Տաջիկստանում կդատեն

ԶԳՈՒՇԱՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՎԱԽԵՆՈՒՄ

Էս հեքիմներն ու գրբացները ոնց որ թե ամենուր են մոլորեցնում մարդկանց: Նրանց բիզենսն էլ դա է` «բախտ ու հաջողություն», «առողջություն» են բաժանում` մեծ փողերի դիմաց: Տաջիկստանում, օրինակ, դրանց գոյությունը սկսել է մտահոգել պետությանը, և երկրի նախագահն արդեն ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին օրենքը: Իսկ այդ փոփոխությունը նախատեսում է քրեական հետապնդում` կախարդության համար (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):

- Համաձայն լրացման` զգալիորեն ուժեղացվում է քրեական պատասխանատվությունը կախարդությունների և հմայությունների համար, որոնք հիմա նախատեսում են ազատազրկում` մինչև 7 տարի,- պարզաբանել է մամլո ծառայությունը:

Մինչ հիմա այդ արարքը, եթե չէր վտանգում մարդկանց առողջությունը, համարվում էր վարչական իրավախախտում և պատժվում էր դրամական տուգանքով: Եվ տարատեսակ հեքիմները մեծ համբավ են վայելում այնտեղ: Վերջերս Տաջիկստանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ երկրում հաշվվում է ավելի քան 5 հազար տարատեսակ «բուժողներ»: Իսկ գուշակների ու վհուկների մոտ ընդունելության են գնում նույնիսկ ազդեցիկ և կրթված մարդիկ: Շատերը բժիշկների փոխարեն նախըտրում են հեքիմներին, որոնց մեծ մասը հոգևոր աստիճան ունեն:

Ինչպես առժամանակ առաջ հայտնի էր դարձել` Տաջիկստանում դատապարտվել էր մի մոլլա, որը «սատանային դուրս քշելու» արարողակարգի ժամանակ սպանել է երիտասարդ տղամարդուն (Vesti.ru):