Ընդմիշտ թագադիր չքնա˜ղ Իջևան…

ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔ. ԻՋԵՎԱՆ

Ուղևորության գրառումներ...

Մեր Արուսյակն ես, Աստղիկն

ու Նուարդն ես`

Ընդմիշտ թագադիր չքնա˜ղ Իջևան…

Մեդորա Խաչատրյան

Ասում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման օրոք, այն ծանր ու մութ տարիներին, ՀՀ առաջին նախագահը կիսակատակ-կիսալուրջ Տավուշի մարզի մասին արտահայտվել է այսպես.

- Դա Հայաստանի սահմանից դուրս գտնվող այն հեռավո˜ր մա՞րզն է …:

Երևանից 360 կմ հեռու գտնվող մարզն ու հատկապես մարզկենտրոն Իջևանը, սակայն, անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի:

Իջևանը սովորական հող-բնակավայր չէ, այն Հայաստանի հյուսիսային դարպասն է` Վրաստանի ու Ադրբեջանի սահմաններում:

Մի հետաքրքիր լեգենդ է նաև պտտվում այս բնակավայրի շուրջ…

Անցյալ դարերում Ղարաբաղից ու Վրաստանից եկած հողագործների, խաշնարածների և առևտրականների համար այն եղել է մեծ Քարվանսարա (իջևանատուն)` իր թեյարաններով, հյուրանոցներով, ձիանոցներով ու ֆայտոններով:

Քաղաքի յուրօրինակ խորհրդանիշերից է Իջևանի գինու, կոնյակի գործարանը` Աղստևի ափին:

- Այն հիմնվել է 1951 թ. և շշալից ընդհանրապես չի ունեցել մինչև 1996-ը: Պարզապես ծառայել է իբրև կոնյակի և շամպայնի հումք արտադրող: Մինչև 2008-ը գործարանում նաև կոնյակի արտադրություն չի եղել: 2010 թ. ստեղծվել է թորման արտադրամաս, որը կառուցվել է Արարատ գործարանի հետ համատեղ, և այսօր մեր արտադրությունը դուրս է բերվում Ռուսաստան, ԱՄՆ, Չեխիա, առաջիկայում նաև` կարտահանվի Ուկրաինա:

Գործարանը քաղաքի համար ներ-դրումներ է կատարում` թե´ արտաքին տեսքի բարելավման և թե´ շինարարության նպատակով, ինչին աջակցում է Իջևանի քաղաքապետ` Վարդան Ղալումյանը,- պատմում է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը:

Իջևանի գինու, կոնյակի գործարանի այցելուների ուշադրությունը մեկեն գրավում է դրա հարևանությամբ գտնվող փոքր, միհարկանի, հնաոճ ճերմակաշեն մի կառույց, որի տեղում նախորդ դարերում եղել է իջևանատուն: Այնտեղ հիմա քաղաքի պատմա-երկրագիտական թանգարանն է:

Թանգարանի տնօրեն Պետրոս ԱՖՅԱՆԻ հետ մեր զրույցը բավական ջերմ էր ու անմիջական:

- Վերջին ժամանակաշրջանում ի՞նչ գործունեություն է ծավալվել թանգարանի պատերի ներքո:

- Այս տարվա ամենահիշարժաններից էին մայիսի 16-ին, 18-ին «Թանգարաններ, հիշողություններ, վկաներ» խորագրով միջոցառումները:

Այսպես, «Թանգարանային գիշեր» միջազգային օրը նշանավորվեց թանգարանի ֆոնդում (որն, ի դեպ, ունի շուրջ 1500 ցուցանմուշ) պահպանվող` Հայոց մեծ եղեռնին վերաբերող կոմպոզիցիոն նյութերի ցուցադրությամբ: Այդ ամենը փոխլրացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և արվեստի դպրոցի աշակերտների աշխատանքների ներկայացմամբ: Նաև` «Խորան» հուշահամալիրի մոտ «Ավանդույթ» ՓԲԸ-ի, Իջևանի թիվ N 2 երաժշտական դպրոցի սաների, «Փյունիկ» պարային համույթի աշակերտների ելույթներով: Իջևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ` Լիլիթ Ղալումյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում քաղաքի մշակութային կյանքից: Եվ համոզվում ես, որ իջևանցիների հոգսաշատ առօրյան հագեցած է նաև մշակութային միջոցառումներով: Իսկ դրանք հաճելի ժամանց լինելուց բացի` նաև մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության լավագույն միջոց են:

Եվ, իսկապես, թիվ 1 երաժշտական միջնակարգ դպրոցի (տնօրեն Աիդա Սարգսյան) տարբեր դասարանների սաների, ինչպես նաև երգչախմբի ելույթները վկայում էին ոչ միայն այդ շնորհալի երեխաների կատարողական բարձր ունակությունները, այլև բացահայտում էին նրանց ուսուցիչների ջանասեր աշխատանքը:

Հրապուրվելով Իջևանի հյուսիս-արևմտյան հատվածի սարալանջում գտնվող մի շարք նորաստեղծ, վերանորոգված կառույցներով` այցելուն ակամա կանգ է առնում «Արաբկիր բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» իջևանյան մասնաճյուղի մոտ: Տնօրեն` Գայանե Ղազարյանի հետ զրույցից պարզվեց, որ «Առողջ սկիզբ. Հայաստանում հաշմանդամ երեխաների շահերի պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության, «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Դանիայի Արտաքին գործերի նախարարության (DANIDA) օժանդակությամբ:

Հայտնի է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանում մանկական հաշմանդամության կանխարգելմանը, նրանց առողջական և սոցիալական վիճակի բարելավմանը:

Լուրջ մտորումների առիթ հանդիսացավ նաև հանդիպումը «Կարմիր խաչ» ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Վաչիկ Սարիբեկյանի հետ:

Ի դեպ, ընկերությունը, որը հիմնվել է 1997 թ., սպասարկում է Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներին` բոլոր տարածքային համայնքներով: Դեռևս 1998-ից ակնհայտորեն շատ աշխատանքներ են ծավալվել. գյուղատնտեսական ծրագրեր, մանկապարտեզների վերանորոգման, ինչպես նաև խաղալիքների, սննդի հետ կապված և այլ խնդիրներ:

Այդ տարիներին նաև անտեսված չմնաց ջրակայականի կառուցումը, որը թույլ տվեց 10 հեկտար հողատարածքը դարձնել ոռոգելի:

Հատկանշական է, որ Իջևանում է գտնվում նաև Կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղը (տնօրեն` Ասյա Սարգսյան):

Հարցումները ցույց տվեցին, որ կրթահամալիրը մշակում է մի շարք ուսումնամեթոդական ծրագրեր` մարզի տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նպատակով:

Ինստիտուտը Տավուշում նաև կազմակերպում է սոցիոլոգիական և հոգեբանական հետազոտություններ և վերլուծություններ, մանկավարժական առաջավոր փորձի ուսումնասիրման և ներդրման աշխատանքներ, գիտաժողովներ, դասալսումներ, համակարգչային ուսուցում և այլն:

ղևորության վերջին հանգրվանը

Տավուշի մարզային գրադարանն էր (տնօրեն` Անահիտ Ղուկասյան), որի գրքային ֆոնդը կազմում է 51.474 միավոր, իսկ ընթերցողների թիվը` 4.295:

Գրադարանը կանոնավոր կազմակերպում է հոբելյանական ավանդական միջոցառումներ, հիշարժան տոներ: Այս տարի Տավուշի մարզային գրադարանը հրատարակել է գրքույկ` «Ցեղապանություն 100. վկայում են ցեղասպանության ականատեսները» խորագրով:

Գրադարանի վերջին միջոցառումներից մեկը հատկապես լավագույնս տպավորվել է մասնակիցների շրջանում: Ինքնատիպ այդ հուշ-ցերեկույթը նվիրված էր Իջևանի քաղաքացի, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, գրող, լրագրող, հրապարակախոս` Մեդորա Սրապիոնի Խաչատրյանի հիշատակին:

Իջևանցիներն այդ օրը կրկին հիշեցին իրենց համաքաղաքացուն, հպարտացան և խնկարկեցին նրա հիշատակը: Չէ՞ որ կենդանության օրոք Մեդորա Խաչատրյանն էր միշտ հպարտությամբ շեշտում գողտրիկ Իջևանի ծնունդ լինելը:

Ի դեպ, այդ օրը երջանկահիշատակ հայուհու ընտանիքի անդամները գրադարանին նվիրաբերեցին Մեդորա Խաչատրյանի դիմանկարը, նրա անձնական իրերից: Իսկ Իջևանի քաղաքապետարանի կողմից ներկաներին հանձնվեց հեղինակի «Շողեր» բանաստեղծությունների ժողովածուի քսան օրինակ, որը ոգեղեն մի պատառիկ էր բանաստեղծուհու հարուստ անցյալից:

Նանա ՄԱՐԳԱՐՅԱՆ