Թալան-թալան... մինչև ե՞րբ


Ոչ հեռավոր ապագայում մուտք է գործելու 3-րդ բջջային օպերատոր, ինչը բաժանորդային հանրությանը սակագնային դրական ակնկալիքներով է հուսադրում: Ասել է թե` մրցակցի քանակի ավելացումը ավելի կզգոնացնի հատկապես տխրահռչակ «ԱրմենՏելին»: Չնայած այս գարնանից «ԱրմենՏել» ՓԲԸ-ն դարձել է «Վիմպելկոմ» ռուսական ԲԲԸ-ի դուստր ընկերությունը, և այն տնօրինում է «Բիլայնը», միևնույն է, նրանց գործելաոճում չի նկատվում հեղինակությունը բարելավելու միտում: Նորից գլուխ է բարձրացրել մենաշնորհային դիրքի չարաշահումն ու գերշահույթի մարմաջը: Այս անգամ էլ որոշել են տեղի ինտերնետ պրովայդերներին ճնշել. 2007 թ. նոյեմբերից դադարացվել էր ինտերնետային կապուղու տրամադրումը: Վերջերս դա վերականգնել են, բայց առասպելական սակագներով: Պրովայդերներից մեկի` «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր ՍԱՂՅԱՆԻ հավաստմամբ. - Բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինտերնետը ի՞նչ արժե: Ընդունված է աշխարհում` պրովայդերների, օպերատորների գործունեությունում հաշվել մեգաբայթերի ծավալով: Մեզ «ԱրմենՏել»-ը մեկ MB-ը վաճառում է 3,88 դրամով: Մեկ CD ունի 700 MB` մոտավորապես մեկ ֆիլմ: Այսինքն, մեր օգտվողը մեկ CD-ի տարողության դեպքում վճարելու է 2716 դրամ, իսկ իր բաժանորդին այդ հնարավորությունը տալիս է 0,03 դրամով` 129 անգամ ավելի էժան: Մեր պահանջն այն է, որ նույն պայմանները ստեղծվեն: Կամ պետք է հանգիստ սնանկանանք, կամ էլ պետք է պայքարենք: Այս գնային տարբերության դեպքում չենք կարող մրցակցել: Դա հանրային ծառայություն է, մենք հանրության մասնիկն ենք: Կա հրապարակային առաջարկ` մենք պետք է օգտվենք այդ հրապարակային առաջարկից: Լիցենզիայում գրված է, որ խտրականությամբ չեն կարող մատուցել ծառայությունը: Ֆիքսված հեռախոսակապի երկրորդ օպերատորի մուտքը կվերացնի այս խնդիրները, բայց դա մեծ ներդրումներ է պահանջում: Իմ կարծիքով, պատասխանը հետևյալն է. եթե 12.000 դրամով Hi-LINE ծառայությունը հնարավոր է ցանցով մատուցել, և եթե վերահաշվարկենք այդ գծերի սակագները, ապա րոպեավարձը մեր երկրում 5 դրամի փոխարեն պետք է լինի 0,5 դրամ: - Իսկ կապի նախարարությունը տեղյա՞կ է այս չարաշահումների, գերշահույթի մասին: - Բոլորն էլ տեղյակ են: Ես տեղեկատվություն տվել եմ թերթերում: Ստացվում է, որ երկրի` բարեփոխումների իրականացմանը հետամուտ ղեկավարությունը մտադիր չէ՞ կանխարգելել մենաշնորհի հերթական շահարկումը, մեղմել ժողովրդի գրպանների հաշվին գոյացող գեր-գեր շահույթը, որը դուրս է տրամաբանության սահմաններից: Դա էլ դեռ բավական չէ, մամոնայից գերված այդ մարդիկ մտմտում են սակագնի մոտակա բարձրացման մասին: Հասկանալի է, որ «ախորժակը ուտելիս է բացվում», բայց նմանատիպ որկրամոլություն… Իսկ երկրորդ ֆիքսված հեռախոսակապի օպերատորությունից գործարարները խուսափում են` ծախսատարության պատճառով: Փաստորեն, նրանց միմիայն իրենց «բիզնես-փափախն» է հետաքրքրում: Այս ընթացքը կարող է հանգեցնել նրան, որ բնակչությունը հրաժարվի լարային հեռախոսի ծառայություններից` նախընտրելով բջջային, հիմա` ավելի մատչելի տարբերակը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ