ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵՆՔ


Հայաստանում կա 7 միլիարդ 300 միլիոն խմ հոսող ջուր: Այս քանակից տարեկան օգտագործվում է միայն 2 միլիարդ 300 միլիոն խմ, իսկ 5 միլիարդը հոսում է Հայաստանից դուրս:

Հայաստանում ջրային պաշարների պահպանման հարցում իր անգնահատելի տեղն ու դերն ունի Սևանա լիճը: Ուստի Գեղամա գեղեցկուհու հանդեպ կամայական վերաբերմունքը կարող է նույնիսկ սպառնալիք դառնալ մեզ համար, քանի որ այն քաղցրահամ ջրերի պաշարների հիմնական օջախն է:

Սևանա լճի ներկայիս խնդիրների մասին է «Ավանգարդ»-ի զրույցը Սևան ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ հետ:

- Լինելով Սևան ազգային պարկի նախագծի հեղինակը` Դուք բավական մոտիկից ծանոթ եք Սևանի խնդիրներին: Փաստորեն մեզ առայժմ չի հաջողվում բարձրադիր վայրում գտնվող Սևանա լճի միջոցով քաղցրահամ մաքուր ջուր ունենալու հարցը նորմալ կազմակերպել:

- Իհարկե: Մոտ 5-6 մետր Սևանի ջրի մակարդակը բարձրացնելով` հարցը չի լուծվում: Մեզ պետք չի կեղտաջուր ունենալ: Այն 28 գետերը, որոնք թափվում են Սևանա լիճ, մաքուր չեն: Դրանք սկսվում են ակունքից, որտեղ ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակին, բայց անցնելով բնակավայրերով` դառնում են աղբատար:

Եթե կոպիտ չի հնչի` գրեթե կոյուղատար: Այսինքն` դառնում են ոչ պիտանի խմելու համար և թափվում են Սևանա լիճ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում պահպանել այդ գետերը: Այդ ուղղությամբ ոչինչ չի արվում:

- Իսկ Արփա-Սևան ջրատարը չի՞ օգնում արդյոք, որ Սևանի ջրի որակը չփոխվի, քանզի, եթե չեմ սխալվում, այն մասամբ մաքուր է:

- Այն ամենամաքուրն է, որովհետև ոչ մի բնակավայր չի մտնում: Սա պարադոքս չէ, այլ մեր վերաբերմունքը ջրային պաշարների հանդեպ, իսկ մնացած գետերը, որոնք անցնում են մոտավորապես 4-5 բնակավայրերով, որտեղ էլ առանց բացառության ամեն մի բնակավայր իրեն իրավունք է վերապահում իր աղբն ու թափոնները լցնել այդ գետերի մեջ: Սևանի ավազանում չունենալով գետերի մաքրման կայաններ և աղբի վերամշակման գործարաններ` այդ ամենը հավաքվում է Լճաշենում և հետո քամու, անձրևի, ձնհալի միջոցով նորից գալիս և լցվում է Սևանա լիճ: Սա է հիմնական խնդիրը:

- Այսինքն` Սևանը վերածվել է մի մեծ աղբանոցի՞:

- Աղբանոցի և մի մեծ փորձարարական կենտրոնի, որտեղ արհեստական ձկնային տնտեսություններ են կառուցում` հրաժարվելով բնական ձկնային շտեմարաններ հանդիսացող գետերի ձկներից: Արարատյան դաշտում ունենք ձկնային տնտեսություն, որտեղ արդյունաբերական նպատակներով ձկնատեսակներ են աճեցվում` Սևանի ջուրն ու արտեզյան ջրերն օգտագործելով: Պարզ ասեմ` թարս ենք աշխատում:

- Ո՞րն է ելքը, ի՞նչ հրատապ քայլեր պետք է ձեռնարկել` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

- Ես հույս ունեի, որ նոր Սահմանադրության մեջ Սևանի մասին առանձին կետ կլիներ, բայց ցավոք` չկա: Մեր պապերը վիշապներ են սարքել ջրի համար, ջուրը սրբացրել են, ամբողջ աշխարհն է հասկացել, որ ջուրը կյանք է: Ջուրն առանց մարդու կարող է, բայց մարդն առանց ջրի չի կարող: Մեզ մնում է գոնե մեր մասին մտածենք ու այդ ջուրը վերականգնենք: Դրա համար շատ բան պետք չէ, այլ ընդամենը կամք է անհրաժեշտ, օրենքները պահպանել է անհրաժեշտ և հետևողականություն, որ կարողանանք մաքուր պահել մեր Սևանը:

- Ասում եք կամք է անհրաժեշտ, բայց, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդ կամքը բացակայում: Գուցե կառավարությունում հարցի հրատապության մասին պարզապես տեղյակ չե՞ն:

- Մի կողմից «Սևանի մասին» օրենք կա, մյուս կողմից այդ օրենքներն անընդհատ խախտվում են: Օրինակ, Սևանի ավազանում արգելված է փոքր ՀԷԿ-երի կառուցումը, բայց մի շարք գետեր արդեն մտցված են խողովակների մեջ, և դրա հետևանքով էլ էկոլոգիան է խախտվում: Բացի այդ, չի պահպանվում գետերի մաքրությունը: Համայնքները, կառավարությունը, բնակչությունը պետք է շահագրգռված լինեն մաքուր պահել մեր գետերը, բայց ոչ մեկին դա պետք չէ: Խնդիրները ջրի նման ինքնահոսով գնում են: Սևան ազգային պարկն իր իմաստը կորցրել է, որովհետև ամբողջ տարածքը բաժանված է անհատների միջև: Չնայած ասում են վարձակալությամբ է հանձնված, բայց մենք գիտենք, որ դա հավերժ սեփականություն է, ինչը «Սևան ազգային պարկի մասին» օրենքի կոպիտ խախտում է: Ընդհանրապես, աշխարհում չկա նման մեկ այլ օրինակ, որ ազգային տարածքը սեփական լինի, բայց ամենամեծ խնդիրը ջուրն է: Եթե ջուրը լինի, ամեն ինչ էլ կլինի: Եթե ջրին մենք վերաբերվենք որպես սրբության և կենսագործունեության հիմնական գործոնի, ամեն ինչ կվերադառնա իր տեղը, բայց, ցավոք, հիմա դա չկա:

- Ինչո՞ւ:

- Որովհետև Սևանին մենք առայժմ վերաբերում ենք որպես բիզնես ծրագրի, ինչն անթույլատրելի է: Մինչդեռ գտնվելով ամենաբարձր նիշի վրա, Սևանը հանդիսանում է Հայաստանի ողջ ջրային բալանսը կարգավորողը:

- Բնապահպանության նախարարությունում չգիտե՞ն այդ մասին:

- Մարդիկ այդ ամենը գիտեն: Գիտեն այն գիտնականները, ակադեմիկոսները, ովքեր պարզապես դուրս եկան Սևանի հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմից, որովհետև համաձայն չէին տարվող քաղաքականության հետ: Դա փաստ է: Պարզապես կամք է հարկավոր: Մեկը պետք է ձեռքը խփի սեղանին ու ամեն ինչ փոխի: Այսօրվա ղեկավարությունը պարզապես մոռացել է 1978 թվականը, երբ կանաչ ջրիմուռներն ուղղակի խեղդել էին Սևանը, երբ Սևանը նույնիսկ գույնն էր փոխել: Այդ տարիներին Գավառում մի դեպք պատահեց, երբ կենդանիները ջրի պատճառով անկել էին: Այդ ժամանակ Սևանում այնպիսի վիճակ էր, որ մոտորանավակով չէինք կարողանում շարժվել, քանի որ ջրիմուռները փաթաթվում էին նավակի շարժիչին: Հիմա ինչ է, ուզում են դա նորից կրկնվի՞: Այն ժամանակ Սևանը փրկվեց Արփա-Սևանի և եղանակի բարենպաստ լինելու շնորհիվ: Աստված մեզ մեկ անգամ դրեց այդ փորձության առաջ, ու հետո Սևանը փրկվեց, բայց ժամանակավոր: Հիմա էլ, շատ հնարավոր է, որ այդ երևույթը նորից կրկնվի:

- Ամփոփելով զրույցը` ասվածին ի՞նչ կհավելեք:

- Ես ուզում եմ տագնապ բարձրացնել, որ եթե չլինի Սևանը, չի լինի Հայաստանը: Սևանը պետք է լինի մաքուր: Ես համոզված եմ, որ կգա նոր սերունդ, որը կկարողանա Սևանին վերադարձնել իր պատմական ժամանակաշրջանի առաքելությունը: Ուրիշ ելք չկա: