող պատերազմ ցանկանալ, քանի որ այն շատ արագ ավարտ կունենա և կարող է եզրափակվել իր իշխանության կորստով: Իլհամը շատ լավ հասկանում է, որ պատերազմի դեպքում հաղթողներ չեն լինի, իսկ կորուստներն անխուսափելի են: Նաև չկա հարցի պատասխանը, թե պատերազմի որ ելքը կարող է Ադրբեջանի համար հաղթանակ համարվել: Ղարաբաղն ամբողջությամբ անհնարին է հետ բերել, և դա անգամ ադրբեջանական ազգայնականներն են գիտակցում: Իլհամը հիմա, ճիշտ հակառակը, պետք է կարողանա ադրբեջանական նավթի 90%-ի սեփականատեր օտարերկրյա ընկերություններին ապացուցել, որ ինքը կարող է լինել խաղաղության ու նավթահանքերի անվտանգ շահագործումը ապահովող միակ երաշխավորը: Միաժամանակ, Ադրբեջանի էմիրը քաջ գիտակցում է, որ քանի դեռ Արցախի հիմնահարցը լուծված չէ, ինքն ազատ է ներքին մարտահրավերներից: Պաշտոնապես է անգամ հայտարարվում, որ չլուծված հակամարտություն ունեցող Ադրբեջանից չի կարելի ժողովրդավարական բարեփոխումներ կամ ինստիտուցիոնալ համակարգեր պահանջել: Սա նշանակում է, որ քանի դեռ ԼՂՀ հիմնահարցը չի կարգավորվել, Ադրբեջանում չի լինի քաղաքական ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն և ալիևների միահեծան իշխանությանը այլընտրանքներ չեն կարող առաջանալ: Բացառված չէ նաև, որ օգտվելով օրենսդրական փոփոխությունից և Արցախի հետ շփման գծում առաջացած լարվածության պատրվակից, Իլհամը երկրում հայտարարի արտակարգ իրավիճակ և, ինչպես դա արվում է մերձավորարևելյան ու աֆրիկյան բազմաթիվ մուսուլմանական երկրներում, մինչև իր մահը հետաձգի բոլոր կարգի ընտրությունները: Արևմուտքը սա էլ կհանդուրժի ու կների Իլհամին, քանի չեն սպառվել նավթի ու գազի պաշարները: Իսկ սա նշանակում է, որ առնվազն երեք տասնամյակ խաղաղ կյանքն ապահովված է: Բայց կա մեկ ու միակ ներքին ուժը, որին ալիևների կլանը անկարող է դիմադրել կամ զսպել: Դա ռազմատենչ ազգայնական հիստերիան է, որի բռնկումից իսկապես կարող է պատերազմ առաջանալ ու զարգացումները իրոք կարող են անվերահսկելի լինել: Կամավոր ու գիտակցված Իլհամ Ալիևը պատերազմական գործողությունների կարող է դիմել միայն մեկ դեպքում: Երբ համոզվի, որ խաղաղությունը ավելի սպառնալի է դառնում իր համար և բախտախնդրությունը կարող է արդարացված լինել: Իսկ արդարանալու թույլ, մասնակի հնարավորություններ կան, քանի որ պատերազմական իրավիճակում Ադրբեջանին կարող է թույլատրվի «հետ գրավել» Ֆիզուլին ու Քելբաջարը, եթե նա հակառակ ճակատում հանձնի Շահումյանի շրջանը, Գետաշենը, Մարտունաշենը ու հարակից բոլոր նախկին հայաբնակ տարածքները:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ