ԻՊ-ն էլ մահապատժում է


Իրենց Ալլահ աստծո անունով մարդ են սպանում, բայց վախենում են կախարդներից: Այնքան են վախենում, որ իրենց դաժան օրենքներով նույնիսկ սկսել են կանանց մահապատժի ենթարկել: Այս հոգեբանությունը հասկանալու համար երևի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ պետք է լինել: Բայց ավելի լավ է չհասկանալ և միայն փաստն արձանագրել:

Անցյալ շաբաթ սիրիական Դեյթ-Էզ-Զոր քաղաքում ԻՊ գրոհայինները երկու կին են գլխատել և, իհարկե, նաև նրանց ամուսիններին: Այս մասին տեղեկացրել է Սիրիայում Մարդու իրավունքների վերահսկողական կոմիտեն:

Կանանց մեղադրել են կախարդության մեջ և առանց մեղադրանքը հիմնավորելու` մահապատժի որոշում կայացրել: Արևմտյան լրատվամիջոցները նույնիսկ տարակուսել են, որովհետև նրանց ունեցած տվյալներով` սա առաջին դեպքն է, երբ Սիրիայում գործող ԻՊ գրոհայինները կանանց են գլխատում (տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը): Իրավապաշտպանները հաստատել են, որ, իսկապես, սա նմանատիպ առաջին դեպքն է:

ԻՊ խմբավորումն արգելված է շատ երկրներում. այն հիմա գործում է Սիրիայի և Իրաքի տարածքում: Իսկ երբ որոշի ընդլայնել իր տարածքները, արդյո՞ք այդ արգելքները ահաբեկիչներին ետ կպահեն ուրիշ երկրներում նույնպես մահ ու ավերածություններ սփռել: