Մոռացված  ժամացույցի ահազանգը


 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Բեմում ամեն ինչ այնպես է, ինչպես նախորդ դրվագում էր: Չկա միայն դեսպանը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Սիրտս տխուր է. արդեն քանի օր է` չի գալիս, չի երևում:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ինչպես երևում է, խորն է վիրավորված:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Բոլորին) Դե գործե´ք, արե´ք մի բան...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Առանց նրա ներկայության` ես ոչինչ անել չեմ կարող: Անզոր եմ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Ես էլ: Երբ նայող չկա, պիտանի չեմ: (Իշխանուհին նայում է Կախարդանքին: Սա նույնպես գլուխը ամոթահար կախում է):

ԿԱԽԱՐԴԱՆՔ - Ինձ պետք է, որ թեկուզ մեկ րոպե, մեկ վայրկյան նրան հանդիպեմ, այլապես...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Հուսալքված) Ես ի՞նչ անեմ հիմա:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Գուցե բոլորս միասին...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ի՞նչ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Նրա մոտ գնանք: (Տիրում է լռություն: Բոլորը մտածում են):

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Անկեղծ ասած` ես համաձայն եմ: Ախր, առանց նրա` իմ գոյությունը անիմաստ է, ինքնանպատակ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Իսկ ես լրիվ ավելորդ եմ:

ԿԱԽԱՐԴԱՆՔ - Իմ ձեռք ու ոտքը կարծես կապված լինեն, շղթայված... Այ, եթե հնարավորություն լինի նրան հանդիպելու...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Գոռոզությանը) Դո´ւ խոսիր: Ի՞նչ կասես:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ես դեմ եմ: Ես չեմ գա:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Իսկ եթե այս անգամ էլ առանց քեզ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Դուք գիտեք: Բայց ես վախենում եմ, որ առանց ինձ` դուք ձեզ այնպես պահեք, որ հետո ողջ կյանքում զղջաք:

ԿԱԽԱՐԴԱՆՔ - Իսկ գուցե դեռ չշտապենք: Ոչ թե նրա մոտ գնանք, այլ սպասենք հարմար պահի, հանդիպելու հարմար առիթի…

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Հոգոց հանելով) Սպասենք:

Գնում են: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Բեմը մթնում ու լուսավորվում է:

Գալիս են Արեգը և Սիրակը:

ՍԻՐԱԿ - Դու միշտ տխուր ես, Ասպետ, ինքնամփոփ, մենակ:

ԱՍՊԵՏ - Առանձնություն է սիրտս միշտ փնտրում:

ՍԻՐԱԿ - Որ մենակ մնա Իշխանուհու հե՞տ:

ԱՍՊԵՏ - Որ մենակ մնա ինքն իր վշտի հետ: Թախծի, երազի և… ցավից ոռնա:

ՍԻՐԱԿ - Խռովված է հոգիդ:

ԱՍՊԵՏ - Խենթացած է հոգիս: Ցնորվա´ծ: Գժվա´ծ: Գիտե՞ս, ինչ-որ անսովոր կատաղություն է երբեմն ինձ պատում: Վիրավոր սիրտս պատեպատ խփվում, գազանի նման ճաղերն է կրծում:

ՍԻՐԱԿ - Սերը միշտ այդպես անգութ է զարկում:

ԱՍՊԵՏ - Ո´չ միայն զարկում... Շանթահարում է: Բայց հիմա միայն, միայն սիրուց չէ, որ ես այրվում եմ:

ՍԻՐԱԿ - Է՞լ ինչից, ասպետ:

ԱՍՊԵՏ - Անզորությունի´ց, Սիրակ, անզորությունի´ց... Երանի նրան, ով տեսնում է իր հակառակորդին: Ով, սուր վերցրած` կարող է նրան մարտակոչ նետել: Ով մոլեգնությամբ կարող է մահու կռվի մեջ մտնել... Ջարդել, կործանել, այրել, մոխրացնել... Երանի նրան, ով ելք է տեսնում:

ՍԻՐԱԿ - Մի՞թե այլևս ելք չկա հիմա:

ԱՍՊԵՏ - Եթե տեսնեիր` արհամարհանքով նա ինչպես նայե˜ց...

ՍԻՐԱԿ - Ե՞րբ, որտե՞ղ, իշխան:

ԱՍՊԵՏ - Ճանապարհին: Այսօր: Գոռոզ հպարտությամբ կողքովս անցավ...

ՍԻՐԱԿ - (Փորձելով կատակել) Եվ այս անգամ էլ արհամարհանքի նետո՞վ նա խոցեց:

ԱՍՊԵՏ - Արհամարհանքի նիզակո´վ, Սիրակ... Եվ հիմա սիրտս ոռնում է անզոր: Վիրավորված է իմ սիրտը այնպե˜ս... Ես կարծես լինեմ նվաստ մի ստրուկ...

ՍԻՐԱԿ - Ուշքի´ եկ, ասպետ: Հիշիր, թե ով ես:

ԱՍՊԵՏ - Հիշում եմ, Սիրակ: Հիշում եմ, սակայն... Եթե իմանաս… Եթե իմանաս` ես ոնց եմ... սիրո˜ւմ… Երբեմն ուզում եմ ծնրադիր գնալ ու սեր աղերսել: Թող իմը լինի թեկուզ և մեկ օր, թեկուզ և մեկ ժամ, թեկուզ մեկ... վայրկյան:

ՍԻՐԱԿ - Սթափվի´ր, ասպետ: Մի´ թող, որ հույզը առաջնորդի քեզ:

ԱՍՊԵՏ - Երբեմն էլ այնպե˜ս, այնպե˜ս եմ ուզում, որ մի հրաշքով ախոյան դառնա: Ես հենց նույն օրը պատերազմի փող կհնչեցնեմ: Մարտի կնետվեմ գազանի նման...

ՍԻՐԱԿ - Նրան բռնությամբ տիրելու համա՞ր...

ԱՍՊԵՏ - Ո´չ, բնա´վ, Սիրակ: Որ ծնկի բերեմ նրա այդ համառ Գոռոզությանը:

ՍԻՐԱԿ - Ինձ թվում է, որ դու քեզ այլևս չես տիրապետում: Անսա´ խորհուրդը բանականության:

ԱՍՊԵՏ - Իմ սրտում հիմա գոռ փոթորիկ է: Խառնված են իրար սեր, արհամարհանք, խանդ, նվաստություն ու... կատաղություն:

ՍԻՐԱԿ - Եվ դա` մերժվելո՞ւց:

ԱՍՊԵՏ - Անզորությունի´ց, Սիրակ, անզորությունի´ց...

Գնում են: Քիչ հետո գալիս են Իշխանուհին, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքը և Կախարդանքը:

ԿԱԽԱՐԴԱՆՔ - (Իշխանուհուն) Հը՞, տիրուհի, գո՞հ ես հիմա:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Թող հասկանա, որ չեմ թողնի ինձ հետ խոսել նման տոնով:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Լավ, բայց այսպես որքա՞ն պիտի մենք դեռ կռվենք:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Մինչև որ մենք մեզ լիովին, ամբողջովին զգանք բավարարված:

(Լսվում է մարտափողի ձայն, և անմիջապես հևասպառ ու վախեցած ներս է գալիս սպասուհին):

ՆԱՆԵ - Տիրուհի´, տիրուհի´...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ի՞նչ պատահեց: Խոսի´ր:

ՆԱՆԵ - Մեզ մարտի են կոչում, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Զարմացած) Ովքե՞ր:

ՆԱՆԵ - Չգիտեմ:

ԿԱԽԱՐԴԱՆՔ - (Նանեին) Զինվորները շա՞տ են:

ՆԱՆԵ - Մի ամբողջ անտառ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Հուզված) Ո՞վ կսպասեր: Հիմա ի՞նչ անենք: (Հևասպառ ներս է գալիս Սենը): Այս ի՞նչ անակնկալ է, Սեն:

ՍԵՆ - Անհավատալի է, տիրուհի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ո՞վ է մարտակոչ նետել:

ՍԵՆ - Նա... Նա, օրիորդ, Արեգը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Ապշած) Արե՞գը: Դու չե՞ս սխալվում:

ՍԵՆ - Ո´չ, տիրուհի: Ինձ ասացին, որ անձամբ է առաջնորդում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Իսկ ի՞նչ է ուզածը:

ՍԵՆ - Կարծում եմ` քեզ գերել:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ո՞վ կսպասեր, Տեր Աստված: Դա խայտառակություն կլինի, անպատվություն:

ՆԱՆԵ - Ախր ասում էի, որ սիրո հետ խաղ չեն անի:

ԿԱԽԱՐԴԱՆՔ - Երևալով` չափն անցել ենք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ի՞նչ անենք հիմա:

Տիրում է լռություն: Բեմը մթնում է: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»: Լույսերը վառվում են: Գալիս են Արեգը և Սիրակը:

ՍԻՐԱԿ - Արդեն հինգերորդ օրն է:

ԱՍՊԵՏ - Հինգերորդը և վերջինը: Այսօր իսկ կընկնեն բոլոր դռները:

ՍԻՐԱԿ - Ես զարմացած եմ, իշխան: Այսպիսի կատաղի պայքար տեսնում եմ առաջին անգամ:

ԱՍՊԵՏ - Ինչո՞ւ նա չի ուզում հանձնվել, Սիրակ:

ՍԻՐԱԿ - Որովհետև նա էլ ունի իր հպարտությունը:

ԱՍՊԵՏ - Կկոտրե´մ ես այդ հպարտությունը, ծնկի´ կբերեմ:

ՍԻՐԱԿ - Մթագնել է քո գիտակցությունը: Ուշքի´ եկ, իշխա´ն: Տես` ինչ ես անում:

ԱՍՊԵՏ - Վճռված է արդեն: (Արագ հեռանում է: Սիրակը հետևում է նրան):

Լսվում է կոտրվող դարպասների ճռինչ, զինվորների աղմուկ, սրերի զնգոց...

Քիչ անց գալիս են Իշխանուհին, Նանեն և Գոռոզությունը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ո՞ւմ մտքով կանցներ, թե բանն այսպիսի ընթացք կունենա:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - (Ընկճված, հուսահատ) Ես կոտրված եմ արդեն, տապալված: (Դանդաղ հեռանում է):

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Երանի թե նա իր դաշույնը իմ սրտի մեջ խրեր: Թող ոտնատակ տար: Կախեր պարսպից: Հավատա, որ ես այսպես անարգված ու նվաստացած չէի զգա ինձ:

ՆԱՆԵ - Հասկանում եմ քեզ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Դու տեսա՞ր, թե ինչ հայացքով նայեց: Պատկերացնո՞ւմ ես. հինգ օրվա դաժան մարտերից հետո նա եկավ, կանգնեց իմ դռան առաջ և... ոչինչ չասաց: Բանակը առավ և լուռ հեռացավ: Ինչի՞ համար էր կռիվը, Նանե:

ՆԱՆԵ - Քե´զ համար, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Բայց նա հետ դարձավ: (Հասկանալով, որ կատարվել է էլ ավելի վատ բան, քան ինքը մինչև հիմա կարծել է): Նա երե՞ս թեքեց ինձանից, Նանե: Նա ինձ... չի՞ ուզում: Չի՞ ցանկանում ինձ... Օ˜, անիծյալ կյանք: Կխելագարվեմ ես հիմա, Նանե: Ես ինձ կսպանեմ: (Տիրում է կարճատև լռություն) : Ո´չ, չեմ հանդուրժի: Կատարվածը այս ես չե´մ հանդուրժի...

ՆԱՆԵ - Մխիթարվիր դու նրանով, օրիորդ, որ այս ամենով նա ընդամենը քեզ պատասխանեց:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Այլ բան է հիմա ինձ տանջում, Նանե: Ախր նա թողեց... Թողեց հեռացավ: Ինձ լքե´ց, Նանե: Ինձնից հեռացավ...

ՆԱՆԵ - Բայց կարող էր և շատ ավելի վատ ավարտ ունենալ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ավելի դաժան ավարտ չի´ լինում:

ՆԱՆԵ - Եղածը արդեն եղած է, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Զգացվում է, որ գլխում ինչ-որ միտք է ծագել): Եղած է, այո´, բայց ոչ ավարտված...

Լույսերը մարում են: Մթության մեջ հնչում է երաժշտություն:

Քիչ անց լուսավորվում է:

Սիրակը արթնացնում է քնած ասպետին:

ՍԻՐԱԿ - Արթնացի´ր, արթնացի´ր, ասպետ. ժամ չէ քնելու:

ԱՍՊԵՏ - (Քնաթաթախ) Ինչո՞ւ այսպես վաղ:

ՍԻՐԱԿ - Մահ տարաժամն է դռանը ծնկած:

ԱՍՊԵՏ - (Սթափվելով) Ի՞նչ է պատահել:

ՍԻՐԱԿ - Շուրջկալի մեջ ենք բոլորս ընկել:

ԱՍՊԵՏ - (Զարմացած) Ի՞նչ:

ՍԻՐԱԿ - Գիշերս գաղտուկ և անակնկալ պաշարման մեջ են ամրոցը առել:

ԱՍՊԵՏ - Դու լո՞ւրջ ես ասում:

ՍԻՐԱԿ - Կատակը արդեն գերեվարված է:

ԱՍՊԵՏ - Ո՞վ է պաշարել:

ՍԻՐԱԿ - Իշխանուհին, ասպետ:

ԱՍՊԵՏ - (Ապշած) Իշխանուհի՞ն: Մարի՞ն: Չի կարող պատահել:

ՍԻՐԱԿ - Արդեն պատահել է:

ԱՍՊԵՏ - Երազ չե՞մ տեսնում: Մի՞թե լսածս իրողություն է:

ՍԻՐԱԿ - Ավելի ճիշտ բան չեմ կարող ասել:

ԱՍՊԵՏ - Սակայն որտեղի՞ց նրան այդքան զորք:

ՍԻՐԱԿ - Դրոշակներից հասկանում եմ, որ օգնող է եղել:

ԱՍՊԵՏ - Ա´յ քեզ պատուհա˜ս:

ՍԻՐԱԿ - Նա ուղարկել է նաև դեսպանին:

ԱՍՊԵՏ - (Վեր է կենում և սկսում հագնվել): Կանչի´ր, թող ներս գա: (Սիրակը գնում է և քիչ անց վերադառնում Սենի հետ):

ԴԵՍՊԱՆ - (Խոնարհվելով) Մեծ իշխանուհին իր ողջույններն է հղել ասպետին:

ԱՍՊԵՏ - Բայց արժե՞ր արդյոք այդքան հասարակ ողջույնի համար բերել այսքան զորք:

ԴԵՍՊԱՆ - Իշխան, զորքերը բարեկամություն ու սեր են բերել:

ԱՍՊԵՏ - Սրերի ծայրի՞ն:

ԴԵՍՊԱՆ - Ո´չ, ասպետ. իրենց սրտերի խորքերում:

ԱՍՊԵՏ - Պարզաբանի´ր միտքդ:

ԴԵՍՊԱՆ - Իշխանուհին, ասպետ, բնավ էլ կռվի մտադրությամբ չի եկել այստեղ:

ԱՍՊԵՏ - Ինչի՞ համար են հապա զորքերը:

ԴԵՍՊԱՆ - Սա պատասխանն է քո մարտակոչի: Ապացույցն է, որ ինքը պարտված չէ...

ԱՍՊԵՏ - Հանելուկ է ինչ-որ:

ԴԵՍՊԱՆ - Իշխանուհին, ասպետ, առաջարկում է շուտ մոռանալ այն, ինչ որ եղել է: Նա ընդունում է քո առաջարկը:

ԱՍՊԵՏ - Ո՞ր առաջարկը:

ԴԵՍՊԱՆ - Իհարկե` սիրո:

ԱՍՊԵՏ - (Զարմացած) Ինձ խելագարի տե՞ղ է նա դրել, թե ձեռք է առնում:

ԴԵՍՊԱՆ - Ո´չ մեկը և ո´չ մյուսը, իշխան: