Հայաստանի դեմ կայացրած վճիռների տարափ է սպասվում


Հայաստանում դատական համակարգի կոռումպացված լինելու մասին կարելի է երկար խոսել, քանի որ Խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած կարծրատիպերը կոտրել դեռևս չի հաջողվում: Թվում էր, թե վիճակը կամաց-կամաց պետք է շտկվեր, երբ Հայաստանին նույնպես հնարավորություն տրվեց «օգտվել» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «ծառայություններից»: Ու եթե տասնամյակ առաջ մարդիկ մի տեսակ թերահավատորեն էին վերաբերվում իրենց իսկ խախտված իրավունքները միջազգային դատարանի կողմից վերականգնելու հնարավորության փաստին, հիմա արդեն այն իրողություն է դարձել: Հայաստանի դեմ կայացրած վճիռների թիվը գնալով աճում է, իսկ խախտված իրավունքի վերականգնումն արտահայտվում է գումարային տեսքով, որը վճարում է կառավարությունը` պետական բյուջեից:

Դատաիրավական համակարգում առկա թերությունների և ինչու չէ նաև ձեռքբերումների մասին է զրույցը ՀՀ Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Հայկ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:

- Հարցս գուցե հռետորական հնչի, բայց դատական համակարգին չի հաջողվում կոռուպցիոն երևույթներից ձերբազատվել և գործունեություն ծավալել միայն օրենքի տառին ու ոգուն համահունչ: Ինչո՞ւ:

- Դատականը միակ համակարգը չէ Հայաստանում, որ կոռումպացված է: Այն հավասար չափով կոռումպացված է` ինչպես օրգանիզմի մնացած մասերը: Իսկ թե ինչու այն հնարավոր չի լինում հաղթահարել` չգիտեմ:

Այնուամենայնիվ, քանի որ դատական համակարգի միջոցով է հնարավոր պաշտպանել սեփական իրավունքները, ուստի չե՞ք կարծում, որ դատաիրավա կան համակարգը կոռուպցիայից ձերբազատումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել մնացած ոլորտներում նույնպես:

- Շատ փիլիսոփայական հարց եք տալիս, բայց ես չգիտեմ, թե, օրինակ, ինչու կոռուպցիա կա կադաստրի համակարգում, կամ ասենք որտե՞ղ չկա: Դա զարհուրելի երևույթ է: Ի տարբերություն Խորհրդային ժամանակների` այսօր բարեբախտաբար ոչ բոլոր դատավորներն են կոռումպացված: Դա ես կարող եմ վստահաբար ասել, բայց այդ երևույթը բավականին մեծ տարածում ունի դատական համակարգում, և այն մարդը, ով կկարողանա դրա պատճառներն ասել, կարծում եմ, որ կկարողանա նաև դրանց լուծման տարբերակներն առաջարկել:

- Ձեր կարծիքով օրենսդրական դաշտը բավարար չէ՞ մարդկանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար:

- Եթե փորձ կատարվի դատարանների կոռուպցիոն դրսևորումների դեմ ուժային մեթոդներով պայքարել, այսինքն հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների միջամտությամբ, դա, իհարկե, կարող է զգալիորեն նվազեցնել կոռուպցիան: Բայց այդ մեխանիզմների կիրառման արդյունքում զուգահեռաբար դատական համակարգը շատ լուրջ կախման մեջ կհայտնվի դատախազությունից, քննչական մարմիններից: Այսինքն, եթե այդ մարմիններին հնարավորություն տրվի, իրավունք վերապահվի և հրահանգվի, որ սկսեն դատավորների վրա նյութեր հավաքել և քրեական գործեր հարուցել, կոռուպցիան արմատախիլ անելու տեսանկյունից գուցեև ճանապարհ լինի, բայց այդ դեպքում մենք կզրկվենք դատական համակարգից` որպես այդպիսին:

Բավական շատ է այն գործերի թիվը, որոնք բողոքարկվել են նաև Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում և շահել դատերը: Դրա հետևանքով կառավարությունը ստիպված է լինում փոխհատուցում տալ հաղթած կողմին: Ստացվում է, որ անհատի կամայականության դիմաց հարկատուն է վճարում. էլ չենք ասում երկրի վարկանիշի մասին:

- Հայաստանի վերաբերյալ գործերի ընթացքը Եվրոպական դատարանում կաթվածահար վիճակում է արդեն երկու տարուց ավելի: Դա շատ նուրբ և ոչ այնքան օրինական աշխատանքի արդյունք է: Այսինքն, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի անձնակազմը քնեցրել է Հայաստանից գնացող գործերը և եթե երկու տարվա ընթացքում կարող էր մոտ 50 դատական որոշում լիներ Հայաստանի դեմ, ապա հիմա ոչ իրավական մեթոդների կիրառման արդյունքում ունենք մի քանի վճիռներ: Այնինչ պետք է ունենայինք դրա քսան-երեսունապատիկը: Այս տարի կամ մյուս տարի սպասեք վճիռների տարափի:

Ո՞ր փուլում են ավելի հաճախ խախտվում մարդու իրավունքները:

- Իմ դիտարկմամբ Եվրոպական դատարան ուղարկված գործերի 90 տոկոսի դեպքում մարդու իրավունքները խախտվում են անձին կալանավորելու ժամանակ, քանի որ այն իրականացվում է Եվրոպական կոնվենցիայի խախտումներով: Օրինակ` Հյուսիսային պողոտայի և ընդհանրապես մարդկանց սեփականությունը որպես հանրային գերակա շահ ճանաչելու հետևանքում մարդկանց պատկանող գույքը խլելը: Հսկայական քանակությամբ ապօրինի քրեական գործերով դատավճիռներ են կայացվում, որոնց ժամանակ ոտնահարվում են մարդկանց իրավունքները:

Որոշ փորձագետներ կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված վճիռների դեպքում գումարային փոխհատուցումը վճիռներ կայացրած դատավորները վճարեն: Դո՞ւք ինչ կարծիքի եք:

- Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պետք է դատավորները վճարեն այդ գումարները, ո՞ր ատյանի դատավորին նկատի ունեն: Առաջին ատյանի դատավորի՞ն, ով կայացրել է այդ վճիռը, Վերաքննիչ դատարանի դատավորների՞ն, ովքեր պարտավոր էին սխալը նկատել և բեկանել այդ վճիռը, թե՞ Վճռաբեկ դատարանի դատավորներին, ովքեր հենց նրա համար են, որ կարողանան ստորադաս դատարանների թույլ տված սխալները նկատել և շտկել: Սա իրատեսական չէ: Ես ընդհանրապես կարծում եմ, որ այդ գումարը չի կարող դատավորներից գանձվել, քանի որ պետությունն է այդ դատավորներին նշանակում, ուրեմն պետությունն էլ պատասխանատու է նրանց գործողութ յունների համար: Բայց, կարծում եմ, որ ինչ-որ մեխանիզմ պետք է լինի, որ նման դատավորները կարգապահական տույժի ենթարկվեն: Իմ կարծիքով, եթե դիտարկենք, թե ո՞ր ատյանի դատավորը պետք է տույժի ենթարկվի, ապա իմ կարծիքով` ամենաբարձր ատյանինը, քանի որ վերադաս դատական ատյանը ստեղծված է հենց այդ կանխավարկածով, որ ստորադաս դատական ատյանը կարող է սխալվել, իսկ վերադաս ատյանը նրա համար է, որ այդ սխալն ուղղի: