ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ


Հայտնի է, հացթուխները, ովքեր հիմնականում կանայք են, աշխատում են գիշերը: Աշխատում են, որպեսզի լուսաբացին քո սեղանի հացը տաք լինի: Տաք հացը սոսկ սնունդ չէ, իր մեջ խորհուրդ ունի: Ցայգալույսի այն ժամերին, երբ փռերում վարդագունում են բոքոնն ու բուլկին, ու հացթուխ կանայք մի պահ նիրհում-ննջում են, նա բացում է իր աշակերտական տետրը, բանաստեղծություն է գրում, բայց ոչ մեկին ցույց չի տալիս: Ծննդյան 50-ամյակի նախօրեին միայն, գործընկերուհիների հորդորով, հանդգնեց մի փունջ ներկայացնել «Ավանգարդի» ընթերցողներին` որպես տարեդարձի յուրօրինակ ինքնանվեր: Բայց եթե բանաստեղծությունները քեզ դուր գան, ընթերցող, ուրեմն հեղինակն էլ իր հերթին է քեզ նվեր ընծայել: Փոխադարձ նվիրատվությունը նույնպես իր մեջ խորհուրդ ունի:

Գ. Ջ.

ՍՈՖԱ ԱՐԾՐՈՒՆԻ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Երազային իմ աշխարհում

Քե˜զ գտա,

Ինձ մեկնված ծաղիկներում

Հո˜ւյզ գտա:

Քո շուրթերի շշնջոցում`

Տա˜ղ գտա,

Հեզ հայացքիդ բորբ հրայրքում

Ի˜ղձ գտա:

Ես մինչև լույս չքնեցի`

Սե˜ր գտա:

Այգաբացին քեզ ժպտացի`

Ի˜նձ գտա...

ԹԱՄԱՆՅԱՆԻ ԵՐԵՎԱՆԸ

Քաղաքն իմ մեջ, ես նրա մեջ,

Ինձնից խլել չփորձեք:

ՍԱՀՅԱՆԱԿԱՆ

Հոգնել եմ արդեն մարդկանց ստերից,

Հոգի ծվատող բամբասանքներից,

Հոգնել եմ անվերջ զուր մտորելուց`

Տարիների հետ դանդաղ հոսելուց:

Երազներս հանձնեմ ծովերի մովին,

Հույսեր-հույզերս քամու թևերին,

Մի վերջին անգամ

«Հայր մերս» ասեմ,

Բանաստե´ղծ, գամ`

քո լեռներում ննջեմ...

ՀԵՏՄԱՀՈՒ ԿՅԱՆՔ

Արդ ծնվել եմ, որ գրեմ,

Բազում տողեր արարեմ,

Իմ այս տկար գրիչով

Միշտ ձեր կողքին ես լինեմ:

Հավատացե´ք ինձ, մարդիկ,

Ասելիքներ շատ ունեմ,

Աստծո տված մի կյանքը

Լոկ ձեզ համար պիտ ապրեմ:

Ու թե մի օր ինձ թաղեք,

Լաց չլինեք, չափսոսեք,

Անմիջապես տուն դարձեք

Իմ երգերը կարդացեք:

Հավատացե´ք ինձ, մարդիկ,

Ասելիքներ շատ ունեմ,

Աստծո տված մի կյանքը

Հետմահու էլ պիտ ապրեմ:

ՍՈՖԱ ԱՐԾՐՈՒՆԻ