ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ


ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում Արցախի անկախության և Հայաստանի անկախության տարեդարձերի առթիվ սեպտեմբերի 12-14-ը, հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական  Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մի մեծ խմբի այցելություն Արցախի զորամասեր:

Այսօրինակ այցելություններ իրականացվում են 2010 թվականից սկսյալ և խիստ կարևոր, դրական ազդեցություն են ունենում Հայաստանի ու Արցախի զորամասերում ծառայող զինվորների հայրենասիրական դաստիարակության գործում:

Հենց առաջին օրը խմբի մասնակիցներին ընդունեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանը : Նա հանգամանորեն ներկայացրեց սահմանային իրավիճակը և պատասխանեց մտավորականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Հաջորդ օրը խմբի անդամները Պաշտպանության բանակի շտաբի բակից մեկնեցին բոլոր զորամասեր և դասախոսություններով հանդես եկան զինվորների առջև:

Նույն օրվա երեկոյան դասախոսական կազմի անդամների համար կազմակերպվեց մշակութային այց Գանձասարի վանական համալիր: Ճանապարհին 1992 թվականի հունիսյան ծանր օրերի մասին պատմեց «Մահապարտների» գումարտակի հետ այսկողմյան ահեղ մարտերի մասնակից Գագիկ Գինոսյանը : Եկեղեցու բակում խմբի անդամներին սիրով ողջունեցին հոգևոր ծառայողները և եկեղեցում պահպանիչ աղոթքի խոսք ուղղեցին առ Աստված:

Գանձասարի ճանապարհին կազմակերպվեց այցելություն Նիկոլ Դումանի հայրենի գյուղի տուն-թանգարան: Շատերի համար այս այցն առաջինն էր և ըմբոշխնեցին հայ ականավոր հեղափոխական գործիչ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեծագույն տեսաբանի և գործնական հեղափոխականի հայրենի տան միջավայրը: Պարզվեց, որ այստեղ է ծնվել ու մեծացել Նիկոլ Դումանի գործընկեր, Խանասորի արշավանքի հրամանատար Վարդան Սարգիս/ Մեհրաբյանը: Զարմանալիորեն երկու հեղափոխականների թանգարան-համալիրը մշտապես այցելուներով ապրող կառույց է: Այդ օրն անմիջական ու ջերմ զրույց ծավալվեց Մարտակերտի գյուղերից մեկի դպրոցականների ու ուսուցիչների և խմբի անդամների միջև:

Այցի կարևոր պահերից մեկը հանդիպումն էր Արցախի նախագահ  Բակո Սահակյանի  հետ` Արաքսի ափին կառուցված Արաքսավան ավանում: Այստեղ նախագահն ընդունեց մշակույթի գործիչներին և համառոտ ներկայացրեց նոր ավանի կառուցման գաղափարը: Արցախի փոխվարչապետ  Արթուր Աղաբեկյանը  հանգամանորեն ներկայացրեց Արաքսավան բնակավայրի առկա վիճակը և տեսլականը, պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին ոչ միայն Արաքսավանին, այլ նաև ու առավել Արցախի ապագային:

Այնուհետև Նախագահը զրուցեց խմբի անդամների հետ: Տիգրան ՊետրոսՅանցը  նրան նվիրեց իր «1100 հայազգի գեներալներ և ծովակալներ» գրքի անգլերեն տարբերակը,  Համլետ Պետրոսյանը ` «Խաչքարեր» գրքի հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները,  Ռուբեն Սահակյանը ` Հայաստանի Առաջին Հանրապետության ոստիկանության մասին գիրքը, նկարիչ  Արմեն Լոռենց Հարությունյանը ` ծաղիկներով կտավ, Ռուբեն Գալաչյանի  նկարազարդումով օրացույցներ` Արցախի գրադարանների համար:

Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի բաժնի վարիչ