Ընդհատված թռիչք


2010 թվականի փետրվարի 23¬ին ղրղզական ավիաուղիների Դուբայ¬Բիշկեք երթուղիով թռիչք կատարող ինքնաթիռի հրամանատարն ամուր կառչել էր ղեկից, ասես փորձելով ինչ¬որ նեցուկ գտնել` գետնից հնչած անսպասելի հրամանից քարացած: - Ինքնաթիռը վայրէջքի տարեք դեպի մոտակա օդանավայական ¬ այսպիսին էր կարճ ու հստակ հրամանը, որ հնչել էր Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքով անցնելու ժամանակ: Քաղաքացիական ինքնաթիռի օդաչուն հլու¬հնազանդ ենթարկվեց հրամանին: Իսկ օդանավակայանում ինքնաթիռին կազմ ու պատրաստ սպասում էին հատուկ նշանակության ջոկատի մարտիկները… Այս գործողության նպատակն էր ձերբակալել «Ջունդալլահ» («Ալլահի ռազմիկներ») սուննիտական ծայրահեղական կազմակերպության առաջնորդ Աբդուլ¬Մալիք Ռիգիին, ով ուղևորներից միակն էր, որ անմիջապես կռահեց չնախատեսված վայրէջքի պատճառը: Թեհրանը մեղադրում էր նրան Իրանի և Պակիստանի միջև ընկած սահմանամերձ Սիստան (Բելուջիստան) նահանգի տարածքում մի ամբողջ շարք ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և իրականացման մեջ, որոնցից ամենաարյունալին անցած տարվա հոկտեմբերի 18¬ին որոտացած պայթյունն էր: Այն տեղի ունեցավ Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) մի շարք հրամանատարների` տեղի ցեղախմբերի առաջնորդների և կրոնական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ահաբեկչության զոհ դարձան 49 մարդ, այդ թվում` ԻՀՊԿ¬ի 15 հրամանատարներ: Թեհրանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՆԳ նախարար Մուհամեդ Նաջարն ու հետախուզության նախարար Հեյդար Մոսլեխին հայտարարեցին, որ ձերբակալվածը «եռակի գործակալ» է, ով ծառայում է ԱՄՆ¬ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի շահերին: Հ. Մոսլեխիի պնդմամբ` Ռիգին հանդիպումներ էր ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ¬ի ուժերի ղեկավարներից մեկի, ինչպես նաև Եվրամիության մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: Իրանական մամուլը հաղորդում էր, որ ընդհատված թռիչքից ընդամենը մեկ օր առաջ Ռիգին գտնվել էր Աֆղանստանում ամերիկյան ռազմակայաններից մեկում, որտեղ էլ հենց նրան էր հանձնվել կեղծ աֆղանական անձնագիր: Նույն աղբյուրները հաղորդում էին նաև, որ բելուջինցի գրոհայինների ձերբակալված առաջնորդն արդեն իսկ խոստովանական ցուցմունքներ է տալիս: Այս գործողությունն ակնառու դարձրեց այն լայն հնարավորությունները, որ տնօրինում են իրանական հատուկ ծառայությունները: Որ նրանք ի զորու են գործակալներ հավաքագրել անգամ ամերիկյան ռազմակայանների անձնակազմերի շրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում: Բացի դրանից, Ռիգիի հաջող գերեվարումը, ով համարվում էր իրանական շիաների ամենագլխավոր թշնամիներից մեկը, կարող է հանգեցնել հակաիրանական առավել լայնամասշտաբ դավադրության բացահայտմանը: Իսկ դա այդ երկրի իշխանություններին թույլ կտա ամբողջությամբ վնասազերծել ցանկացած դիմակայության դրսևորում` միապետության կողմնակիցների, թե այլախոհերի կողմից: Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդն արդեն ավելի քան 3 տասնամյակ եղել և մնում է Իրանը: Սակայն հենց Իրանի հարցում էլ ԱՄՆ¬ի քաղաքական և ռազմական վերնախավը բաժանվել է իրար գրեթե հավասարակշռող երկու ճամբարների: Նրանցից մեկը երկու ձեռքով կողմ է օր առաջ Իրանի ռազմավարական օբյեկտներին օդային զանգվածային հարվածներ հասցնելու Իսրայելի համառ պահանջներին: Մյուսը` կտրականապես դեմ: Այդ հարցի շուրջ տարաձայնություններն այն աստիճան են սրվել, որ անգամ ոչ անհայտ Զբիգնև Բժեզինսկին (ով իր ողջ գիտակից կյանքում դավանել ու մշտապես իրականացրել և քարոզել է ծայրաստիճան ռազմաշունչ քաղաքականություն) ստպված է եղել բարձրաձայնել, որ եթե իսրայելական ինքնաթիռները օդ բարձրանան իրանական տարածքները ռմբակոծելու համար, ապա ամերիկացիները ստիպված կլինեն երկինք հանել իրենց կործանիչներն Իրաքում, որպեսզի ստիպեն իսրայելցիներին` վերադառնալ իրենց օդանավակայան ներ: Եվ դա բոլորովին էլ արտառոց չի թվա, եթե հաշվի առնենք, որ ցանկացած սթափ դատող քաղաքական գործիչ կամ զինվորական իրեն պարզ հաշիվ է տալիս, որ նման մի պատերազմ գործնականում ակնթարթորեն կվերածվի անկառավարելի մի գործընթացի, իր մեջ ներքաշելով սկզբում տարածաշրջանի երկրների մեծ մասը, իսկ այնուհետև հնարավոր է և ամբողջ աշխարհը: Սակայն այդ ամենի գիտակցումն ամենևին էլ ետ չի պահում նրանց Իրանի շուրջ հրե օղակ կառուցելու շարունակական ջանքերից` միաժամանակ օրեցօր ուժգնացնելով տարբեր տեսակի ճնշումները: Ադրբեջան, Վրաստան, Իրաք, Թուրքիա, Աֆղանստան, Պակիստան, Սաուդյան Արաբիա` ահա այն երկրների ամենևին էլ ոչ վերջնական ցանկը, որոնց տարածքներն ԱՄՆ¬ը ցանկանում է օգտագործել` Իրանի դեմ օդային հարձակումն իրականություն դառնալու դեպքում: Եվ այնտեղ առանձնահատուկ տեղ է հատկացվում Թուրքիային: Վերջինս համառորեն հրաժարվում է համաձայնություն տալ իր տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններից հարվածներ հասցնել Իրանին, քաջ գիտակցելով, որ պատասխան հարվածն իրեն սպասեցնել չի տա: Եվ այս առիթով հարկ է անդրադառնալ մի հանգամանքի. այն ոգևորությունը, որ պատեց մեր հասարակությանը ԱՄՆ¬ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայտնի որոշման կապակցությամբ, 99 %¬ով զուրկ էր իրական հիմքերից: Պարզապես ամերիկացիներն օգտագործում են այդ «մահակը»` Թուրքիայի իշխանություններից գործողությունների ազատության երաշխիքներ ստանալու համար: Միայն այդքանը և ուրիշ ոչինչ: Ինչ վերաբերում է Աբդուլ¬Մալիք Ռիգիին, ապա նա փաստերի ծանրության տակ ստիպված էր խոստովանել ԱՄՆ¬ի Կենտրոնական Հետախուզական Վարչության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Իսրայելի լրտեսական գերատեսչությունների հետ իր ունեցած կապերը: Եվ 2010 թ. հունիսի 30¬ին Իրանի հեղափոխական դատարանը նրան դատապարտեց մահապատժի: Ըստ իրանական ԶԼՄ¬ների տվյալների` դատավճիռն ի կատար է ածվել կախաղանի միջոցով:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ