Հազարամյակի հարուստները


 

Ոմանք հարստություն են դիզում, ոմանք յուրացնում կամ մսխում են այլոց դիզածը, ոմանք էլ հաշվում են ուրիշների ունեցվածքը: Բարեբախտաբար մերը չորրորդ տարբերակն է` ներկայացնել հաշվարկողների հաշվարկը, որն այս դեպքում նաև պատմական փաստ է:

Այսպիսով, նախորդ հազարամյակում աշխարհիս ամենահարուստ մարդը եղել է աֆրիկացի Մուսա I-ը: Անունն, իհարկե, կապ չունի քնարական ներշնչանքի հետ, բայց XIV դարի այս տիրակալը յուրահատուկ դյութանք է ունեցել հարստության նկատմամբ և իր դիզած անբավ հարստությամբ (դոլարային համարժեքով` 400 միլիարդ) այսօր առաջին տեղում է: Վարկանիշային այս ցանկի առաջին եռյակում են Ռոտշիլդների դինաստիան (350 մլդ դոլար) և Ջոն Ռոկֆելլերը (350 միլիարդ):

Ցանկում ընդգրկված 25 մեծաքսակավորների ընդհանուր ունեցվածքը հաշվարկվել է 4,32 տրիլիոն դոլար:

Մուսա I-ն ավելի քան 20 տարի կառավարել է միջնադարում Մալի պետությունը, որն այդ ընթացքում զարգացման բարձունքների է հասել: Ժառանգները, սակայն, չեն կարողացել պահպանել նրա կուտակածը:

Ռոտշիլդների Տան հիմնադիր Մայեր Ամշել Ռոտշիլդը XVIII դարում բանկ է բացել Ֆրանկֆուրտ-Մայնում, և նրա 5 որդիները հաջողությամբ շարունակել են հոր գործը:

Դոլարային առաջին միլիարդատեր Ջոն Դևիսոն Ռոկֆելլերի հիմնած StΖndΖrd Oil ընկերությունն (1870 թ.) առաջատարն էր ամերիկյան նավթաշուկայում: Նա ճանաչված է նաև իր բարեգործական ծրագրերով:

Մեծահարուստների առաջին տասնյակում են նաև շոտլանդական ծագմամբ ամերիկացի արդյունաբերող Էնդրյու Քարնեգին (340 մլրդ), ռուսական ցար Նիկոլայ 2-րդը (300 մլրդ), Օսման Ալի Խան Ասաֆ Ջախ VII-ը (236 մլրդ), ում ավտոպարկում ավելի քան 50 Rolls Royce մակնիշի ավտոմեքենա է եղել:

Վարկանիշային ցանկի 7-րդ հորիզոնականում 1066 թվականից Նորմանդիայի հերցոգ և Անգլիայի թագավոր Վիլհելմ I Աշխարհակալն է. 1087-ին կնքելով մահկանացուն, նա որդիներին էր ժառանգել 229,5 մլրդ դոլարին համարժեք գումար:

Նրան հաջորդում է լիբիացի նախկին առաջնորդ Ջամահիրի Մուամար Քադաֆին: 200 միլիարդ դոլար անձնական ունեցվածքից բացի նա շուրջ 70 միլիարդ էլ սառեցված գումար ուներ արտասահմանյան բանկերում: Հավելումն` անշարժ գույքը, սեփական A 340 աերոբուսը (2003 թ. գնված սաուդյան թագաժառանգից` 120 միլիոն դոլարով):

Ford Motor ընկերության հիմնադիր Հենրի Ֆորդն 9-րդ տեղում է. 1947 թ.` մահից առաջ, նրա ունեցվածքը կազմում էր 199 միլիարդ:

Տասնյակը սահմանափակում է նավատեր Կոռնելիուս Վանդերբիլդը (185 մլրդ):

Մնացյալ 15 բազմամիլիարդատերերից «ամենաաղքատը» Ուորեն Բաֆետն է (64 միլիարդ)` 25-րդ հորիզոնականում, իսկ ամենահարուստը` Ալան Ռուֆուսը (178,7 մլրդ` 11-րդ հորիզոնական):