1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Երևանյան էլիտարաշինության մայրամուտը բիզնեսի այս տեսակը նախընտրող օլիգարխներին ամենևին հուսահատության չի մատնել: Պարզվում է, որ նրանք հիմա էլ ծրագրեր են մտմտում` պարապուրդի մատնվող շինտեխնիկան մարզեր տեղափոխելու ու էլիտարապատման գործընթացը հանրապետության մյուս քաղաքներում նույնպես նոր թափով վերսկսելու ուղղությամբ: Վերջին տարիներին Երևանում վեր խոյացած նորակառույցների դրական ու բացասական կողմերի մասին, իհարկե, շատ է խոսվել, սակայն ակներև է, որ շինարար-օլիգարխները մյուս քաղաքներում նույնպես առաջնորդվելու են միմիայն իրենց բիզնեսի շահերով: Այսինքն` նպատակահարմարության խնդիրը` սկսած ապագա շենքի տեղի ընտրությունից, սկզբից ևեթ շրջանցվում է: Ընդ որում, պատմությունն ամենուր գրեթե նույնությամբ կրկնվում է. առաջիկայում շինհրապարակի վերածվելիք տարածքները որպես կանոն թե´ քաղաքի տվյալ հատվածի ավանդական ճարտարապետական տեսքն են աղավաղում, թե´ այդ տեղերի բնակչության շահն է ոտնատակ արվում: Չգիտես ինչու, էլիտարաշինարարները մշտապես տվյալ բնակավայրի ամենակենտրոնն են նախընտրում, ու եթե հնարավոր լիներ, ապա Երևանի Հանրապետության հրապարակը նույնպես վաղուց շենքապատած կլինեին: Ենթադրվում է, որ հեռավոր քաղաքներում դիմադրության ալիքն անհամեմատ թույլ կլինի: Ավելին, երևանյան օլիգարխները հեռատեսորեն իրենց նոր բիզնեսում ընդգրկել են նաև տվյալ մարզի ու քաղաքի օլիգարխ-չինովնիկներին: Ուստիև այնպես չի լինելու, որ Երևանից ինչ¬որ մեծահարուստ հյուր գնա Վանաձոր կամ Գյումրի ու տեղում միանձնյա որոշումներ կայացնի: Նրանց նոր գործընկերներն օգտագործելու են մարզպետի կամ քաղաքապետի իրենց կարգավիճակը` հարթելու թե´ մշտապես խոցելի փաստաթղթաշրջանառությունը, թե´ բնակչության հետ լրիվ կանխատեսելի հարաբերությունները: Ավելի ուշ տեղական չինովնիկներն օլիգարխներին կաջակցեն բնակարանների վաճառքի հարցում` իրենց ծառայությունների դիմաց գոնե մի¬մի բնակարան կորզելու հույսով: Սա էլ հենց կդառնա այն համագործակցությունը, ինչը փոխշահավետ է կոչվում: Էլիտարաշինության մարզային բումից առաջ, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ մեր օլիգարխաշինարարների ոգևորությունն այլևս նախկինի հետ չես համեմատի. մարզերում բնակարանները համեմատաբար էժան են: Ուստիև այս իմաստով երևանյան շահույթներն անկրկնելի եղել են ու այդպիսին էլ կմնան: Իսկ որա՞կը...