ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՆՔ


Հայաստանյան հարուստ ընտրական փորձը թույլ է տալիս պնդել, որ մեզանում նախընտրական բոլոր զարգացումները ճշգրտորեն կրկնում են նախորդներին: Ամենատարօրինակը, սակայն այն է, որ այսպես կոչված «բացերը» հայրենի քաղուժերը ոչ մի կերպ չեն ցանկանում շտկել: Ու կասկածից վեր է, որ հերթական ընտրություններից հետո էլ նրանք բազմաթիվ եթերներով ձևակերպումներ են հրամցնելու հանրությանը` համոզված ու նաև համոզելով, թե ինչ¬որ եթե¬ներ են խոչընդոտել իրենց հաջողությանը: Վերհիշենք, օրինակ, թե որքան տարողունակ վեճեր են ծավալվել համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի առավելությունների ու թերությունների շուրջ: Մեծամասնականը մենաշնորհած գործարար պատգամավորների կարծիքն այս հարցում իհարկե միանշանակ է. նրանք չեն էլ ձգտում կուսակցական ցուցանակներին ապավինելու եղանակով մանդատատեր դառնալ, քանզի իրենք բազմիցս են ապացուցել, որ ուզած ընտրատարածքում կարող են ջախջախիչ հաղթանակների հասնել: Այնպես որ` «Ընտրական օրենսգիրքը» վերջիններիս հետ «զգուշորեն» է վարվում. միևնույն է, կան մարդիկ, ովքեր արդեն հինգերորդ անգամ են պատրաստվում ապացուցել, որ մանդատ վերանվաճելն իրենց համար «1x1» է: Քաղուժերի խաղն ավելի բազմաշերտ է ու անհասկանալի: Օրենսդիրից մեծամասնական տեղերն արմատախիլ անելու մասին նրանք միայն ընտրություններից հետո են խոսում, երբ այլևս կռիվն ավարտված է, սրեր ճոճելն` անիմաստ... Ընտրական օրենսգիրքը, որը բոլոր միջընտրական տարիներին է քննարկվում ու բարեփոխվում, սովորաբար զերծ է մնում նման առաջարկներից: Ու ոչինչ չի մնում ենթադրել, քան եզրակացնել, որ մեծամասնական¬համամասնական «դիլեմայի» առաջ հայտնված կուսակցություններին փոթորկում է զուտ թվաբանական հաշվարկը: Այսինքն, քվեարկության արդյունքների հայտնի դառնալուց հետո նրանք հերթական անգամ հասկանում են, որ դարձյալ անհատներին բաժին ընկած ավելի քան չորս տասնյակ մեծամասնական ընտրատարածքներում իրենք տանուլ են տվել: Ու եթե ընտրակարգը միայն համամասնական¬կուսակցական լիներ, ապա ընտրական անհրաժեշտ շեմի հաղթահարումը դյուրին կլիներ, իսկ արդեն ձեռք բերված մանդատների թիվը` մի քանիսով ավելի: Առաջին հայացքից նման հայտարարությունները միանգամայն ազնիվ մղումների արդյունք կարելի է համարել: Սակայն երևույթը նաև ամբոխահաճության դրսևորում է, որն այլևս դժվար է քողարկել: Մեծամասնականով մանդատները գրպանած գործարար-օլիգարխների դեմ իբր անհանդուրժողականության պատրանք է ստեղծվում, սակայն նույն կուսակցություններում բոլորից լավ գիտեն, որ նոր¬նոր ձեռք բերված մանդատը վերջիններիս գրպանում մնալու է ճիշտ այնքան, որքան իրենց պարագայում: Ստացվում է, որ կուսակցությունները կատաղի քննադատության են ենթարկում մի երևույթ, որը նաև իրենց անտարբերության պատճառով է շարունակում մեր իրականության անբաժանելի մասը կազմել: Այս նախաձեռնությունն, ինչպես հայտնի է, հատկապես ընդդիմադիր կուսակցություններն են գլխավորում: Իսկ վերջիններիս համար օլիգարխ-պատգամավորների գոյությունը լավագույն առիթն է` քննադատությունը ճշմարտանման դարձնելու համար: Ու ստացվում է, որ այս հարցում բոլորն անխտիր մեղավոր են, բացի իրենցից: Այսինքն, այն մարդիկ, ովքեր, իրենց բաժին հասած օրենսդիրի կոճակը սեղմելով, կարող են մեկընդմիշտ արգելափակել օլիգարխիայի մուտքը խորհրդարան, մութ սենյակում «կատու» են որոնում: Հետաքրքիր է, որ այս պարզունակ խաղի ավարտ` գալիք ընտրություններից առաջ էլ չի երևում, ու իրադարձությունները դարձյալ խոստանում են զարգանալ այնպես, ինչպես բոլոր նախորդ դեպքերում: