ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐ «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ՉՈՒՆԵՆՔ»


Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ինքնատիպ հանդիպման վերածվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման 100-րդ օրվան նվիրված հավաքը: Ս.Օհանյանն իր հանդիսավոր խոսքում մասնավորապես նշեց. - Մեզանում արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր պաշտոնյա` իր պաշտոնավարման 100-րդ օրը ներկայացնում է այդ ժամանակահատվածում կատարած իր աշխատանքները: Մեր նախորդ հանդիպումների ընթացքում ես խոստացել եմ մշտական համագործակցության մեջ լինել զանգվածային լրատվամիջոցների հետ և այս 100 օրվա ընթացքում փորձել եմ սերտացնել այդ կապը: 100 օրը, ինչ խոսք, կարճ ժամանակահատված է մեծ աշխատանքներ կատարելու համար, սակայն նշեմ, որ ես շարունակել եմ զինված ուժերի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները` «Զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսի ներքո, որը ենթադրում է նորովի մոտեցում` զինված ուժերում իրականացվող գործընթացներին: Այս առումով էլ իմ ուշադրության կենտրոնում հիմնականում եղել է իրականացվող բարեփոխումների` ՀՀ Նախագահի կողմից հաստատված ծրագիրը: Իմ ուշադրության կենտրոնում է եղել նաև հասարակական իրազեկման խնդիրը. զինված ուժերը, ինչպեսև պետական այլ գերատեսչությունները, մասն են կազմում մեր հասարակության և բաց պետք է լինեն վերջինիս համար: Այս ժամանակահատվածում իրականացված առավել կարևոր և առանձնահատուկ միջոցառումներից կընդգծեի ղեկավար օրգանների պատրաստությունը` հրամանատա րական օպերատիվ պատրաստության համակարգում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը և կատարելագոր ծումը, զինծառայողների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված խնդիրների իրականացումը` մասնավորապես ծառայողական և ոչ ծառայողական բնակարանների բաշխումը, զինծառայողներին հիփոթեկային հարմար պայմաններով վարկ տրամադրելու հայեցակարգի մշակումը, զինված ուժերի` նոր սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, նյութատեխնիկական բազայով հագեցման ու թարմացման աշխատանքները: Իհարկե, բանակի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն այսօր մարտական հերթապահությունն է. առաջին գծում անընդհատ կատարելագործում ու բարելավում ենք մեր դիրքերը: Կատարվում են տարեկան մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Ս.Օհանյանը նաև նշեց, որ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքների հիմքում ընկած են արդեն ստեղծված բարի ավանդույթները և, որպես նոր ղեկավար, իր գործելաոճից բխող նորություններ են մտցվել, որպեսզի աշխատանքն ու ծառայությունը ՊՆ կենտրոնական ապարատում լինեն առավել արդյունավետ. «Շարունակելու ենք աշխատել մեր զինված ուժերին 2008 թվականին առաջադրված բոլոր խնդիրների լուծման շուրջ»: Նախարարը հավելեց, որ Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, որն օրըստօրե կատարելագործվում է, և, արժևորելով տարիների ընթացքում կուտակած փորձն ու անցած ճանապարհը, կարելի է եզրակացնել, որ մեր զինված ուժերի ունեցած առանձնահատկությունները բնորոշ են աշխարհի հզոր բանակներին. -Հաջողություններից, սակայն, գլխապտույտ չունենք և մտահոգված ենք զինված ուժերում առկա բացթողումներով և թերություններով: Ձեռնարկված մի շարք մարտավարական քայլերի մեջ նախարարը հատուկ կարևորեց մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակությանն ուղղված գիտահանրամատչելի փաստագրական երկու ֆիլմերն ու «Հայոց պատմության աշխարհակալությունները» գրքույկը, որոնք ս.թ. սեպտեմբերի 1-ին կուղարկվեն Հանրապետության, Ջավախքի ու Արցախի դպրոցներ, բուհեր, որտեղ ուսանող երեխաներն ու երիտասարդները վաղը համալրելու են ազգային բանակի շարքերը: Ավարտելով խոսքը, Ս.Օհանյանը հավելեց, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսը նույնպես լարված է լինելու. աշնանը արդեն շահագործման կհանձնվի պաշտպանության նախարարության նոր վարչական շենքը, կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժությունները: - Նոր մոտեցմամբ, նաև ՀՀ Նախագահի ցուցումներով, ամեն ինչի հիմքում պետք է ընկած լինի օրինականությունը, արդարությունը, անօրինականությունների և կաշառակերության դեմ պայքարի սկզբունքը` այնքան ժամանակ, որքան կլինեմ այս գերատեսչության ղեկավար, - եզրափակեց նախարարը: Այնուհետև Ս.Օհանյանն առանձնազրույց ունեցավ հյուրերի հետ, պատասխանեց վերջիններիս հուզող հարցերին: Իսկ լրագրողների` վերջերս անհայտ կորած, ապա` զոհված հայ զինծառայողի վերաբերյալ հնչեցրած հարցին ի պատասխան` նախարարը տեղեկացրեց. «Մարտական հերթապահություն իրականացնող այդ հայ զինծառայողն ինքնակամ դուրս է եկել մարտական դիրքից և անհետացել: Իսկ ավելի ուշ` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունների, նա հայտնվել է ադրբեջանական հատվածում և այլևս ողջ չէ: Ներկայումս ընթանում է ծառայողական քննություն` պարզելու համար, թե ինչպե՞ս է մեր զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում: Այս առիթով կապ է հաստատվել Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ հերթապահության հետ, որոնք տեղեկացրել են, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ` վերջինիս դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ»: Նախարարը նշեց նաև, որ արդեն հանդիպել է վերոնշյալ զինծառայողի ծնողների հետ: *** Բանակը հասարակության միկրոպատկերն է, և յուրաքանչյուր զորակոչի հետ նաև բացասական բարքեր են ներմուծվում: Այդ ուղղությամբ ունե՞ք նոր ծրագրեր` անցանկալի դեպքերը իսպառ բացառելու համար: - Իրոք էդպես է. հասարակության վատ բարքերը ևս մտնում են բանակ: Այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տարվում է. մենք դաստիարակչական աշխատանք ների ողջ համակարգում ունենք մշակված ծրագրեր: Նորություններից մեկն էլ այն է, որ այսօր իսկ յուրաքանչյուր սպա ձգտում է տիրապետել և իր ձեռքի տակ ունենալ դաստիարակության և ուսուցման հիմունքները, այսինքն` սկզբունքները, մեթոդները, ձևերը: Եվ արվում է ամեն ինչ, որպեսզի կատարելագործվեն այդ աշխատանքները: Դա հիմնականում կախված է սպաների մանկավարժական և մեթոդական ունակություններից: Այդ մանկավարժական և մեթոդական ունակությունները տալիս է մեր` անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը, որը և համապատասխան մեթոդոլոգիա է մշակում, որպեսզի ուղղություն տրվի այդ աշխատանքներն իրականացնելու համար: Եվ այս գործում ամենաառաջնային խնդիրը անձնակազմի հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքներն են, որտեղ նրանք անհատական, բայց միևնույն ժամանակ տարբերակված բնույթ են կրում: Ձգտում ենք բացահայտել նման անձնավորություններին և նրանց հետ որոշակի աշխատանքներ կատարել: Հուսանք, որ մեր բանակում հնարավորին չափ շուտ արմատախիլ կարվեն հանցածին ռիսկերը, և մեր մայրերն ավելի հանգիստ խղճով կքնեն: