Նրա կատարումներն ապրում են և ապրեցնում


Հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկի` ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի ստեղծագործական կենսագրութ յունը սկսվել է հեռավոր 1940-ական թվականներին և շարունակվել մինչև 1990-ականների վերջերը` նրան պահելով մեր գեղարվեստական կյանքի կիզակենտրոնում: Օֆելյա Համբարձումյանը ծնվել է Երևանում: Դեռևս աղջնակ` մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին: Ականավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը պատմում էր, որ առաջիններից մեկը ինքն է լսել շնորհալի դպրոցականին և հորդորել է ստանալ երաժշտական կրթություն` մուտք գործել երգի արհեստավարժ բնագավառ: Ապագա երգչուհին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը: Մեր երգարվեստի շատ երախտավորների նման Օֆելյա Համբարձումյանն էլ իր երգացանկը ձևավորեց ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություննե րով` հայացք հառելով նաև կոմպոզիտորական երգին ու մշտապես ձգտելով ամեն մի ստեղծագործության ներարկել սեփական արտահայտչականությունը: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ գրավեցին ուշ միջնադարի նշանավոր սիրերգակ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, որոնք սովորաբար կատարում էին տղամարդ երգիչները: Դրանց կողքին երգչուհին տեղ տվեց Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերին: Տարբեր իրենց դպրոցներով, սկզբունքներով` այս աշուղներից յուրաքանչյուրը պահանջում է հավատարմություն մեղեդուն: Եվ Օֆելյա Համբարձումյանը ցանկացած ստեղծագործություն կատարելիս հետևում էր հատկապես մելիզների արտաբերման եղանակներին, մեղեդու բազմազանությանը: Տաղանդավոր արտիստուհու ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար: Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյայի համար: Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել նրա համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկութ յունների վրա: Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնաց անգերազանցելի: Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը: 20-րդ դարի ազգային երգարվեստում երգչուհիների անունները քիչ չեն. Արաքսյա Գյուլզադյան, Շողիկ Մկրտչյան, Լուսիկ Քոշյան, Վարդուհի Խաչատրյան, Եվգենիա Բասյան, Աստղիկ Քամալյան, Ֆլորա Խորենյան, Վալյա Սամվելյան… Սակայն հենց Արաքսյա Գյուլզադյանն ու Օֆելյա Համբարձումյանը դարձան յուրատեսակ գագաթներ, անմրցելի անհատականություններ, ովքեր հայ կատարողական արվեստը հասցրին նոր բարձունքների: Իր կյանքի ութսուն տարին վաղուց բոլորած մեր ապրող դասականն իր ստեղծագործական կենսագրությունը յուրովի շարունակում է դստեր` Տաթևիկ Հովհաննիսյանի կենսագրության մեջ, նրա հաջողություններով ուրախանում և հրճվում: Փույթ չէ, որ նա մոտ 15 տարի հեռացել է բեմից. նրա կատարումները հնչում են ռադիոյով և հեռուստա տեսությամբ, հասնում աշխարհի չորս ծագեր, ոգեշնչում և ապրեցնում, հեռուներում գտնվող հայերին հայ պահում: Բաժնի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ «Ավանգարդ» թերթի խմբագրությունն իր հազարավոր ընթերցողների անունից շնորհավորում է թերթի լավ բարեկամ և սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանին, երգչուհի Օֆելյա Համբարձումյանին և մաղթում առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ: